«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2009-12-25 | #238, 2009-12-26 | #239, 2009-12-29


ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԱԿՆԹԱՐԹՆԵՐԸ

Եվս մի քանի օր եւ պատմության գիրկը կանցնի 2009-ը, որը հարուստ էր զանազան մարզական իրադարձություններով, որոնց «Ազգը» հանգամանորեն անդրադարձել է: Մրցաշրջան-2009-ում էլ հայ մարզիկները մի շարք նվաճումների հասանՙ բարձր պահելով հայկական սպորտի պատիվը: Օլիմպիական մարզաձեւերից Հայաստանի պատվիրակներն աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում 135 մեդալ են նվաճել: Եկեք մի հետադարձ հայացք գցենք եւ վերհիշենք մրցաշրջան-2009-ի հաղթական ակնթարթները:

Հաղթանակ, որին սպասել էինք 20 տարի

Ինչպես եւ նախորդ տարիներին, 2009-ին էլ Հայաստանի մարզիկներից ամենահաջողը ծանրորդների ելույթներն էին: Մրցաշրջան-2009-ում նրանք աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում ընդհանուր առմամբ 69 մեդալ նվաճեցին (երկամարտի արդյունքներովՙ 24): Անկասկած, տարվա գլխավոր իրադարձությունը ծանրամարտի աշխարհի առաջնությունում Նազիկ Ավդալյանի նվաճումն էր: Հայ մարզուհին իրեն հիանալի դրսեւորեց մինչեւ 69 կգ քաշային կարգումՙ դառնալով անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոն ծանրորդուհին: Այս հաղթանակին երկար էինք սպասել, ամբողջ 20 տարի: Վերջին անգամ լավ ավանդույթներ ունեցող հայկական ծանրամարտում աշխարհի չեմպիոնի տիտղոսը հաջողվել էր նվաճել Բարսելոնի օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանին 1989-ին: Իսկ անկախ Հայաստանի վերջին աշխարհի չեմպիոնն ըմբիշ Արամ Մարգարյանն էր, որը ոսկե մեդալ էր նվաճել 2002-ին:

Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում ի նշան Նազիկի փառահեղ հաղթանակի հնչեց Հայաստանի օրհներգը եւ բարձրացվեց հայկական եռագույնը: Նրա թիմակիցները եւս հաջող մրցելույթներ ունեցան: Առաքել Միրզոյանը (69 կգ) եւ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը (77 կգ) հռչակվեցին աշխարհի փոխչեմպիոններ, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ) դարձավ բրոնզե մրցանակակիր:

Մեր ծանրորդների հաղթարշավը սկսվել էր դեռեւս ապրիլին Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում: Առաքել Միրզոյանը նորամուտը մեծահասակների առաջնությունում նշեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի նվաճմամբ: Եվրոպայի փոխչեմպիոններ դարձան Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը:

Իրենց ավագ ընկերներից հետ չմնացին նաեւ մեր երիտասարդ ծանրորդները: Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նրանք նվաճեցին 16 մեդալ (7 ոսկե, 6 արծաթե, 3 բրոնզե): Իրենց հիանալի դրսեւորեցին Սմբատ Մարգարյանը (56 կգ), Աղասի Աղասյանը (77 կգ) եւ գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը, որոնք հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ: Աղվան Մելիքյանը (85 կգ) եւ Վարդան Դավթյանը (94 կգ) դարձան արծաթե մեդալակիրներ, իսկ Վանիկ Ավետիսյանը (62 կգ) արժանացավ բրոնզե մեդալի: Միջազգային մրցաշարերից մեդալների հարուստ ավարով տուն վերադարձան նաեւ պատանի ծանրորդները:

Նվաճումներ մյուս մարզաձեւերում

Հենակետային մյուս մարզաձեւերում եւս գրանցվեցին առանձին հաջողություններ եւ նվաճումներ: Մրցաշրջան-2009-ը արգասաբեր էր մեր ըմբիշների համար: Պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանի հավաքականին իրավունք էր տվել մասնակցելու փետրվարին Ֆրանսիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մեր հավաքականը 8 ուժեղագույն ընտրանիների մրցավեճում զբաղեցրեց 3-րդ տեղը: Այդ մրցաշարում Հայաստանի հավաքականը մի շարք տպավորիչ հաղթանակներ տոնեցՙ այդ թվում առավելության հասնելով Ադրբեջանի ըմբիշների նկատմամբ:

Ապրիլին Վիլնյուսում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանն ու Յուրի Պատրիկեեւը գետնելով բոլոր մրցակիցներին, կանգնեցին պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Ազատ ոճային Ռուսլան Բասիեւն արժանացավ արծաթե մեդալի, իսկ Ժիրայր Հովհաննիսյանն ու Էդգար Ենոքյանը տուն վերադարձան բրոնզե պարգեւներով: Մեր ըմբիշներն առանց պարգեւների չմնացին նաեւ Դանիայում անցկացված աշխարհի առաջնությունում: Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը մրցաշարում 4 հաղթանակ տոնեց, այդ թվում ադրբեջանցի Ռովշան Բայրամովի նկատմամբ ու մտավ եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում Ռոմանի մրցակիցն աշխարհի քառակի չեմպիոն իրանցի ըմբիշն էր, որին հաղթել չհաջողվեց: Ամոյանը բավարարվեց արծաթե մեդալով, ինչը եւս մեծ նվաճում է:

