«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2009-12-26 | #239, 2009-12-29 | #1, 2010-01-12


ՀԱՅ ԵՎ ՀՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ

2009-ի դեկտեմբերին Երուսաղեմում նորից ընդհարում տեղի ունեցավ հայ եւ հույն հոգեւորականների միջեւ, որը կարծես թե տխուր ավանդույթի է վերածվել: Վեճի առիթը ծագել է բեթղեհեմյան սուրբ քարայրի տարածքում` պատերի ու պատուհանների մաքրության համար: Այդ տարածքում հատակի ու ստորին պատերի մաքրելը հայերի իրավունքն է, բայց վերեւի պատերի ու պատուհանների հատվածի մաքրությունը` արդեն հույների, բայց հույների մաքրելու ժամանակ էլ հայերն այնտեղ ներկա պետք է լինեն, քանի որ հատակը հայկական տարածք է: Իսկ անցյալ տարի հույներն արաբների միջոցով խնդրել են, որ իրենց մաքրելու ժամանակ հայերը ներկա չլինեն, որպեսզի հույներն իրենց ավելի ազատ զգան: Մի անգամ հայոց պատրիարքությունը թույլ է տվել, իսկ արդյունքում` հույներն արդեն ոստիկանություն բերեցին հայերի դեմ: Սա դարձել է վեճի առիթ, սակայն իրական պատճառները գալիս են շատ ավելի հեռվից:

«Այս հակամարտության հիմքերը խոր պատմական արմատներ ունեն, կարելի է ասելՙ գալիս են 6-րդ դարից: Հայերի ներկայությունը Երուսաղեմում եղել է թե՛ քրիստոնեությունից առաջ, թե՛ հետո: 6-րդ դարում, երբ արդեն ազգային եկեղեցիներ ստեղծվեցին, Երուսաղեմն ուներ միասնական մի պատրիարք, այսինքնՙ ազգային հատկանիշ չկար, բայց Քաղկեդոնի ժողովից հետո, երբ ստեղծվեցին առանձին եկեղեցիներ, ստեղծվեցին նաեւ առանձին հայկական եւ հունաց պատրիարքություններ: Այս երկու պատրիարքներն իրենց հավասարապես ժառանգորդը համարեցին Երուսաղեմի պատրիարքական աթոռի: Այստեղից արդեն առաջացան իրավունքի տարբեր խնդիրներ, որոնք անընդհատ սրվում էին: Հաջորդ խնդիրները կապվում էին ծեսի, դավանանքի, տոմարական հաշվումների հետ», ասում է Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Մատենադարանի ավագ գիտաշխատող Վարդան Դեւրիկյանը :

Միջնադարում հայկական եւ հունական զատիկները միշտ տարբերվել են, այն կոչվել է Ծռա Զատիկ, այսինքնՙ Զատիկը ծռվել էր. հայերը մի օր էին անում, հույները` մեկ այլ: Դա հատկապես 7 օրվա տարբերություն ուներ, ու միշտ վեճեր էին լինում, թե ում Զատիկն է ավելի վավերական: Այս կռիվներին, ընդհարումներին միշտ միջամտել են թե՛ օսմանյան իշխանություններն ու արաբները, թե՛ խաչակիրները, եւ սա նաեւ եկեղեցաքաղաքական հարց է եղել, այսինքնՙ ներքին եկեղեցական խնդիրը դարձել է արտաքին քաղաքական հարց:

«Այն երկիրը, որը տիրել է Երուսաղեմին, աշխատել է նսեմացնել, ավելի քչացնել այն կողմի իրավունքները, որն իր համար այդ պահին քաղաքական վտանգ է ներկայացրել: Եվ դա իր դասական ձեւակերպումը գտավ օսմանյան շրջանում: Սուրբ երկրի իրավատերերը եկեղեցական 3 մեծ կառույցներն են` հունաց, հայոց եւ կաթողիկե լատին եկեղեցին: Օսմանյան կայսրությանը շատ ձեռնտու էր, որ այս 3-ի մեջ անընդհատ հակասություններ լինեին, քանի որ եթե 3 քրիստոնյա ժողովուրդների եկեղեցիները միանային, թե՛ ներքին, թե՛ արտաքին վտանգ կլիներ կայսրության համար», ասում է Վարդան Դեւրիկյանը:

