«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2009-12-25 | #238, 2009-12-26 | #239, 2009-12-29


Ո՞ՐՆ Է ԱՄԵՆ ՄԵԿԻՍ ՀՈԳԵՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Եվս մի օր, եւ նախատոնական եռուզեռը կհասնի իր գագաթնակետին: «Նոր տարին որեւէ հոգեւոր խորհուրդ չունի, դա ընդամենը մի տարվա սկիզբ է: Դրանից հետո մենք ունենք ավելի կարեւոր տոն` Սուրբ Ծնունդը: Օրինակ` Արեւմուտքում Նոր տարին երկրորդական մի տոն է, որը մտնում է Սուրբ Ծննդյան տոների մեջ, ո՞վ է այնտեղ Նոր տարվա մասին խոսում, ոչ ոք: Նոր տարին կոմունիստական գաղափարախոսության պտուղ է, դա այդպես կարեւորվել է, որպեսզի Սուրբ Ծնունդը երկրորդ պլան մղվի, մոռացվի: Նոր տարվա շատ ատրիբուտներ հենց Սուրբ Ծննդյան հետ են կապված, օրինակ, տոնածառը նույն կենաց ծառն է, կամ ամանորյա` մսեղենով լցված սեղանի վրա ի՞նչ գործ ունի պասուց տոլման: Մինչեւ Սուրբ Ծնունդը պետք է պասի օրեր լինեին», ասում է Կոտայքի թեմի Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը:

Առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող Ջրվեժ գյուղի Սուրբ Կաթողիկե եկեղեցին պարզվում է` շատ մեծ համայնք ունի, որի մեջ մտնում են ինչպես Կոտայքի մարզի, այնպես էլ Երեւանի տարբեր վայրերի բնակիչներ:

Դեկտեմբերի 27-ին` կիրակի օրը, եկեղեցում մատուցվեց այս տարվա վերջին պատարագը: Հատուկենտ եկեղեցիներում կարելի է տեսնել, որ պատարագի ժամանակ` առաջին շարքերում կանգնած կամ նստած լինեն փոքր երեխաներ ու ոգեւորությամբ սպասեն` երբ են հաղորդություն ստանալու:

Տեր Կյուրեղ քհն. Տալյանն այսօր մեծ դեր ունի երեխաների հոգեւոր դաստիարակության գործում, նրա շնորհիվ է, որ համայնքի երեխաներն այդպիսի ոգեւորությամբ են գալիս պատարագներին:

Փառանձեմ Խեչումյանը 9 տարի շարունակ եղել է «50-ական» կոչվող աղանդավորական խմբավորման անդամ: Նրանցից խոր հիասթափություն ապրելուց հետո վերադարձել է իր ճշմարիտ կրոնին:

«Ես վերագտա ինձ Տեր Կյուրեղի շնորհիվ, հիմա իմ տան անդամները շարունակում են աղանդավորներ մնալ, եւ տանը, եւ դրսում հիսունականները հալածում են ինձ: Շատ անգամ Տեր Կյուրեղը նրանցից պաշտպանել է ինձ` իր տանը ապաստան տալով, ֆինանսապես օգնելով», ասում է 37-ամյա Փառանձեմը:

«Բարեգործություն անելը չպետք է լինի միայն մի տոնից առաջ կամ հետո, դա չընդհատվող գործընթաց է, ինչպես աստվածճանաչողությունը: Աստծո համար բոլոր օրերն էլ նույնն են», ասում է հոգեւոր հովիվը:

Մի բարերարի հովանավորությամբ համայնքի 6 ամենաաղքատ ընտանիքներ ամսական 10 հազարական դրամ օգնություն են ստանում, գյուղում կառուցվել է կիրակնօրյա դպրոց, հոգեւոր գրադարան: Տեր Կյուրեղ քահանայի ծառայության օրոք բարերարները նաեւ համաձայնեցին կառուցել եկեղեցու զանգակատունը: Նախկինում եկեղեցին հեռվից չէր երեւում, պետք էր տների մեջ փնտրել: Տեր Կյուրեղը, սակայն, բարերարներից ոչ մեկի անունը չնշեց, ասելով, որ քրիստոնյա բարերարը չի ուզում` իր անունը շեշտվի:

