«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2009-12-25 | #238, 2009-12-26 | #239, 2009-12-29


ՇԱՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԹՈՂԵՑԻՆՔ ՎԱԳՐԻ ՀԱՄԱՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ցուլի տարին խոհրդանշում էր կայունություն, մշտականություն, համառություն եւ ազնվություն: Ճիշտ որ այս` ցուլի տարին, այնուամենայնիվ, մեծ խենթություններ չարեց, թեեւ հայերիս ամենամեծ խենթությո՞ւնն ասենք, համարձակ քա՞յլն ասենք` հայ-թուրքական պարտիան էր: Իսկ ընդհանրապես` չափած-ձեւած տարի էր` սանտիմետրով գծեցինք, սանտիմետրով քայլեցինք:

Թեեւ` ամեն ինչից էլ քիչումիչ եղավ, քանի որ դրա նախորդը, առնետը, բավական առնետություն էր արել` չէինք զգուշացել այդ տարին առնետի նենգություններից, չէինք զսպել բացասական կրքերը, եւ ողջ տարին նախորդ տարվա առնետային հետքերն էինք մաքրում ու կարծես թե մինչեւ վերջ անգամ չկարողացանք մաքրել: Բայց ընդհանուր առմամբ` եզային աշխատասիրությունը ու ինչու չէ` ճակատագրին համակերպվելու հայերիս սովորույթը ստիպեցին առանձնապես մեծ բողոքներ չանել հանդեպ ճակատագիրը, իմա` ճգնաժամը, երկուսն էլ ճ-ով, մի մասը վերեւների խոստումներին գերի, թե լավ է լինելու (հավատացողը քիչ էր, ինքնախաբեությամբ զբաղվողը` շատ), մի մասը եղածն ավելի չվատացնելու մտահոգությամբ: Այսպես թե այնպես` հաշվեկշռում վայրիվերումներ առանձնապես չեղան: Չնայած եզ էր-ցուլ էր` մեկ է, երբեմն իր բնույթին համապատասխան նաեւ կատաղում էր, բայց նրան ժամանակին կարողանում էինք հանգստացնել: Հիմա հանձնվում ենք վագրին` չգիտենք ինչպե՞ս է վարվելու նա մեզ հետ, քանի որ վագրը, ճիշտ է, քաջությամբ եւ վճռականությամբ է փայլում, սակայն բնությունը նրա մեջ դրել է նաեւ անկառավարելի բնազդներ, որոնք երբեմն ավերներ են գործում: Սակայն էլի բնության իմաստնությանն ապավինենք, քանի որ ամենայն կենդանի արարած տիեզերքի օրենքներով գնում է իր համար նախանշված ճանապարհով` ոչ ավելի, ոչ պակաս. վագրը սպանում է` երբ քաղցած է, եւ սպանվում է թույլը, հիվանդն ու անմրցունակը: Չի կարող լինել, որ ռազմաշունչ եւ պատերազմական վագրն անմտածված, հենց այնպես, սպանելու համար սպանի. ուրեմն ե՛ւ սպանողը, ե՛ւ սպանվողը իր խելքին է գերի վագրի նշանին ապավինելիս: Սա` փոխաբերաբար վերծանեք ըստ հարմարության:

Հիմա` ըստ էության: Չենք ուզենա մեկ առ մեկ թվել տարվա կարեւոր իրադարձությունները` կնմանվենք շարադասողներին: Ընդամենը մեկ-երկու կարեւոր շեշտադրում անենք ու հանգիստ ոտք գցենք նոր տարվա մեջ: Անցնող տարում նախ փորձեցինք մարտի 1-ի վերքերը դարմանված տեսնել, բայց առայժմ լիովին չստացվեց, ու անգամ համաներումը թերի եղավ (բայց` եղավ, երկրի նախագահը դա իրականացրեց), ու անգամ մարտի 1-ի հովերով եւրոպացիներն այս տարեվերջին էլ դեռ շարունակում էին մատ թափ տալ մեզ վրա` «զեկույցը կմտցնենք-չենք մտցնի, կկարդանք-չենք կարդա` նայած ձեր վերաբերմունքին» տարբերակով: Չգիտեմ` «Հանդարտ խոհերի» հեղինակը այն պահին, երբ հղանում էր իր «մինչեւ վերջը», հասկանո՞ւմ էր, թե՞ ոչ, որ իշխանափոխության իր մտադրությունը այդքան տառապանքներ կբերի երկրին, նրա մարդկանց, տվյալ երկրի իմիջին, սակայն անցած տարում նա հասկացավ, կամ հասկացրին, թե պետք է մի կողմ քաշվել` երկրի առջեւ կանգնած մարտահրավերներն այնքան շատ են, որ իշխանափոխության սեփական ցանկությունը պուճուր-պուճուր մի բան է թվում դրանց դեմ, մժեղի չափ: Այդ «պայքար մինչեւ վերջի» ձեռքբերումն ու միակ ժառանգությունը երեւի մնա Նիկոլի պատգամավոր դառնալը, մնացյալն այլեւս տխուր պատմություն է:

Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը, որ այդքան սրընթաց սկսվեց տարեսկզբին, կամաց-կամաց կոտրեց տեմպը: Ընթացքում պարզ դարձավ, որ հայ հասարակությունը դեռեւս պատրաստ չէ երկխոսություն վարելու. փորձի պակաս կա բոլոր մակարդակներում` թուրքական խորամանկությունները եւ նենգությունները դիմագրավելու համար, մեր անելիքը հստակ չենք կանոնակարգել-պատրաստել բոլոր «եթե-ապաների» համար: Եվ այս տարեմուտին հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրն առավել անորոշ է, քան այն պահին, երբ գործընթացը սկիզբ առավ: Ալի Բաբաջանը, Դավութօղլուն, Էրդողանը, որ հոխորտում էին, մեզ ասում էինՙ լուրջ մի ընդունեք, ներքին օգտագործման համար են խոսում-պայման դնում, բայց դե տեսաք, որ թուրքական ներսուդուրսն իրարից շատ չեն տարբերվում, հիմա էլ մերոնք են քնից արթնացել` նախագահ Սարգսյանի խոստացած միջազգային պայմանագրերի օրենքում փոփոխությունն ու Արմեն Ռուստամյանի հուսած արձանագրությունների` մասամբ հակասահմանադրական ճանաչելը արդեն ոչ թե խոսքի, այլ գործողությունների վիզա են, «մեր պատասխանը Չեմբեռլենին», ինչն էլ նշանակում է, որ արձանագրությունների ճակատագիրը բավական մշուշոտ է: Ամեն դեպքում այս` վագրի տարին է որոշելու հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը:

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն արդեն տարիներ հեռանում-մոտենում է: Դեռ պարզ չէ` գարնանը կամ ավելի վաղ հակամարտության լուծման սկիզբը կդրվի՞, ինչպես որ փորձագետներից ոմանք կանխատեսում են, թե դեռ երկար Ղարաբաղը կպահպանի ստատուս քվոն` ներքաղաքական «ռազբորկաների» նյութ լինելով օրվա իշխանության եւ ընդդիմության համար: Ավելի վաղ ժամանակի օրինակները մի կողմ թողնելով` միայն Մայնդորֆյան հռչակագիրը հիշելը հերիք է. երբ 2008-ի նոյեմբերի 3-ին այս հռչակագիրը ստորագրեցին Մեդվեդեւը, Ալիեւը եւ Սարգսյանը, ի՞նչ աղմուկ -աղաղակ էր, թե էս-էս է` Ղարաբաղը «տալիս» ենք, խաղաղապահներ են մտնելու Ղարաբաղ, ֆլան-ֆստան. անցավ 1 տարուց ավելի, հիմա տարբեր ձեւաչափերում էլի խոսում են մոտակա լուծումից, բացի այդ, շատերին է թվում, որ հայ-թուրքական շփումների հարցը թուրքերը կապում են ԼՂ լուծման հետ` «շրջանակային» պայմանագիր եւ այլն: Թվում է` մոտ է լուծումը, էն էլ ոչ ի նպաստ մեզ, բայց համանախագահներից մեկի փոփոխության մասին խոսակցությունը վկայում է լրիվ այլ բանի մասին` որ, այնուամենայնիվ, այս խնդրում հազիվ թե արագացում լինի, քանի որ տարբեր շահերը կարգավորման թելերը ոչ թե նույն, այլ տարբեր ուղղություններով են ձգում: Բոլոր դեպքերում վստահ կարելի է ասել, որ ղարաբաղյան խնդրի հետ կապված որեւէ տեղաշարժ նախ ներքաղաքական խնդիրների հետ է շաղկապվելու, ինչպես որ հայ-թուրքական արձանագրությունները շաղկապվեցին. փոխվեց, չէ՞, կոալիցիայի նկարագիրը հայ-թուրքական համատեքստում, ՀՅԴ-ն լքեց կոալիցիան: Իսկ Ղարաբաղի հարցով որեւէ թղթի ստորագրում կարող է մինչեւ իշխանափոխություն մականը նետել: ՀՅԴ-ի` կոալիցիայից հեռանալը վերջինիս, ճիշտ է, ավելի մոնոլիտ դարձրեց, մնում է, որ ԲՀԿ-ն երբեմն գժություններ չանի: Այս եւս, որքան էլ պրիմիտիվ հնչի, որքան էլ Գ. Ծառուկյանը պնդի, թե ինքը նախագահի կողքին է եւ նրան է պաշտպանում, միշտ էլ ներուժ կա կոալիցիայի` առայժմ ամուր թվացող պատկերը փոխելու, առիթ եւ այդպիսի նպատակ եթե եղավ: Ասենք` համազգային նշանակության որեւէ հարցի (հայ-թուրքական արձանագրությունների վավերացում, Ղարաբաղի խնդրով որեւէ արտահերթ նախաձեռնություն) քվեարկության ժամանակ միշտ էլ վտանգ կա, որ հանկարծ ԲՀԿ-ի նման ուժը կարող է խաղեր տալ` վախի մեջ պահելով ՀՀԿ-ին, սա հստակ գիտեն եւ կոալիցիայում, եւ նրանից դուրս, եւ առհասարակ` որսաչափ կամ նետընկեց հեռավորությունից անգամ (ակնարկս հասկացաք):

