«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2009-12-25 | #238, 2009-12-26 | #239, 2009-12-29


ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ

Նախագահ, գործադիր եւ օրենսդիր իշխանություններ, դատական իշխանություն. սրանք իշխանության այն հիմնական ինստիտուտներն են, որոնք իրականացնում են կամ պետք է իրականացնեն ժամանակակից պետության ղեկավարումը: Ընդ որում` սրանցից մեկն անպայման պետք է ունենա ավելի մեծ լիազորություններ ու փոքր-ինչ գերիշխի մյուսների վրա:

Ո՞վ է ղեկավարում Հայաստանը մեր քաղաքացիների կարծիքով, ո՞վ կամ ո՞րն է Հայաստանի գլխավոր ղեկավար ուժը: Այս հարցերով մենք «շրջեցինք» Երեւանի փողոցներում եւ անցկացրինք փոքրիկ հարցում, որին մասնակցեցին շուրջ 50 հոգի: Ամենատարածված պատասխանը` երկրի գլխավոր ղեկավար ուժին բացահայտելու հարցին, հետեւյալն էր. ««օլիգարխայի» մեքենաներով օլիգարխներն ու «բեսպրեդելը»»: Առհասարակ մեծամասնությունն իր պատասխաններում նույնիսկ չհիշեց հիմնական ինստիտուտները: Կոռուպցիա, սուտ, անբարոյականություն, «չգրված օրենքներ», օտար պետություններ. ահա այն ուժերը, որոնք, հարցվածների մեծամասնության կարծիքով, «ղեկավարում» են Հայաստանը:

Ինչ վերաբերում է իշխանության հիմնական ինստիտուտներին, ապա այստեղ «առաջին տեղում» է նախագահը. 15 հոգի նրան համարեցին երկրի գլխավոր ղեկավար ուժ: Ոչ ոք չնշեց կառավարությանը կամ որեւէ առանձին նախարարության: Եվ միայն 5 հոգի «իրենց ձայնը տվեցին» ԱԺ-ին, այն էլ այն պատճառաբանությամբ, որ «օլիգարխներն այնտեղ շատ են»: «Հայաստանը ղեկավարում է Հանրապետական կուսակցությունը. երկրի բոլոր ոլորտներում ներկայացված է եւ հարցեր է լուծում», տնտեսագետ Գագիկի այս կարծիքին էին եւս 3 հոգի: Իսկ սուպերմարկետից Ամանորի առեւտուր անող տնային տնտեսուհի Լիդայի խոսքերովՙ Հայաստանը «ղեկավարում» են բարձր գները:

Փաստորեն, ինչպես կարելի է նկատել, 50 երեւանցիների համար գոնե, երկիրը ղեկավարվում է հիմնականում երեւույթների կամ հասկացությունների կողմից, ոչ թե կոնկրետ իշխանական մարմինների: Մի թոշակառու կին նույնիսկ նկատեց. «Երկինքն է ղեկավարում Հայաստանը, երկինքն` իր հրեշտակներով»:

Իսկ Ամիրյան փողոցում մուրացկանությամբ զբաղված մի տղամարու կարծիքը հետեւյալն էր. «Հայաստանը ղեկավարում եմ ես, դու, էն ավտոյի շոֆերը, էս խանութի շեֆը, էս եկող սիրուն աղջիկը. բոլորով էլ ղեկավարում ենք Հայաստանը, բա՛»:

Համաձայնեք, որ այս պատասխանը հիշեցնում է ՀՀ սահմանադրության «ինչ-որ, շատ կարեւոր» հոդված, էլ չենք խոսում եվրոպական ժողովրդավարության հիմքի մասին:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4