Միշտ տարեվերջին քաղաքական գործիչները տարվա ամփոփում են անում` ամեն մեկն իր ոլորտի համար, իսկ հետաքրքրական է` հոգեւոր առումով ի՞նչ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցանք:

«Սա արդեն անհատական բան է, դրա պատասխանն ամեն մարդ ինքն իր մեջ պետք է փնտրի: Հիմա շատացել են նյարդային մարդիկ, ավելացել է չարությունը, իրար չներելը, եւ այդ ամենի պատճառը սիրո պակասն է:

Չէ՞ որ «Աստված սեր է». սա Հովհաննես Մկրտչի ձեւակերպումն է, եւ այդ սեր Աստված մեր կյանքից բացակա է, դրա համար էլ շատացել են հիվանդությունները»,- ասում է Տեր Կյուրեղը:

Մասնագիտությամբ ֆինանսիստ Լեւոն Շաղբաթյանը հավատում է հոգեւոր բժշկությանը եւ բժշկվել է հենց իր հավատի օգնությամբ:

«Մի օր շատ վատ էի ինձ զգում, որոշեցի գնալ եկեղեցի, որ քահանան իմ համար բժշկական աղոթք կարդա: Այնքան վատ էի, որ 58 համարի երթուղային տաքսու փոխարեն առանց հասկանալու նստեցի 118 համարը, վարորդին հարցրի` հասնում եք եկեղեցի, ասաց` այո, բայց ճանապարհին հասկացա, որ իմ ուզած եկեղեցին գնալու փոխարեն, երթուղայինը հասնում է Ջրվեժի Սուրբ Կաթողիկե, դե մտածեցի եկեղեցին եկեղեցի է էլի եւ այդպես ծանոթացա Տեր Կյուրեղի հետ, ով օգնեց ինձ բժշկվել», պատմում է Լեւոնը:

Տեր Կյուրեղը մասնագիտությամբ ռեժիսոր է եղել, 1976-ին ավարտել է մանկավարժական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, ավարտելուց հետո աշխատել է որպես ռեժիսոր, Իգիթյանի մանկական դաստիարակության կենտրոնի մանկական թատրոնի հիմնադիրն է: Այնուհետեւ հիասթափվելով ռեժիսուրայից` թողել է իր մասնագիտությունն ու տարբեր աշխատանքներ արել` ընտանիքը պահելու համար, մինչեւ անգամ բանվորություն: Միաժամանակ եկեղեցում շապիկ էր հագնում ու մասնակցում պատարագներին:

«Արդեն հասունացել էր հոգեւորական դառնալու միտքը, որպես բարձրագույն կրթություն ունեցող` նստեցի ճեմարանի նախավերջին լսարանը եւ 2 տարի անց ավարտեցի: 1990-ին ձեռնադրվել եմ քահանա ու մի վայրկյան անգամ չեմ փոշմանում: Արդեն 13 տարի ծառայում եմ Ջրվեժի Սուրբ Կաթողիկեում», ասում է Տեր հայրը:

Մարդու հավատքն առ Աստված մեծ զորություն ունի, այն արթնացնում է մարդու մեջ թաքնված ներքին մեծ հնարավորությունները, որոնք մարդուն դարձնում են առողջ ու ավելի երջանիկ: Այնպես որ Նոր տարվա ճոխ գնումներից ու սեղաններից հետո` հունվարի 5-ի երեկոյան, չզլանանք գնալ եկեղեցի ու մասնակցել Ճրագալույսի Ս. պատարագին, որը տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան ու Ս. Հարության տոներին: Այդ օրը եկեղեցուց տուն բերելով վառված ճրագները` մենք տուն ենք բերում եկեղեցու օրհնությունն ու աստվածային լույսը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4