«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2009-12-25 | #238, 2009-12-26 | #239, 2009-12-29


ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԴՈՒՐՍ

Գիտաժողովՙ նվիրված Էդգար Ալան Պոյին

Երեւանի պետհամալսարանի ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի նախաձեռնությամբ եւ կազմակերպությամբ վերջերս տեղի ունեցած գիտաժողովը նվիրված էր ամերիկյան նշանավոր գրող Էդգար Պոյի ծննդյան 200-ամյակին:

Կամավոր ինքնամեկուսացման հայկական մշակութային այսօրյա իրականության մեջ այսպիսի գիտաժողովը կարելի է երեւույթ համարել (ուրեմն հնարավոր է նաեւ հայացքը հետաքրքրությունների այսչափ նեղացված շրջանակներից դուրս հանել եւ ուղղել համաշխարհային մշակութային իրողություններին):

Գիտաժողովին տեղի գրականագետ-մասնագետներից բացի (Երեւանի պետական եւ Բրյուսովի անվ. օտար լեզուների համալսարաններ) մասնակցում էին Վրաստանից եւ Իրանից: Էդ. Ալան Պոյի գրականության տարբեր հարցերին նվիրված 13 զեկուցումների մեջ խորքային վերլուծություններով, գիտական մոտեցումներով ուշագրավ էին մի քանի ելույթներՙ (բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆ.Ելենա Կարաբեկովա- Բրյուսովի անվ. համ., բանասիրական գիտ. թեկնածուներՙ Անուշ Սեդրակյան, Նատալյա Գոնչար-Խանջյան- ԵՊՀ, Ելենա Կրոտենկոՙ Թբիլիսիի միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆ., Դավիթ Հայրապետյան-Սեւանի Վազգենյան դպրանոցի սան): Գիտաժողովի լավագույն նյութերը կամփոփվեն տպագիր ժողովածուում:

Մինչ զեկուցումները բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը: Համաշխարհային գրականության զարգացումների վրա Էդգար Պոյի ազդեցության եւ նրա արվեստի բացառիկ նշանակության մասին արտահայտվեցին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆ. Հենրիկ Էդոյանը եւ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Արա Առաքելյանը, որի ելույթում մասնավորապես ասված էր. «Դրամատիկ ճակատագրի գրող էր Էդգար Պոն: Նա ապրեց ընդամենը քառասուն տարի: Կուտակման տենդով համակված հայրենի Ամերիկան ուշ հասկացավ իր հանճարեղ զավակին: Առեղծվածային ու խորհրդավոր վախճանից միայն վաթսուն տարի հետո նրա անունը գրանցվեց Նյու Յորքի Փառքի սրահում»:

- Պրն Առաքելյան, ողջունելի է Ձեր ղեկավարած ամբիոնի այս նախաձեռնությունը. անցնող-դառնող այսքան հոբելյանների մեջՙ ինչո՞ւ հատկապեսՙ Էդգար Պո, ո՞րն է 200 տարի առաջ ապրած գրողի արդիականությունը. Ձեր գիտաժողովը կրում է «Էդգար Ալան Պոն եւ արդիականությունը» խորագիրը:

- Առաջին հարցի ամենաթույլ հիմնավորումը, թերեւս 200-ամյա հոբելյանն է, իհարկե: Ավելի հիմնավոր է այն պատասխանը, որ Էդգար Պոն հավուր պատշաճի տոնահանդեսների կարիք չունիՙ իբրեւ իսկական մեծություն:

