Նշեց ԿԲ նախագահը
Կենտրոնական բանկում երեկ տեղի ունեցավ տարեմուտի ավանդական ընդունելությունը, որին ներկա էին երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության ներկայացուցիչներ, բանկերի ղեկավարներ: Ֆինանսական տարին ամփոփող ելութ ունեցավ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նա մասնավորապես ընդգծեց, որ ճգնաժամի սկզբնական փուլում գների կայունության եւ ֆինանսական կայունության նպատակների արդյունավետ համադրման միջոցով հաջողվեց պահպանել ֆինանսական համակարգի կայունությունը: Այնուհետեւ ԿԲ նախագահը ներկայացրեց կառավարության եւ Կենտրոնական բանկի իրականացրած հակաճգնաժամային քայլերը: Արդյունքում, ըստ Արթուր Ջավադյանի, աշխուժացավ վարկերի շուկան, այդ թվումՙ հիպոթեկային շուկան: ԿԲ նախագահի գնահատմամբ, 2009-ի երկրորդ կեսը բեկումնային էր տնտեսության իրական եւ ֆինանսական հատվածների վերականգման համար: Տարվա երկրորդ կեսին վարկային ներդրումներն ավելացան 13 տոկոսով, հայկական բանկերից ոչ միայն ավանդների ներհոսք չեղավ, այլեւ դրանք աճեցին 39 տոկոսով: Արթուր Ջավադյանը մատնանշեց, որՙ օրինակ, հարեւան Ադրբեջանում ավանդների նվազում է արձանագրվել: Խոսելով գնաճի տարեկան ցուցանիշի մասին, ԿԲ նախագահը համոզմունք հայտնեց, որ տարին կեզրափակենք գնաճի վերին սահմանիՙ 5,5 տոկոսի մոտ: Նա Կենտրոնական բանկի իրականացրած քաղաքականությունը համարեց հաջողությամբ հավասարակշռված:
Ա. Մ.