Տարին հաջող էր նաեւ հայ ձյուդոյիստների համար: Հայկական ձյուդոյի պատմության մեջ առաջին անգամ հայ մարզիկն աշխարհի առաջնությունում մրցանակակիր դարձավ: 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանն առաջին բրոնզե մեդալը պարգեւեց Հայաստանին: Երեւանում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում էլ մեր ձյուդոյիստները 3 մեդալ նվաճեցին: Առավել հաջողը 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանի ելույթն էր, որը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Միջազգային մրցաշարերում 14 մեդալ նվաճեցին հայ բռնցքամարտիկները: Դրանցից ուղիղ կեսը բաժին հասավ մեր պատանի բռնցքամարտիկներին, որոնք իրենց հիանալի դրսեւորեցին Երեւանում անցկացված մարզաձեւի աշխարհի պատանեկան առաջնությունում: Բոլորին գերազանցեց Կորյուն Սոմողոնյանըՙ հռչակվելով աշխարհի չեմպիոն: Արծաթե մեդալակիրներ դարձան Ջոնիկ Տոնոյանը եւ Հայկ Խաչատրյանը, իսկ Գոռ Մարգարյանը, Արթուր Քաջոյանը, Ալեքսան Նազանյանն ու Վոլոդյա Հայրապետյանը նվաճեցին բրոնզե մեդալներ:

Միլանում կայացած բռնցքամարտի մեծահասակների առաջնությունում նախորդ տարվա աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Եվրոպայի երիտասարդական առաջնությունում էլ Կարեն Այլազյանը կանգնեց պատվո պատվանդանի վերին աստիճանին:

Նվաճումներ գրանցվեցին նաեւ սամբոյում: Վստահ հանդես եկավ Վաչիկ Վարդանյանը: Նա աշխարհի առաջնությունից տուն վերադարձավ արծաթե մեդալով, իսկ Եվրոպայում ճանաչվեց 3-րդը: Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց Աշոտ Դանիելյանը: Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիրներ դարձան սամբիստներ Վահան Հովհաննիսյանը, Դավիթ Խաչատրյանը եւ Ժաննա Վարդանյանը:

Հրաձիգ Նորայր Բախտամյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ, նույնպիսի նվաճման հասավ թհեքվոնդոիստ Արման Երեմյանը համաշխարհային ուսանողական խաղերում:

Պրոֆեսիոնալ ռինգի հայ ասպետները

2009-ի հայկական սպորտի փառահեղ նվաճումների շարքին պետք է դասել նաեւ պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամի, Վախթանգ Դարչինյանի եւ Սյուզի Քենտիկյանի հաղթական ելույթները: Արթուրն ու Սյուզին շարունակեցին իրենց անպարտելի ելույթները պրոֆեսիոնալ ռինգումՙ տոնելով մի քանի տպավորիչ հաղթանակներ ու հերթական անգամ պաշտպանեցին իրենց տիտղոսները: Արթուր Աբրահամը հաջող նշեց նորամուտը 2-րդ միջին քաշային կարգում: Նա 6 ուժեղագույն բռնցքամարտիկների մրցավեճում անդրանիկ մենամարտում նոկաուտի ենթարկեց Ջերմեն Թեյլորին եւ այժմ 3 միավորով գլխավորում է մրցաշարի մասնակիցների ցանկը: Արթուրը կրկին ճանաչվեց Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:

Վախթանգ Դարչինյանն էլ, որ այս տարվանից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, վերջերս հաջողությամբ պաշտպանեց թեթեւագույն քաշային կարգում WBC-ի եւ WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսները: Պրոֆեսիոնալ ռինգում հաղթանակներ տարան նաեւ Ալեքսանդր Աբրահամը, Կարո Մուրադն ու Վանես Մարտիրոսյանը:

Իմաստուն խաղի հայ վարպետները

Հայաստանը վաղուց շախմատային գերտերություններից մեկն է աշխարհում եւ 2009-ին էլ մեր շախմատիստները մեկ անգամ եւս ապացուցեցին դա: Մեր շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը մի քանի տպավորիչ հաղթանակներ տարավ հեղինակավոր մրցաշարերում, ժամկետից շուտ դարձավ Գրան պրիի խաղարկության հաղթողՙ ապահովելով մասնակցությունը հաջորդ տարի կայանալիք աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարին:

Նրանից հետ չմնացին նաեւ մեր առաջատար գրոսմայստերները: Լիլիթ Մկրտչյանը միայն լրացուցիչ մրցախաղում զիջելով մրցակցուհուն, Եվրոպայի անհատական առաջնությունում գրավեց 2-րդ տեղը: Իսկ Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությունում գրավեց 4-րդ տեղըՙ պարտության մատնելով հաղթող ճանաչված ադրբեջանցիներին:

Ի դեպ, մեր շախմատիստներին առաջինը հարկ կլինի 2010-ին մտնելու մրցասպարեզ: Հունվարի 4-13-ը Թուրքիայի Բուրսա քաղաքում կկայանա աշխարհի թիմային առաջնությունը:

Մարզական տարվա ավարտը նշանավորվեց բասկետբոլի նորաստեղծ «Հատիսի» տպավորիչ ելույթներովՙ մեծ ոգեւորություն առաջացնելով հայ մարզասերների շրջանում: «Հատիսն» էլ արդեն հունվարի 7-ին կմտնի մրցասպարեզՙ 1/16 եզրափակիչում Երեւանում հյուրընկալելով ռուսական «Նադեժդային»:

Ավարտվում է մրցաշրջան-2009-ը: «Ազգի» մարզական բաժինը շնորհավորում է մարզաշխարհի ներկայացուցիչներին, բոլոր մարզասերներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթովՙ մաղթելով ամենայն բարիք: Թող 2010-ը նորանոր նվաճումների տարի դառնա:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4