«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2009-12-25 | #238, 2009-12-26 | #239, 2009-12-29


ԸՆՏԱՆԻՔԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ «ՆՎԵՐՆ» Է

Ամանորյա ուրախ ու հրաշքներով լի հեքիաթն ավելի շատ համարվում է մանկական: Երեխաները նամակներն են գրում Ձմեռ պապին, հայտնում նրան իրենց ամենանվիրական ցանկություններն ու երազանքները: Նույնիսկ ընտանեկան հարկի տակ, ծնողների հոգածության ներքո նրանք միշտ էլ ունեցել են եւ ունեն Ձմեռ պապիկի կարիքը:

Երբ նայում ենք ընտանիքում ապրող երեխաների ու մանկատներում ապրողների նամակները, անմիջապես պարզ է դառնում նամակատիրոջ հասցեն: Մենք եղանք մայրաքաղաքի մանկատներից մեկում ու խնդրեցինք երեխաներին պատմել, թե ի՞նչ են ցանկանում Ձմեռ պապիկից: Բոլոր երեխաները, նախքան խաղալիքների, մեքենաների, տարբեր քաղցրավենիքների ու նվերների անուն տալը, նշեցին, որ առաջին հերթին «պապա-մամա», են ուզում, նորՙ մնացածը: «Ես 6 տարեկան եմ, Ձմեռ պապիկից ոչինչ չեմ ուզում, ուզում եմ մենակ, որ ինձ պապա-մամա բերի: Ես մի ընկերուհի ունեի` Աստղիկը, իրեն տարան իր պապան ու մաման, ես մնացել եմ մենակ: Ես էլ եմ ուզում ինձ տանեն», ասաց փոքրիկ Նվարդը: Մանկատան աշխատակցներից մեկն «Ազգ»-ին խոստովանեց, որ չնայած ստեղծված բոլոր անհրաժեշտ պայմաններին, երեխաները, հատկապես 4-9 տարեկանները, ծնողների խիստ կարիք ունեն. «Ինչ էլ մենք անենք, նրանց համար չենք կարող փոխարինել ծնողին: Պատահական չէ, որ մանուկների մեծամասնությունը հենց ընտանիք է ուզում Ձմեռ պապիկից», նկատեց մանկատան հոգեբան Աիդան:

Հենց մեր զրույցի ժամանակ մի բարեգործական կազմակերպություն եկավ մանկատուն` երեխաների համար ամանորյա նվերներով: Երբ նվեր ստանալու հերթը հասավ 8-ամյա Զավենին, նա մի կողմ նետեց այն ու ասաց. «Ես ոչ մեկից նվեր չեմ ուզում, ես իմ մամայից ու պապայից եմ նվեր ուզում»: Հոգեբան Աիդան մեզ պատմեց, որ երեխային վերջերս են բերել մանկատուն. «Մայրը բերեց, հայրը անհայտ է, իսկ մայրն էլ բերելուց հետո ոչ մի անգամ չի երեւացել այստեղ: Զավենը ոչ ոքի հետ չի շփվում, նույնիսկ ես մեծ դժվարությունների եմ հանդիպում նրա հետ շփվելիս»: Մեր բոլոր փորձերը` Զավենի հետ շփվելու, ապարդյուն անցան. նա լացելով հեռացավ ննջարան:

Մանկատնից դուրս գալիս, անկեղծ ասած, ես շատ ուրախացա, որ մեր երկրում, առհասարակ արդի աշխարհում, կան մարդիկ, թեկուզ փոքրիկ մարդիկ, որոնց համար կարեւոր չեն նվերներն ու արհեստական մթնոլորտները. նրանց համար ամենակարեւորը, հենց այս տարիքից արդեն, ընտանիքն է: Նման մարդկանց մենք հանդիպեցինք նաեւ մայրաքաղաքի ծերանոցներից մեկում, որտեղ ապրում են 24 ծերեր:

«Ի՞նչ եմ ուզում էս Նոր տարի՞, -«Ազգ»-ի հետ զրույցում ասաց 76-ամյա Գերասիմ պապը,- ուզում եմ, որ կյանքիս վերջին օրերը տանն անցկացնեմ, ընտանիքիս հետ: Մի տղա ունեմ, մի աղջիկ: Աղջիկս Ամերիկա ամուսնացրի, դրանից որոշ ժամանակ անց կինս մահացավ, տղաս էլ որոշեց, որ իր ընտանիքի հետ Ամերիկա պիտի գնա: Տունը ծախեց, ինձ բերեց ըստեղ, ընտանիքը առավ ու գնաց: Հիմա ուրախ եմ, որ գոնե քույր ու ախպեր իրար մոտ են. չեն կարոտի իրար»:

Գերասիմ պապի պատմությունը, որոշ ավելացումներով կամ լրացումներով, կարող են կրկնել մեր բազմաթիվ ծերեր: Ոմանց տղաներն են լքել, ոմանց դուստրերը, սակայն բոլորն էլ, ծերանոցում լինեն, թե հայտնի չէՙ ուր, երազում են ընտանիքի մասին, երազում են մանկան նման: «Յուրաքանչյուր տոնի, առավել եւս Ամանորին մենք կազմակերպում ենք տարբեր ուրախ միջոցառումներ մեր ծերերի համար, փորձում ենք նրանց տալ ընտանեկան մթնոլորտ, սակայն, իհարկե, իրական ընտանեկան մթնոլորտը անփոխարինելի է, ու դա Դուք էլ կարող եք զգալ նրանց աչքերում», մանկատան հոգեբանի խոսքերը կարծես կրկնեց ծերանոցի պատասխանատուներից Սամվել Հովսեփյանը: Իսկ 72-ամյա Արաքս տատիկին ծերանոց են բերել երկու դուստրերը. «Բայց չեմ նեղանում, մատաղ քեզ, երկուսն էլ իրենց ընտանիքներն ունեն, իրանց երեխեքը: Դե ես էլ, հո փեսի հետ չեմ ապրելու, դրա համար էլ բերեցին ըստեղ: Բայց զանգում են, գալիս են թոռներիս հետ, Նոր տարուն էլ փոքր աղջիկս խոսք է տվել, որ պիտի տանի էդ օրերին իր տուն: Լավ է, Նոր տարին ես միշտ, փոքր ժամանակվանից սկսած, ընտանիքի հետ եմ անցկացրել», նշեց Արաքս տատը:

Որքան նման են իրոք ծերանոցն ու մանկատունը, որքան նման են առհասարակ մարդկային երազանքներն ու անկեղծ ցանկությունները` անկախ տարիքից: Բոլորս էլ ուզում ենք ամանորյա տոները, ընդհանրապես տոները անցկացնել մեր ընտանիքներում, եւ որքան հասկանալի են այն մարդիկ, որոնք չունեն այդ ընտանիքներն ու երազում են դրա մասին, երազում են մանկական ու ծերունական աչքերով:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4