Ինչպես իր ապրած ժամանակումՙ 19-րդ դարում, այսօր էլ Էգդար Պոն մնում է արդիաշունչ հեղինակ, նա բերում է այն նյութը, որ հավերժական է գրականության համարՙ կյանքը, տիեզերքը եւ մարդըՙ իբրեւ առեղծված: Ինչպես ամեն մի մեծ գրող, Էդգար Պոն նույնպես փորձեց այդ առեղծվածի ծալքերը բացել: Էդ. Պոյի գրականությունը վստահաբար միտված է նաեւ նոր եւ նորագույն ժամանակներին: Ստեղծագործական այն վեկտորները, որ Պոյից ձգվում են դեպի Բոդլեր, Դոստոեւսկի, Վեռլեն, Մալարմե, Ուայլդ, Կաֆկա եւ ուրիշներ, եւ ապա առավել ընդհանրականՙ Պոն եւ Արեւելքը, Պոն եւ սիմվոլիզմը, Պոն եւ հետմոդեռնիզմը, Պոն եւ երաժշտությունը, Պոն եւ հոգեբանությունը եւ նման այլ կապեր, նրա ստեղծագործությունը օժտում են արդիական նկարագրով: Այս առումով Էդգար Պոյի գրական ժառանգության ընտրությունն իբրեւ գիտաժողովի թեմա, կարծում եմ, արդարացված է:

- Էդգար Պոն մեծապես ազդել է համաշխարհային գրականության ընթացքի վրա: Ո՞րն է նրա գրականության ամենաբնորոշ հատկանիշը եւ առանձնահատկությունը:

- Արվեստի եւ գեղեցիկի ինքնատիպ պատկերացումները, խոսքի այն բարձր սկզբունքները, որ գրականությունը կապում են տրանսցենդենտալ աշխարհի հետ, բանականության եւ հոգու այն մոդելները, որոնք մարդուն դարձնում են տիեզերքի, տարածության ու ժամանակի կենտրոն. սրանք են, որ Էդգար Պոյի ստեղծագործությանը հաղորդում են անսովոր բարդություն եւ բազմազանություն: Արտաքուստ տրամաբանականությամբ, կառուցիկությամբ եւ հոգու արիությամբ աչքի ընկնող նրա գրականությունը ներքուստ չափազանց փխրուն է, լեցուն երաժշտությամբ ու տառապանքով, ողբերգականությամբ եւ առեղծվածով, որ առ այսօր մնում է չբացահայտված: Գուցե հենց այս հանգամանքը նկատի ուներ Շառլ Բոդլերը, երբ գրում էր. «Նրան պետք է կարդալ զգուշորեն»:

- Եվ ինչպե՞ս է նրան կարդում հայ ընթերցողը: Ինչպե՞ս է ներկայացված Էդգար Պոն հայերենով:

- Ցավոք, վատ է ներկայացված. ընդամենը մի խղճուկ ժողովածուՙ 80-ականներին տպագրվածՙ «Անուրջներ եւ մղձավանջներ» խորագրով: Եվ բոլորովին արդարացված չէ նման մեծության հանդեպ մեր այս վերաբերմունքը: Ինչպես խորհրդային շրջանում, հիմա էլ հայ ընթերցողը Էդգար Պո կարդում է ռուսերենով: Բարեբախտաբար, այս վերջին շրջանում նա լայնորեն ընթերցվում է բնագրով:

- Միեւնույնն է, այսպիսի գեղարվեստական մտածողությունը հայերենի լեզվամտածողության սեփականություն դարձնելը կարծում եմՙ անհրաժեշտ է:

- Իհարկե: Էդգար Պոյի գեղարվեստական մտածողությունն առաջ բերեց եվրոպական մտքի հսկայական շարժում: Ֆենիմոր Կուպերով, Նաթանայել Հոթորնով եւ հատկապես Էդգար Պոյով սկզբնավորվեց գրական մի մայրուղի, որ այդ երկիրը կապեց համաշխարհային գրական պրոցեսների հետ: Էդգար Պոյին առաջինը թարգմանեց ֆրանսիացի Շառլ Բոդլերը, եւ այնպիսի մեծ իրարանցում առաջացրեց Եվրոպայում, նույնիսկ սիմվոլիզմի ծագումը կապում են նրա անվան հետ: Առաջին հեղինակն էրՙ ամերիկյան, որից սովորել սկսեցին եվրոպացիները: Անկասկած, Էդ. Պոն ռոմանտիզմի զավակն էրՙ Քոլրիջի, Բայրոնի, գերմանական ռոմանտիզմի քնարերգության եւ փիլիսոփայության զավակը: Բայց նրա արմատները նաեւ եվրոպական լուսավորության մեջ են: Իր նախորդ մեծերիՙ Գյոթեի, Վոլտերի նման նա էլ օժտված էր արտակարգ ընդունակություններով:

