«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2009-12-24 | #237, 2009-12-25 | #238, 2009-12-26


ԻՄ ՍԵՂԱՆԻՆ ԲՈՒԴ Է, ՔՈ ՍԵՂԱՆԻՆ ԲՈՒԴ Է, ՆՐԱ ՍԵՂԱՆԻՆ...

Մի քանի սերունդ հայ եւ ընդհանրապես սովետական հասարակության համար ամանորյա մթնոլորտն ասոցացվում էր «Բաղնիքդ անուշ» հայտնի ֆիլմի հետ: Երբ շարքային սովետական քաղաքացին հայտնվում է շարքային սովետական քաղաքացուհու բնակարանում ու... իրականանում է Նոր տարվա կարեւորագույն խորհուրդը` սերը:

Այս ֆիլմը դիտելիս դժվար թե հայ տնային տնտեսուհիները ուշադրություն դարձրած լինեն ֆիլմի հերուսուհու ամանորյա սեղանին, չէ՞ որ դա չէ կարեւորը, իսկ կարեւորը, համենայն դեպս Ամանորի համար, ֆիլմում ակնհայտ երեւում է: Ֆիլմըՙ ֆիլմ, սակայն իրականությունն այն է, որ հայկական Ամանորի խառնաշփոթը հիշեցնում է որեւէ սպորտային կամ, ավելի շուտ, հոգեբանական մրցույթ. բոլորս ուզում ենք ամենաճոխ ու ինքնատիպ սեղանն ունենալ այդ օրը` եզակի ուտեստներով ու խմիչքներով, բայց ստացվում է այնպես, որ բոլորս էլ նույնպիսի սեղան ենք ունենում ու տնից տուն այցելելովՙ մեր տանտիկինները համոզվում են, որ այն, ինչի պատրաստման համար մի քանի գիշեր չեն քնել, հանկարծ «հայտնվել» է Նունիկի, Վարդուշի, Սիրուշի կամ Կարինեի տանը:

Ի դեպ, տնետուն գնալու սովորության մասին: Վաղուց ընդունված, համաձայնեքՙ տարօրինակ սովորություն է, երբ, օրինակ, հարեւան Վազգենը գնում է հարեւան Գագիկի Նոր տարին շնորհավորելու, ապա դրանից, բառիս բուն իմաստով, 20 րոպե անց հարեւան Գագիկն է գնում Վազգենի տուն. «Ո՞նց կլինի. նա ինձ հարգել, իմ տուն է եկել»: Նկատած կլինեք նաեւ, որ, քանի որ խանութները Նոր տարվա օրերին բավական վատ են աշխատում (նրանք էլ հայ են, նրանք էլ տուն ունեն), ապա յուրաքանչյուր հայի տանը կան «հերթապահ», կամ «շրջիկ» նվերներ` շամպայն, օղի, «բամբաներկա», որոնք գնվում են հենց նվիրելու նպատակով, եւ ում տուն էլ, որ տարվում են, այնտեղ էլ չեն մնում` վերջիններս էլ նվիրում են իրենց ծանոթին եւ այդպես շարունակ:

Ամանորյա հայկական առեւտուրն առհասարակ ինքնատիպ երեւույթ է: Կոնկրետ մայրաքաղաքի բոլոր մեծ ու փոքր խանութներում կարելի է տեսել հռչակավոր ֆիրմաների «արտադրանք»` բավական էժան գներով: Օրինակ, եթե ֆրանսիացուն ասեք, որ կոնյակը կարող է ավելի էժան լինել, քան օղին, նա կամ կծիծաղի, կամ կմտածի, որ կոնյակը խառնում եք ինչ-որ այլ խմիչքի հետ: Մինչդեռ երեւանյան բազմաթիվ խանութներում կարելի է տեսնել այս զավեշտը: Մնում է միայն պարզել, արդյոք կոնյակն այդ շշերի մեջ իրո՞ք կոնյակ է: «Այս տարի դեռ չգիտեմ, բայց անցյալ տարի Նոր տարվա կոնյակը, որը գնել էի սովորական խանութից, բացելուց հետո, հասկացա, որ շշով թեյ եմ գնել,- «Ազգ»-ին պատմեց շինարար Գուրգենը` Երեւանի խանութներից մեկում,- այս տարի որոշել եմ կոնյակը գնել անպայման ֆիրմային խանութից, առհասարակ խմիչքի վիճակը պարզապես խայտառակ է: Նույն շշերի մեջ են լցնում հայտնի չէ, թե ինչ օղի ու նույնիսկ «տառասխալով» շշի վրա գրում ֆիրմային անունը: Սա, հանցավոր լինելուց բացի, ուղղակի ծիծաղելի է»:

Շրջելով երեւանյան հայտնի սուպերմարկետներում` իրոք «ուրախությամբ» նկատեցինք, որ ալկոհոլային խմիչք արտադրող բլոր աշխարհահռչակ ապրանքանիշները Հայաստանում ներկայացված են: Սակայն, ավելի ուշադիր նայելով նախ շշերի ձեւավորմանը, այնուհետեւ խմիչքի գներին, մեղմ ասած, կասկած առաջացավ, թե արդյոք մեր առջեւ իրակա՞ն «Նեմիրոֆ»-ն է, թե՞ պարզապես հայկական վտանգավոր աստիճանների հասնող «բեսպրեդելը» նաեւ խմիչքի շշեր է ներթափանցում` դրանք լցնելով հայտնի չէ, թե ինչով:

«Խմիչք գնելու եմ միայն հայկականը, կարծում եմ, որ դրանք կեղծելու հավանականությունը ավելի փոքր է. ֆիրմաները հենց Հայաստանում են», «Ազգ»-ին խոստովանեց երեւանցի Վարդգեսը: Մի կերպ «անտեսելով» համաշխարհային ալկոհոլային բրենդների բազմությունը` պարզապես խորհուրդ տանք հայաստանցիներին` չվստահել ոչ մի «Նեմիրոֆ»-ի կամ «Պուտինկա»-ի, միչեւ չհամոզվեք դրանց իսկության մեջ: Իսկ իրական 1 լիտրանոց «Նեմիրոֆ»-ը, համաձայնեք, չի կարող արժենալ 1000 դրամ, այն էլ հազիվ նշմարելի տարբերանշաններով:

Հայկական ամանորյա առեւտուրը մի առանձնահատկություն եւս ունի: Բազմիցս ենք գրել, տեղեկացրել, որ արտասահմանի զարգացած երկրներում յուրաքանչյուր տոնի, մանավանդ ամանորյա տոնի նախաշեմին գործածվում են զեղչային տարբեր համակարգեր: Այնտեղ վաճառողը մտածում է հետեւյալ սկզբունքով. «Շատ ու այդ պատճառով էժան», մինչդեռ մեզանում «վաճառքի սկզբունքը» հետեւյալն է. «Թանկ, մեկ է շատ են առնելու»: Եթե ավելացնենք նաեւ արտասահմանում գործածվող տարբեր-տարբեր բոնուսները, որոնցից հաճախ նույնիսկ ձանձրանում է հաճախորդը, ապա ակնհայտ է դառնում, որ հայերը պարզապես չգիտեն առեւտուր անել: Տեսեք, եթե Հայաստանում որեւէ վաճառողի (էլ չենք ասումՙ վաճառքի ցանցի տնօրենի) հարցնեք, թե ինչո՞ւ, օրինակ, նա չի կիրառում բոնուսներ, ապա նա կպատասխանի. «Բոնո՞ւս, ինչի՞ համար, մեկ էՙ առանց դրա էլ առնում են», հենց նման կերպ էլ «Ազգ» -ի հարցին պատասխանեց մայրաքաղաքի հայտնի խանութներից մեկի տնօրենը: Իսկ որքա՞ն ավելի շատ կառնենք, եթե խանութներում վաճառողը նախ ժպտա մեզ (գոնե Ամանորին), երբ նա օգնի որեւէ բան ընտրելիս, երբ առեւտուր անելիս տեղեկանանք, որ ահագին գումար ենք տնտեսել, քանի որ բոնուս ունենք: Մի՞թե հաջորդ անգամ ու էլի շատ ու շատ անգամներ չենք գնա նույն խանութը, թեկուզ եթե էլ չարժանանանք բոնուսների:

Իսկ մեր վաճառողը շարունակում է մտածել` մեկ էՙ առնելու են, մեր հաճախորդը մտածում է` ճարս ինչ, պետք է առնեմ, մեր տանտիկինները մտածում են, ինչ անեն, որ իրենց տոնական սեղանը բոլորից տարբերվի ու ամենաճոխը լինի, մինչդեռ իրականությունն ընդամենը սա է` «իմ սեղանին բուդ է, քո սեղանին բուդ է»:

Այս խորհուրդը չէ, որ ունի Ամանորը, համենայն դեպս, «Բաղնիքդ անուշ»-ի ներկայացմամբ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4