«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2009-12-25 | #238, 2009-12-26 | #239, 2009-12-29


ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՏԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ինչպիսի՞ն կլինի 2010 թվականը

2009 Հայաստանի տնտեսության համար դժվարագույնն էր վերջին 10 տարիների ընթացքում: Տնտեսական անկումը հասավ մինչեւ 18,5 տոկոսի, կիսով չափ անկում արձանագրվեց շինարարության ոլորտում, նկատելի անկում եղավ նաեւ արդյունաբերության եւ մյուս ճյուղերում: Թեեւ տարեվերջին տնտեսական անկումը սկսեց կրճատվելՙ հասնելով մինչեւ 16 տոկոսի, այդուհանդերձ, դա ավելի շուտ նախորդ տարեվերջին արձանագրված կտրուկ անկման համադրման արդյունքում ստացված ցուցանիշ էր:

Ինչ վերաբերում է տարվա արժանահիշատակ իրադարձություններին, ապա դրանք այնքան էլ շատ չէին: Դրանք հիմնականում պետության խրախուսմամբ իրականացվող ծրագրերն էին: Մասնավորապես, անցնող տարում ամենանշանակալին նոր ատոմակայանի կառուցման գործնական փուլ մտնելն է: Ընտրվեց նոր ԱԷԿ-ի կառուցման կառավարման միջազգային կազմակերպություն, որոշվեց, որ նոր ատոմակայանը կլինի հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունՙ հավասար բաժնեմասերով: Էներգետիկայի ոլորտից արժանահիշատակ է նաեւ Երեւանի ջերմաէլեկտրակայանի տարածքում նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխան եւ բարձր արդյունավետության ՋԷԿ-ի կառուցումը եւ Հրազդանի ՋԷԿ-ի վերակառուցումն ու վերազինումը:

Տրանսպորտային ծրագրերից 2009-ին սկսվեց Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության առաջին փուլը, ինչպես նաեւ սկսվեցին Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախապատրաստական աշխատանքները:

Հեռահաղորդակցության ոլորտում կարեւորագույն իրադարձությունը բջջային կապի երրորդ օպերատորիՙ ֆրանսիական «Ֆրանս Տելեկոմի»ՙ «Օրանժի» գործունեության սկիզբն էր: Դա խթանեց մրցակցությունն այս ոլորտումՙ նպաստելով ոչ միայն բջջային կապի, այլեւ ինտերնետի մատկարարման սակագների իջեցմանը: Այս տարի մոտ 2 անգամ նվազեցին ինտերնետի գները, ինչը չափազանց կարեւոր նշանակություն ունի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար:

Ցավոք, արդյունաբերության ոլորտում նշանակալի իրադարձություն չեղավ: Թեեւ սպասվում էր, որ Ախուրյանում կբացվի շաքարի արտադրության խոշոր գործարանը, բայց դա տեղի կունենա հաջորդՙ 2010 թվականին: Հարկ է նշել, որ չնայած շատ է խոսվում տնտեսության դիվերսիֆիկացման մասին, բայց առայժմ նկատելի արդյունքներ չեն երեւում: Նշենք նաեւ, որ Տիգրան Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո սկսված հարկային եւ մաքսային համակարգի բարեփոխումները կիսատ մնացին, ինչի մասին իր տարեվերջյան մամուլի ասուլիսում խոստովանեց նաեւ վարչապետը:

Միաժամանակ, պետք է արձանագրել նաեւ կառավարության ամենամեծ ձեռքբերման մասին: Այն էՙ ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, բնակչության սոցիալական վիճակը կտրուկ անկում չունեցավ, քանի որ սոցիալական ծախսերը չնվազեցին:

Հետաքրքրական է, թե ի՞նչ է սպասվում 2010-ին մեր տնտեսությանը: Կառավարությունը մեզ խոստանում է, որ տնտեսությունը աստիճանաբար կվերականգնվի, եւ կունենանք փոքրՙ 1-1,5 տոկոս տնտեսական աճ: Նույն կանխատեսումներն են անում Հայաստանի տնտեսության համար նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Գուցե եւ կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային քայլերն առավել կոնկրետ արդյունքներ տա՞ն: Համենայն դեպս, եթե դա տեղի չունենա, դրսից ներգրավվող ռեսուրսներով այլեւս անհնար է խուսափել տնտեսական եւ սոցիալական առավել վատթար զարգացումներից:

Միաժամանակ, փաստենք, որ վերջին 2 ամիսներիՙ հոկտեմբերի եւ նոյեմբերի ցուցանիշները, երբ անկում է արձանագրվել նախորդ ամիսների համեմատ, մտահոգիչ են: Մնում է հուսալ, որ դրանք ժամանակավոր, ճգնաժամին բնորոշ ցիկլային տատանումներ են եւ իրենց տեղը կզիջեն տնտեսության վերականգնման կայուն միտմանը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4