Այս բոլորըՙ տնտեսական ճգնաժամի ֆոնին, որը տանջում է երկրի ղեկավարությանը` ելքերը որոնելիս, ժողովրդին` իր կենցաղային եւ բազմաթիվ այլ խնդիրները լուծելիս, ամբողջացնում է մեր երկրի եւ նրա ժողովրդի ընդհանուր նկարագիրն այս, անցնող տարում, այն է` սպասումների եւ անորոշությունների տարի, որ ոչինչ չվճռեց ոչ երկրի, ոչ ժողովրդի համար, այլ ամեն ինչ թողեց եկող տարվան:

Եթե որեւէ մեկը եւ հատկապես մեր քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, գնահատականներ են հնչեցնում, թե իրադարձություններով հագեցած տարի էր, նախագահն այս արեց, այն արեց, երկիրը կայուն պահեցինք, տնտեսական ահավոր ճգնաժամի համապատկերում երկիրը չգլորվեց անդունդը, այլ պահեց ընդհանուր նվազագույն բարեկեցության նիշը, մենք, լրագրողներս նրանց հետ կարող ենք համաձայնել-չհամաձայնել: Անգամ համաձայն լինելու դեպքում` զուգահեռ չենք կարող չնկատել մեր էլիտայի մեքենաների պատուհաններից չերեւացող ժողովրդի զգալի շերտերի ծայրահեղ ապրելակերպը, տառացիորեն ամենօրյա կռիվը մի կտոր հացի համար: Ամանորի շեմին հենց շատ լավ երեւում է նրանց եւ մեր «էլիտա» համարվողների` հազարավոր կիլոմետրանոց բաժանումը միմյանցից: Շրջեք տարեմուտի Երեւանով. սուպերմարկետային հասարակությունից բացի` ավելի շատ են այն մարդիկ, որոնք հաշվում են դրամները` ծայրը ծայրին հասցնելու համար, որոնք այս տարի հազիվ թե նշեն Ամանորը` այդ խոսքի իսկական իմաստով, որոնք կբավարարվեն միայն մեկ-երկու ամանորյա ատրիբուտով: Իսկ անտուններն ու մուրացիկները պարզապես ամեն քայլափոխի են կամ քրքրում են համեմատաբար «հարուստ» աղբամանները: Արդյո՞ք նրանց համար էլ է գալիս Նոր տարին: Մտածենք ոչ թե մտածելու համար միայն, այլ նաեւ լուծումներ գտնելու` թո՛ղ որ նույնիսկ ահավոր ծանր տնտեսական տարուն ընդառաջ: Չի լինում այնպես, որ ժողովրդի մի գերակշիռ մասը տնտեսական ճգնաժամը պատճառ ունենա ու մի կերպ գոյատեւի, իսկ մի փոքրիկ շերտ գոհանա իր բաժին Աստծուց` ընտրյալի կյանքով ապրելու համար: Չի լինի, որ մի պստիկ ժողովուրդ (3 մլն-նՙ ինչ է որ), չկարողանա գոնե միջին մակարդակով ապրել` ընտրյալների «ընտրյալության» գլուխը քարը: Հաստատ մի բան սխալ ենք անում, հաստատ` սխալ ծրագրերով ենք առաջնորդվում, հաստատ` ճգնաժամը միայն արդարացում է մեզ համար, հաստատ` խելքներս չենք աշխատեցնում, կամ էլ...խիղճներս ենք կորցրել:

Ահա այսպես. անցնում ենք Նոր տարուն` շատ լուծումներ թողած վագրի համար, այս առումով կարելի է անցած տարին համարել կիսատ հարցերի տարի, իսկ նորը գուցեեւ, մեր խելոք լինելու պարագայում, կարելի կլինի լուծումների տարի համարել: Միայն թե այնպես չլինի, որ մնանք այդ լուծումների փլուզումների տակ: Բոլոր դեպքերում վագրն իր վագրային թռիչքներով, հարեհաս մեր դռանն է: Ոչ ոք չի կարողացել դեռ կանգնեցնել ժամանակը: Ու պատրաստ լինենք ընդունելու նրան, անկախ նրանից ի՞նչ է բերում մեզ` պատասխաններ ունենանք նրա վատին ու լավին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4