- Այսպիսի բարձր մտածողության, մշակույթների հետ հաղորդակցվելու պակասն է նաեւ ներկա իրականության գորշության պատճառներից մեկը:

Պրն Առաքելյան, դուք ինքներդ թարգմանիչ եք: Մի քանի տարի առաջ լույս տեսավ գերմանական էպոսիՙ «Նիբելունգների երգի» հայերեն Ձեր թարգմանությունը, շարունակում եք աշխատել Թոմաս Մանի «Կախարդական լեռը» վեպի վրա: Նաեւ տեղյակ եմ, որ Ֆրիդրիխ Շելլինգի «Արվեստի փիլիսոփայություն» աշխատության թարգմանության պատվեր եք ստացել «Սարգիս Խաչենց» հրատարակչությունից: Ինչպե՞ս եք գնահատում թարգմանական արվեստի ներկա վիճակը: Հաղորդակցության կամուրջներն այսօր շատ նվազել, մաշվել են, մենք պարփակվել ենք նեղ, ազգային շրջանակների մեջ, զարմանալիորեն գրական մամուլը նույնպես շատ քիչ տեղ է հատկացնում թարգմանական մշակույթին:

- Այս երեւույթը պայմանավորված է կյանքի մակարդակի ընդհանուր անկումով: Ամենուր նույն ընկճվածությունն է, ոգեւորության պակասը, որ երբեմն հուսահատեցնող է:

Միջազգային գրական ընթացքից մենք այնքան ենք հետ մնացել, որ 20-30 տարիների լարված եւ արդյունավետ աշխատանք է պետքՙ հասնելու եվրոպական արվեստի գոնե 70-ականների մակարդակին: Առանձին անհատ մտավորականներ, անշուշտ, հետեւում են այդ ընթացքին, բայց մշակույթի ընդհանուր մթնոլորտ չկա, դրա հասարակական պահանջ չի ձեւավորվում: Թարգմանական գրականության նկատմամբ ընդհանրապես մեկնաբանական, գնահատման, արժեւորման միջավայր բացարձակապես գոյություն չունի: Գրքեր են թարգմանվում, տպագրվումՙ որեւէ վերաբերմունք չկա, լռություն է: Անհատական ջանքերից է շատ բան կախված մեր այսօրվա իրականության մեջ:

Թարգմանությունն էլ առայժմ մնում է մասնավոր, անհատական գործունեության մակարդակներում: Իհարկե, արժանին պետք է մատուցել «Սարգիս Խաչենց» հրատարակչությանՙ այս ուղղությամբ տարվող հսկայական աշխատանքներին: Նա իսկապես լուրջ թարգմանական ծրագիր է իրականացնումՙ հայերենով յուրացնելով համաշխարհային հոգեւոր շատ արժեքներ:

Ուզում եմ վկայակոչել բանաստեղծ, թարգմանիչ ընկերներիցս մեկիՙ Հակոբ Մովսեսի վերջերս արած մի արտահայտություն, թեՙ տնտեսական անհրաժեշտության ապրանքների խոշոր ներկրողների (օլիգարխների) անունները մեկ առ մեկ բոլորը գիտեն, ճանաչում են, բայց երբ մտավորականը դրսից մշակույթ է ներմուծում, ինչպես Աշոտ Ալեքսանյանըՙ Ռոբերտ Մուզիլի կամ հենց Հակոբ Մովսեսըՙ Գեորգ Թրակլի կամ Հյոլդեռլինի թարգմանությամբ, նրանց գրեթե ոչ ոք չգիտի: Արժեքների այսպիսի գլխիվայր շրջումը, հասարակության ներքին այսպիսի չափումները, այս վերաբերմունքը վտանգավոր է: Տխուր իրականություն է, եւ այս մտավորականները, հաստատ, նախանձելի վիճակում չեն...

Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4