Սկսեցին աճել նաեւ անհատական տների գները
2009-ի նոյեմբերին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15674 գործարք, ինչը 2,6 տոկոսով բարձր է 2009-ի հոկտեմբերին կատարված գործարքների եւ 24,6 տոկոսով` 2008-ի նոյեմբերի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել է 0,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ նվազելՙ 9,1 տոկոսով: 4067 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 8189 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 35,1 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:
Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 64,3 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2009-ի հոկտեմբերի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նոյեմբերին նվազել է 20,8 տոկոսով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճելՙ 37,3 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել ենՙ 1,9 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները նոյեմբերին այսպիսին են եղել.
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) նոյեմբեր 2008թ. | Միջին գները (դրամ) նոյեմբեր 2009թ. | Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2009թ. |
Կենտրոն | 495400 | 465600 | 461700 |
Արաբկիր | 400400 | 366800 | 360100 |
Քանաքեռ-Զեյթուն | 310000 | 277500 | 270400 |
Նոր Նորք | 269100 | 227600 | 221800 |
Ավան | 276900 | 229400 | 228100 |
Էրեբունի | 271600 | 241100 | 235700 |
Շենգավիթ | 278300 | 241800 | 235800 |
Դավթաշեն | 299300 | 261300 | 253700 |
Աջափնյակ | 265500 | 230700 | 226000 |
Մալաթիա-Սեբաստիա | 259000 | 230100 | 222800 |
Նուբարաշեն | 167900 | 142200 | 143300 |
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 299400 | 264900 | 259900 |
Մարզերում, բացառությամբ Երեւանի, նոյեմբերին վաճառվել են 343 բնակարաններ, որոնց քանակը հոկտեմբերի համեմատ նվազել է 8,8 տոկոսով, իսկ 2008-ի նոյեմբերի համեմատ աճելՙ 10,7 տոկոսով: Միաժամանակ, արձանագրվել է նաեւ միջին գների փոքր աճ հոկտեմբերի համեմատՙ 0,3 տոկոսով:
Երեւանից հետո ամենաթանկ բնակարանները նոյեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 181 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը կազմել է 156 հազար դրամ: Ապա գալիս են Աբովյանըՙ 150 հազար հազար դրամ, Գորիսըՙ 139 հազար դրամ, Աշտարակըՙ 135 հազար դրամ, Իջեւանըՙ 132 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 128 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:
Նոյեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 448 գործարք, որից 152-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը հոկտեմբերի համեմատ նվազել է 3,2 տոկոսով, իսկ մարզերում աճելՙ 2,4 տոկոսով: 2008-ի նոյեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 94,9 տոկոսով, իսկ մարզերումՙ միասին վերցրած նվազել 5,4 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2009-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 1,1 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) նոյեմբեր 2008թ. | Միջին գները (դրամ) նոյեմբեր 2009թ. | Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2009թ. |
Կենտրոն | 510000 | 471300 | 468000 |
Արաբկիր | 438400 | 371500 | 367000 |
Քանաքեռ-Զեյթուն | 325700 | 280200 | 275400 |
Նորք-Մարաշ | 313700 | 279500 | 277800 |
Ավան | 291000 | 234300 | 234500 |
Էրեբունի | 291000 | 244200 | 242000 |
Շենգավիթ | 293800 | 243800 | 241000 |
Դավթաշեն | 324500 | 264600 | 259000 |
Աջափնյակ | 302200 | 234400 | 232000 |
Մալաթիա-Սեբաստիա | 295300 | 233000 | 228200 |
Նուբարաշեն | 172300 | 147100 | 146800 |
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 323400 | 273100 | 270200 |
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 1 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են, 1 քմ-նՙ 296 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է, 1 քմ-նՙ 164 հազար դրամ, երրորդըՙ Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 141 հազար դրամ, Գորիսը 140 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 136 հազար դրամ, Իջեւանըՙ 132 հազար դրամ, Եղվարդըՙ 127 հազար դրամ 1 քմ դիմաց:
Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2009-ի նոյեմբերին 2008-ի նոյեմբերի համեմատ հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 14,3 տոկոսով, աճուրդով վաճառքներինըՙ 4 տոկոսով: Ընդ որում, Երեւանում հողերի աճուրդ վաճառքի գործարքների քանակը նվազել է 28,6 տոկոսով:
Անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նոյեմբերին կազմել է 1053: Հոկտեմբերի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 11,9 տոկոսով, իսկ 2008-ի նոյեմբերի համեմատ աճել 9,7 տոկոսով:
2009-ի նոյեմբերին անշարժ գույքի 2050 գրավադրման գործարքներից 156-ը եղել են հիպոթեկային գրավադրման գործարքները, որից 129 Երեւանում: Հիպոթեկային գրավադրման գործարքների 83,3 տոկոսն իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 10,3 տոկոսն` անհատական բնակելի տների, մնացածըՙ հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2009-ի հոկտեմբերի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակը նոյեմբերին աճել է 4,7 տոկոսով, ընդ որում, Երեւանումՙ 6,6 տոկոսով, մարզերում նվազել է 3,6 տոկոսով: 2008-ի նոյեմբերի համեմատ հիպոթեկային գործարքներն աճել են 90,2 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 2,1 անգամ, մարզերում` 35 տոկոսով:
Փաստորեն, նոյեմբերին անշարժ գույքի շուկայում գների կայունացմանը 5 ամիս շարունակվող միտումին հաջորդեց աճը: Բնակարանների առումով գների աճը շարունակվեց, իսկ անհատական տների գների աճը սկսվեց: Իհարկե, դեռ վաղ է արձանագրված գների աճի ցուցանիշը միտում համարել, սակայն ակնհայտ է, որ ճգնաժամն ու գների մոտ 30 տոկոսով անկումը Հայաստանի անշարժ գույքի շուկան արդեն հաղթահարել է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