«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2009-12-24 | #237, 2009-12-25 | #238, 2009-12-26


ՆՈՐ ՏԱՐԻՆ` ԱՌԱՆՑ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

Նոր տարվա օրերին կտրուկ ավելանում են ալկոհոլային թունավորումները:

Անցյալ տարի այդ օրերին միայն «Արմենիա» բժշկական կենտրոնն ունեցել է ալկոհոլային թունավորման 7 դեպք:

«Կան մարդիկ էլ, ովքեր ալկոհոլը չարաշահում են Նոր տարվա օրերին, բայց հետեւանքները հետո են ի հայտ գալիս: Ես խորհուրդ եմ տալիս Նոր տարվա օրերին ընդհանրապես չխմել, բայց խմելուց էլ գոնե չափավոր խմել: Որեւէ հիվանդություն ունեցողի հակացուցված է խմելը, հատկապես սրտային, ճնշման եւ լյարդի խնդիրներ ունեցողներին», ասում է «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկ-թունաբան Միքայել Գաբրիելյանը :

Հատկապես այսօրվա հայաստանյան շուկայում ոչ մի երաշխիք չկա, որ մարդը չի թունավորվի ե՛ւ 10-15 հազար դրամանոց ռուսական, ե՛ւ 650 դրամանոց տեղական օղիներից: Կեղծված եւ անորակ խմիչքից եղել են նույնիսկ մահվան դեպքեր, բայց թունավորման հիմնական պատճառը չարաշահումն է:

«Չի կարելի խմել քաղցած ժամանակ` լրիվ դատարկ ստամոքսով, քանի որ այդ ժամանակ ալկոհոլն ավելի շուտ է ազդում, անգամ ամենաքիչ քանակությունը կարող է բերել թունավորման, եւ պետք չէ խառնել խմիչքների տեսակները, բայց դե մեկ է, ինչքան էլ զգուշացնեմ, էլի գնելու են, էլի խմելու են ու, ցավոք, էլի թունավորվելու են», ասաց Միքայել Գաբրիելյանը:

Ալկոհոլն ունի միզամուղ ազդեցություն: Սրա քիչ քանակությունը նույնիսկ համարվում է դեղամիջոց` որպես անոթալայնիչ, բայց շատը` լյարդի թույն: Անմիջականորեն ազդում է նաեւ ուղեղի վրա` ենթագիտակցության, ու մարդը սկսում է անել գիտակցության կողմից չկառավարվող արարքներ, եւ ամենակարեւորը` բացվում է լեզուն: Հարբեցողների վրա ալկոհոլն ավելի արագ է ազդում, քան ոչ հարբեցողների:

«Թունավորման նախանշանները տարբեր են լինում, դա խիստ սուբյեկտիվ է, բայց սրա ժամանակ անգամ կարող է լինել գիտակցության կորուստ», ասում է բժիշկ-թունաբանը:

Ըստ նրա` ընդհանրապես խմել չի կարելի տարեցներին ու մինչեւ 20 տարեկաններին, քանի որ վերջիններս համարվում են աճող օրգանիզմ:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4