Դեկտեմբերի վերջին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հրավիրել էր մամուլի ասուլիս` լրագրողներին ներկայացնելու անցնող տարվա արդյունքներն ու խոսելու 2010-ին ծրագրված սոցիալ-տնտեսական խնդիրներից:
Ասուլիսը հաջորդել էր նույն օրը տեղի ունեցած Ազգային Ժողովի արտահերթ լիագումար նիստին, որտեղ երկրորդ ընթերցմամբ օրենքի ուժ էր ստացել հաջորդ տարվա պետբյուջեն: Վարչապետը գոհունակություն հայտնեց 2009-ի տնտեսական արդյունքների առթիվ, նշելով, որ այն նշանակալից էր ոչ միայն եկամուտների ու ծախսերի ճիշտ հաշվարկման ու կատարման առումով, այլեւ հրաշալի նախադրյալ է ստեղծված 2010-ին երկրի զարգացման ավելի բարձր մակարդակ ապահովելու համար:
Հակիրճ նախաբանից հետո վարչապետը պատասխանեց լրագրողների տարաբնույթ հարցերին: Մասնավորապես, ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրում էր, թե նոր տարում կառավարությունը վերաբնակեցման քաղաքականության մեջ ինչ թարմացումներ է նախատեսել: Ճշտում կատարելով ձեւակերպման մեջ, վարչապետն ասաց, որ գործադիր իշխանության ուղեգիծը խարսխվում է ոչ թե վերաբնակեցման, այլ զարգացման քաղաքականության մեջ: Պարզաբանելով հիշյալ դրույթը, Արա Հարությունյանը նշեց, որ տարիներ շարունակ այս ուղղությամբ իրականացված միջոցառումները ցանկալի արդյունք չեն տվել, որովհետեւ տվյալ տարածքում ապրողների համար զարգացման ծրագրեր չեն կազմվել: Այս համատեքստում նա առանձնացրեց էներգետիկ, ճանապարհաշինական, ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող խնդիրները, շեշտելով, որ դրանց լուծումից հետո միայն կարելի է անցնել սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը:
Լրագրողները հարց ուղղեցին Արցախում երկրորդ բջջային օպերատորի ներգրավման հավանականության վերաբերյալ` նկատի առնելով, որ «Ղարաբաղ Տելեկոմի» բջջային ծառայությունների սակագներն անհամեմատ բարձր են: Կապված ԼՂՀ բարդ ռելիեֆի հետ, ըստ վարչապետի, դա մի քիչ բարդ հարց է, քանի որ հանրապետության տարածքի եւ բնակչության ծավալները համարժեք չեն: Բանակցություններ են տարվում սակագների հնարավոր իջեցման ուղղությամբ, ինչ մնում է նոր բջջային օպերատորի մուտք գործելուն, ապա, նրա կարծիքով,առկա պայմաններում հազիվ թե դա կարող է երկրորդ օպերատորի համար շահութաբեր լինել:
Ինչքանո՞վ է ազդել համաշխարհային տնտեսական ճգնաժամը ԼՂՀ-ի վրա: Այս հարցին պատասխանելով, վարչապետը նշեց, որ բնակչության վրա զգալի չի եղել, քանի որ նախատեսված բոլոր սոցիալական ծրագրերն էլ հաջողությամբ իրականացվել են: Միեւնույն ժամանակ, կառավարությունը ճգնաժամի ազդեցությունը շոշափելիորեն զգացել է, եւ հույս հայտնեց, որ նոր տարում դրա հետեւանքները համեմատաբար կմեղմանան:
Գնահատելով նոյեմբերին կայացած համազգային դրամահավաքի արդյունքները, վարչապետը նշեց, որ ինքը գոհ է մնացել դրամահավաքից, եւ չի ընդունում այն տեսակետը, թե «Հեռուստամարաթոն-2009» ձախողվել է: Ամենակարեւորը, ասաց Արա Հարությունյանը, այն է, որ տարեցտարի հանգանակության մասնակիցների թիվն ավելանում է, ինչը վկայում է հիմնադրամի նոր ղեկավարության լավ աշխատանքի մասին:
Ո՞րն է 2009-ի ամենամեծ ձեռքբերումը: Հարցին ի պատասխան վարչապետը նշեց ժողովրդագրական աճը եւ շինարարության աննախադեպ ծավալները ԼՂՀ-ում: Մասնավորապես, ըստ Արա Հարությունյանի, անցյալ տարի շուրջ 100 միլիոն դոլարի շինարարական աշխատանքներ են իրականացվել հանրապետությունում, եւ այդ տեմպերը շարունակվելու են նաեւ նոր տարում: Իսկ ձախողում արձանագրվել է գյուղատնտեսության բնագավառում, տեղեկացրեց գործադիրի ղեկավարը, որն առավելապես ֆորս-մաժորներով կարելի է բացատրել:
Արդյո՞ք հունվարի 1-ից էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագներն Արցախում կբարձրանան. հետաքրքրվեցին լրագրողները:
Եթե դոլարի տատանումները ցցուն չլինեն, ապա էլեկտրաէներգիան չի թանկանա, հավաստիացրեց վարչապետը, իսկ ահա ջրի սակագինը կփոխվի: Որպեսզի կարողանանք շուրջօրյա ջուր ապահովել, ասենք, Ստեփանակերտում` պետք է օգտագործվող ջրի համար ռեալ գին վճարել, մինչդեռ այստեղ գործող սակագինը ցածր է, եւ դա խոչընդոտում է ճյուղի զարգացմանը:
«Ազգի» թղթակիցը, հիշեցնելով նախորդ տարեվերջին վարչապետի արտահայտած այն միտքը, թե կառավարության գործունեությանը շատ բանով կարող է նպաստել համայնքների ակտիվացումը, փորձեց իմանալ` արդյո՞ք համայնքների աշխատանքում ակնկալվող ակտիվացումն առկա էր 2009-ին: Առաջընթաց կա, հավաստիացրեց գործադիր իշխանության ղեկավարը, բայց դրանով բավարարվել չի կարելի: Ամենածանր խնդիրն այս բնագավառում փոքրաթիվ համայնքների առկայությունն է եւ համայնքային ընտրությունների ժամանակ դեռեւս նկատվող` լարված հարաբերությունները թեկնածուների միջեւ, ինչը բացասաբար է անդրադառնում համայնքի հետագա գործունեության վրա:
«Ազգի» հաջորդ հարցը հետեւյալն էր` ո՞րն է վարչապետի մոտեցումը պետական կառավարման մարմիններում հաստիքների ուռճացվածության փաստին: Ուռճացվածություն իրոք կա, չժխտեց Արա Հարությունյանը, եւ պետք է ճիշտ քաղաքականություն տանել այդ ուղղությամբ, քանզի անհրաժեշտ կրճատումները մյուս կողմից կարող են դժվար վիճակ ստեղծել աշխատանքի շուկայում: Խնդրի լուծման նպատակասլաց ուղին վարկային ճիշտ քաղաքականությունն է, որը կառավարության կարեւորագույն ծրագրերից մեկն է:
Պատասխանելով ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հարցին, վարչապետը նշեց, որ իր գնահատմամբ` այս բնագավառում 2009 թվականին ձեռքբերումներ կամ ձախողումներ չեն եղել: Նա վերահաստատեց այն համոզմունքը, որ առանց ԼՂՀ ժողովրդի կամքը հաշվի առնելու` ղարաբաղյան հակամարտությունը տրամաբանական լուծում չի ունենա:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