Ըստ Վ. Դեւրիկյանի` վերջին միջադեպի փաստերը մեղադրում են միայն հակառակ` հունաց կողմին: Բոլոր տեղերում էլ պետք է հավասարության սկզբունքը լինի: Երուսաղեմում, կարելի է ասել, մի չգրված օրենք կա` մի տարի, եթե մեկը մի բան արեց, դա արդեն ավանդույթ է դառնում: Դրա համար էլ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչվում է զինվորյալ միաբանություն, որովհետեւ ինչքան հոգեւորական են, միաժամանակ այդքան էլ այդ տեղերի պաշտպաններն են:

Եթե մի անգամ զիջեցիր, ապա դա արդեն օրենքի ուժ է ստանում, հետեւաբար զիջեցիր, ուրեմն էլ տերը չես: Հայերի մասնակցությունը միջադեպին եղել է արդեն հարկադրված, որովհետեւ ուրիշ ելք էլ չի եղել, իսկ այս քայլն անվերապահորեն պատիվ չի բերում Երուսաղեմի հունաց պատրիարքին ու այնտեղի հույն հոգեւորականությանը:

«Հրեաները Երուսաղեմը հռչակել են իրենց մայրաքաղաք` չնայած աշխարհի ոչ մի պետություն չի ընդունում դա: Ամենամեծ սրբությունը, որ հրեաներինն է, Սիոն լեռն է: Այսօր Սիոն լեռը հայոց թաղամաս է, որտեղ գտնվում են մեր սրբությունները` Սրբոց Հակոբյանց տաճարը, Սրբոց Փրկչի տաճարը, մեր մատենադարանը, հայկական գերեզմանատունը, պատրիարքների աճյունները: Սակայն միակ տեղը հին քաղաքի, որտեղով անցնում է մեքենան, հայոց թաղն է: Երբ դուրս ես գալիս Սրբոց Հակոբյանց վանքից, հրեական այդ մեքենաները տեսնում ես, որ ուղղակի գնում-գալիս են քո առջեւով ու վտանգ են ստեղծում ամեն հայի համար: Իմ կարծիքով` հույների ագրեսիվությունը գալիս է այլ տեղի թելադրանքով, հույներն ուղղակի գործիք են դառնում ինչ-որ ուժերի», ասում է Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը :

Հույների թիկունքում կանգնած են ամբողջ ուղղափառ եկեղեցիները եւ հույն պետականությունը, իսկ հայերը սահմանափակվում են միայն հայ պատրիարքության սահմանների ներսում: Մենք երբեք չենք ասումՙ իսկ ո՞ւր է հայոց պետությունը: Մեր հոգեւորականությունը ստիպված զինվորյալ է այնտեղ: Ցավոք, մեր պետությունն իրավասու չէ միջամտելու այդ ամենին, որովհետեւ դա արդեն կնշանակի միջամտել ուրիշ պետության խնդիրներին:

Ըստ Տեր Շահեի` մենք բռունցքի ուժով ենք պահպանում մեր տարածքներն այնտեղ, այլապես մենք կորած ենք: Երուսաղեմը մեր հոգեւոր առաջին ճակատն է, իսկ հրեական պետությունն արդեն Սիոն լեռը դատարկում է հայությունից:

Տեր Շահե քահանան 47 ուխտավորներով ամսի 17-ին գնալու է Երուսաղեմ, ասում է, որ այնտեղ հայ ուխտավորների մեծ կարիք է զգացվում, հատկապես տաղավար տոների ժամանակ, իսկ ամսի 18-ին հին տոմարով Սուրբ Ծնունդն է Բեթղեհեմում:

Տեր Շահե քհն. տեղեկացնում է, որ ըստ վերջին տվյալների` Պաղեստինյան պետությունն արդեն ներողություն է խնդրել հայերից կատարվածի համար:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4