«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2009-12-25 | #238, 2009-12-26 | #239, 2009-12-29


ԺՈՒԺԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ

Այսօր, երբ, Ամանորի սեմին, ամեն հայ մարդ իր գրպանի պարունակությունը մի քանի անգամ գերազանցող գումարներ է ծախսել (մի հարցրեքՙ որտեղից) տունն ու սառնարանը բերնեբերան լցնելու համար եւ պատրաստվում է ստամոքսը լցնել հիվանդանալու աստիճան, ժուժկալության մասին խոսելը գայլի գլխին ավետարան կարդալուն է նման: Մարդիկ գիտեմ, ովքեր վերջին շաբաթներին վատ էին սնվում, որպեսզի Նոր տարուն կուշտուկուռ ուտեն: Գիտեմ նաեւ մարդիկ, ովքեր առօրյա համադամներից հետո չգիտեն ինչով զարմացնել ոչ միայն սեփական ստամոքսը, այլեւ ուրիշներինը: Ժուժկալությունը, խնայողասիրությունը նման մարդկանց համար տարօրինակ գաղափար է միայնՙ հնարված նույնքան տարօրինակ մարդկանց կողմիցՙ տարօրինակ, թերեւս հետին նպատակներով...

Մինչդեռ ամեն առիթով եւ անառիթ խոսում ենք ու հայտարարում եվրոպական արժեքներից ու չափանիշներից, եւ նույնիսկ եվրոպական ենք դարձրել մեր սովորական դուռն ու լուսամուտը, բնակարանի ու շենքի վերանորոգումը: Մինչդեռ, իմ կարծիքով, եվրոպական գլխավոր արժեքը խնայողասիրությունն է, ժուժկալությունը: Ոչ միայն ճաշի սեղանին, տներում թե ռեստորաններում, այլեւ կյանքի բոլոր ասպարեզներումՙ խնայողություն հոսանքի, հումքի, աշխատուժի, միջոցների: Եվրոպական դարավոր փորձը, իմաստությունը կայանում է հենց խնայողության, ժուժկալության մեջՙ փոքրի մեջ հարմարավետ, քչի մեջՙ լրիվ բավարար, ամեն ինչումՙ արդյունավետ, ռացիոնալ ու գեղեցիկ:

Ժամանակն է, ոչ միայն այսօր, երբ պատրաստվում ենք դիմավորելու Նոր տարին եւ Սբ. Ծնունդը, այլեւ հետագա օրերին ու տարիներին, որ ինքնակրթությամբ եւ համակրթությամբ յուրացնենք եվրոպական այդ փորձառությունը եւ այն դարձնենք մերը: Ավելի շուտՙ վերստին դարձնենք մերը: Քանզի Հայկական միջնադարի մեր ազգային սխրանքները պայմանավորված են հենց այդ արժեքներով_վկաՙ մեր ճարտարապետությունըՙ գողտրիկ, զուսպ ու վեհ: Արդարեւ, հատկապես մեր նման երկրներին ու ժողովորդներին է անհրաժեշտ խնայողասիրությունը_սակավահող, սակավ ռեսուրսներով, սակավաթիվ մեր ժողովրդին, մեր ազգ-պետությանը առաջինը հերթին է անհրաժեշտ այն: Ինքնադաստիարակությամբ պետք է արմատախիլ անենք մեր միջից ամեն տեսակի շռայլություն, զեխություն, միջոցների վատնում, ի վերջոՙ մսխում:

Միջոցների խնայողությունը ինքնըստինքյան ստեղծում է ուժերի կուտակում, որն այնքան անհրաժեշտ է մեզ այսօր, վաղը եւ ընդմիշտՙ տեղից պոկվելու եւ զարգանալու համար, միջազգային, եվրոպական մակարդակի հասնելու համար:

Եվ դրան պետք է սկսել հենց այսօրվանից: Տոնական օրերը լավ առիթ են ժուժկալության փորձ անելու:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4