Շախմատը Հայաստանում ամենասիրված ու ամենամասսայական մարզաձեւերից մեկն է: Ուստի պատահական չէ, որ շատ պատանիներ ու աղջիկներ դեռեւս մանուկ հասակից են սկսում հինավուրց եւ իմաստուն այդ խաղի գաղտնիքների յուրացումը: 10-ամյա Սոնան էլ շախմատային խաղաքարերին ծանոթացել ու քայլերը սովորել է 5 տարեկանում, հորՙ մասնագիտությամբ պատմաբան Արմեն Ասատրյանի օգնությամբ: Աղջնակը հրապուրվեց շախմատով, ուստի Մոսկվայի թիվ 752 դպրոցում սովորելիս միաժամանակ հաճախում էր Անատոլի Կարպովի հովանավորությամբ գործող շախմատի խմբակ:
Առաջին հաջողությանը Սոնան հասավ 8 տարեկանումՙ դպրոցի շախմատի առաջնությունում զբաղեցնելով 2-րդ տեղը: Այնուհետեւ նա մասնակցեց Մոսկվայի հյուսիս-արեւելյան շրջանի թիմային մրցումներին: 2007-ին Սոնան ընտանիքի անդամների հետ վերադարձավ Երեւան եւ ներկայումս իր շախմատային ունակություններն է կատարելագործում Սմբատ Լպուտյանի գլխավորած շախմատի ակադեմիայում:
2008-ին մասնակցելով շախմատի Հայաստանի պատանիների եւ աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ փուլին, գրավել է 10-րդ տեղը: 9-ամյա աղջնակը մեծ հաջողության հասավ Արաբկիրի համայնքի դպրոցականների առաջնությունում: 6 պարտիաներում ցույց տալով 100 տոկոսանոց արդյունք, Սոնան վստահորեն դարձավ մրցաշարի հաղթող:
Այս տարին բավական արգասաբեր էր Սոնայի համար: Հայաստանի պատանեկան առաջնության եզրափակիչում գրավելով 1-ին տեղը, Սոնան իրավունք ստացավ մասնակցելու կանանց մեծահասակների առաջնության կիսաեզրափակիչում: Չնայած փոքր տարիքին, 10-ամյա Սոնան իրեն վատ չդրսեւորեցՙ գրավելով 13-րդ տեղը:
Շախմատիստուհու կարիերայում Սոնան իր ամենամեծ հաջողությանը հասավ այս տարի Ջերմուկում անցկացված շախմատի պատանեկան միջազգային մրցաշարում: Տարիքային իր խմբում (մինչեւ 10 տարեկաններ) Սոնան դարձավ մրցաշարի հաղթող: Այս տարի Սոնա Ասատրյանը մասնակցեց շախմատի Եվրոպայի եւ աշխարհի պատանեկան առաջնություններին, որոնցում եւս իրեն վատ չդրսեւորեց:
Շախմատը թեեւ Սոնայից շատ ժամանակ է խլում, սակայն մյուսների պես նա էլ այլ հետաքրքրասիրություններ ունիՙ հեքիաթներ, համակարգչային խաղեր, լող: Նա նույնիսկ պատմվածքներ է հորինում, երազում է իր հեռուստահաղորդումն ունենալՙ «Շախմատը երեխաների համար»:
10-ամյա Սոնան հոր օգնությամբ հավաքել ու տպագրել է շախմատի մասին աշխարհի չեմպիոնների, հանրահայտ գրոսմայստերների ու մարդկանց ասույթները, գրառումները: Բնականաբար, նրան առաջին հերթին հետաքրքրում է աշխարհի 9-րդ չեմպիոն, մեր հանճարեղ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի մտքերը շախմատի վերաբերյալ, որոնք գրքույկում մեծ տեղ են զբաղեցնում: Ընթերցողներին ներկայացնենք դրանցից մի քանիսը:
«Ձեւով շախմատը խաղ է, բովանդակությամբՙ արվեստ, իսկ տիրապետելու դժվարությամբՙ գիտություն: Շախմատը կարող է նույնքան ուրախություն պատճառել, որքան լավ գիրքը կամ երաժշտությունը: Բայց պետք է սովորել լավ խաղալ եւ այն ժամանակ նաեւ դուք հաճույք կզգաք»: «Ես խաղատախտակի առջեւ հակառակորդներից չեմ վախենում: Բայց միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվում իմ բոլոր մրցակիցներին»: «Երկարատեւ եւ լավ շախմատ խաղալու համար պետք չէ հենվել միայն փորձի ու գիտելիքների վրա: Պետք է շախմատին տրվել ամբողջովին»: «Շախմատը կարելի է համեմատել երաժշտության, բայց լուրջ երաժշտության հետ: Թեթեւ, ռիթմիկ երգը հասկանալի է յուրաքանչյուրին: Բայց որպեսզի ուրախություն եւ հաճույք բերի լուրջ երաժշտությունը, պահանջվում է որոշակի երաժշտական կուլտուրա»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