«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2009-12-29 | #1, 2010-01-12 | #2, 2010-01-13


ՍԴ-Ն ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ ԹՈՂԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Էրդողանը Մեդվեդեւի հետ է հանդիպում այսօր եւ չի բացառվում, որ հայ-թուրքական խնդիրը նաեւ քննարկեն, զուգահեռ` Լավրովն է Երեւան գալիս, այն Լավրովը որ Ցյուրիխում ակտիվ դերակատար էր հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելիս: Հետաքրքրական մի զուգադիպությամբ Հայաստանի Սահմանադրական դատարանը երեկ գտավ, որ հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը: Այս բոլորի մեջ կապեր փնտրողներ, անշուշտ, կան, եւ դեռ հայտնի չէ, թե ինչ արագություն կհավաքի հայ-թուրքական այս գործընթացը, եւ ինչպիսի գործոնների ազդեցությամբ:

Իհարկե, արձանագրությունների դեմ բողոքող ՀՅԴ-ն եւ նրան աջակցող ուժերը երեկ ՍԴ-ի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել` հուսալով, որ մեկ օր առաջ ՍԴ-ին փոխանցված եւ արձանագրությունների դրույթներում թաքնված վտանգները ցուցանող նամակն իր ազդեցությունը կունենա ՍԴ-ի վրա` հակասահմանադրական ճանաչելու արձանագրությունները: Սակայն ՍԴ-ն իր գործը լավ գիտեր` արձանագրությունների սահմանադրականության քննությունը սկսելով առավոտյան ժամը 11-ին եւ ընդամենը մի քանի րոպե անց մտնելով խորհրդակցական սենյակ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, թե քննությունը տեղի կունենա փակ: Հայաստանի նախագահին, ով դիմել էր ՍԴ` հայ-թուրքական արձանագրությունները սահմանադրության համապատասխանությունը որոշելու, ՍԴ-ում ներկայացնում էր արտգործնախար Էդվարդ Նալբանդյանը, բայց նա այդպես էլ լրագրողներին հասանելի չեղավ ոչ առավոտյան, ոչ ավելի ուշ, երբ ՍԴ-ն ներկայացավ իր դիրքորոշմամբ:

Փաստորեն այդ քննությունն իրականացվեց շատ արագ, կարելի է անգամ ասել` հապշտապ, քանի որ արդեն ժամը 16-ին ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը լրագրողներին հրավիրեց ՍԴ` տեղեկանալու քննության արդյունքին:

Նախ` ՍԴ-ն իրավական դիրքորոշումներ էր արտահայտել առ այն, որ արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ եւ չեն կարող վերաբերել ու տարաբնույթ հղումներով վերագրվել որեւէ երրորդ կողմի կամ վերջինիս հետ նշված արձանագրություններն ստորագրած կողմերի փոխհարաբերություններին, ապա` միջազգային պայմանագրերի նախաբաններում համընդհանուր ճանաչում ու լայն կիրառում գտած մի շարք եզրույթներն արձանագրում են գոյություն ունեցող, փաստացի իրողություններ, ցանկություններ, նպատակներ, որոշակի ընդհանուր սկզբունքներ, որոնք էլ նկատի ունենալով` պայմանագրի կողմերը փոխադարձության սկզբունքով համաձայնում են ստանձնել որոշակի միջազգային իրավական պարտավորություններ: Բացի այդ` արձանագրությունները չեն նախատեսում վիճելի հարցերի լուծման, պայմանագրային պարտավորությունների կասեցման կամ դադարեցման ընթացակարգեր ու պայմաններ: Սահմանադրական դատարանը նկատի է առնում, որ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա հաստատումն ու զարգացումը խարսխված կլինեն երկու պետությունների միջեւ գրավոր ձեւով կնքված եւ միջազգային իրավունքով կարգավորվող կոնկրետ համաձայնությունների վրա:

ՍԴ-ն նաեւ հարկ է համարել ընդգծել, որ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությամբ նախատեսված` ընդհանուր սահմանը բացելու վերաբերյալ կողմերի հանձնառության շրջանակներում Հայաստանի հանձնառությունը վերաբերելի է սահմանային անցակետերի բնականոն գործունեությունն իր կողմից ապահովելու հետ կապված իրավակազմակերպչական ու կառուցակարգային խնդիրները լուծելու պատրաստակամությանը:

Սահմանադրական դատարանն ընդգծել է նաեւ, որ միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ կարող են ունենալ միայն ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման շրջանակներում` նկատի ունենալով միջազգային իրավունքի տեսանկյունից դրանց վավերականության ու ՀՀ սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս լինելու հանգամանքները. արձանագրության դրույթները Հայաստանի Հանրապետության օրինաստեղծ ու իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաեւ միջպետական հարաբերություններում չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին: Մի խոսքով`արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը:

Այս որոշման ընթերցումից հետո ՍԴ դահլիճում ներկա դաշնակցականները հնչեցրին «Ամոթ», «Մի թղթով ուրանում եք անցյալը» եւ այլ բացականչություններ:

Գնահատելով ՍԴ որոշումըՙ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նախ նկատեց, թե ՍԴ որոշման սկզբի մասը գրեթե 80 տոկոսով արձագանքն էր մտահոգություններին, որ կային. եթե այդ մասի դիտարկումները դառնային վերապահումներ, կամ Ազգային ժողովը որպես վերապահում կամ կից հայտարություն ընդունի այդ մտահոգությունները, դա փոխանցվի Թուրքիային, վերջինս էլ իր համաձայնությունը տա կամ չտա, ուրիշ բան. «Հիմա սա ուժ չունի դրսի համար` ՍԴ որոշման միայն վերջին մասն է, որ իրավական ուժ ունի, որն ասում է, թե համապատասխանում է սահմանադրությանը: Այսինքնՙ դուռ է բացվում այսպիսով արձանագրություններն Ազգային ժողով փոխանցելու: Հիմա ամբողջ գործը մնում է Ազգային ժողովին, իսկ վերապահումների իմաստը պետք է լինի գործընթացը վերադարձնել բնականոն հուն: Ես կարծում եմ, որ դրականն այս ամենից ի վերջո այն է, որ ՍԴ-ն անդրադարձ է կատարել բոլոր մտահոգություններին», ասաց Ա. Ռուստամյանը` նկատելով, թե ի վերջո այսպիսի տրամաբանությամբ եթե ընթերցվեն արձանագրությունները, ապա նորմալ է, բայց եթե մենք վերապահումներ չենք անում` ՍԴ այս ձեւակերպումները ներքին սպառման համար են միայն: Իսկ թե ինչո՞ւ ՍԴ-ն վերապահումներով չընդունեց իր որոշումը, ըստ Ռուստամյանիՙ դա երեւի դիվանագիտական մարտավարության խնդիր է, մինչդեռ ՍԴ-ն պետք է փորձեր առիթ չտալ, որպեսզի Թուրքիան ժամանակից շուտ օգտագործի մեր դիրքորոշումները, դրա համար պետք չէր արձանագրություններն այսքան շուտ մտցնել ՍԴ: Թուրքիան սա կօգտագործի` կանխելու համար մեր հնարավոր վերապահումները:

ԱԺ-ն կարո՞ղ է փոխել կանոնակարգը` վերապահումների իրավունքը վերապահելով իրեն: Եթե դա չի արվելու, ըստ ՀՅԴ ներկայացուցչի, Հայաստանի նախագահն ինքը կարող է լուծել խնդիրը` առանց սպասելու ԱԺ-ին վերապահումներ ներկայացնելով. ստանալով ՍԴ որոշումը, նախագահն ունի այդ պատմական առիթը, երազեց դաշնակցական գործիչը:

Իր հերթին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովը ՍԴ փաստաթղթին ամբողջական գնահատական խոստացավ տալ առավել լավ դիտարկելուց հետո, այնուամենայնիվ նկատելով, թե ՍԴ-ն շատ հստակ ուսումնասիրել էր խնդրի մանրամասները, ավելին` ՀՅԴ-ի ներկայացրած փաստարկները. նա մի անգամ եւս կարեւորեց արձանագրությունների`առանց նախապայմանների եւ երկկողմ լինելը, որեւէ երրորդ կողմի չվերաբերելը. «Դրանով իսկ հստակ, մեր իրավունքի ուժով «ոչ» ենք ասում այն թուրք գործիչների արտահայտություններին, որոնք ցանկանում էին այդ պրոտոկոլները տարբեր պայմանագրերի հետ կապել. դրանք ընդամենը երկու երկրների միջեւ հարաբերություններ են, ՍԴ-ն դրան իրավական ուժ տվեց դրան»: Նա կարեւոր համարեց եւ այն, որ ՍԴ-ն հղում արեց անկախության հռչակագրին, որում ամրագրված է, որ ՀՀ-ն պետք է հետամուտ լինի Ցեղասպանության ճանաչմանը:

«Կանոնակարգի փոփոխությունը հնարավոր համարո՞ւմ եք» «Ազգի» հարցին ի պատասխան Է. Շարմազանովը նկատեց, թե քաղաքականության մեջ ոչինչ չի բացառում, սակայն ՀՀԿ-ն իր կարծիքը վաղուց է հայտնել: Ընդդիմախոսներն ունեն իրենց կարծիքը, նախագահն` իր կարծիքը, որին սատարում է մեծամասնություն ՀՀԿ-ն, պետք չէ իրադարձություններից առաջ ընկնել: Ամենահնարավորը հետեւյալն է, որ հայերս այս գործընթացում պետք է ելնենք մեր պետական ու ազգային շահերից. «Իշխանությունները հենց տեսնեն, որ այնտեղ կան նախապայմաններ, կետեր, որ վտանգում են ՀՀ-ի շահերը... եթե այդպիսիք լինեին` բնականաբար հոկտեմբերի 10-ին արձանագրությունները չէին կնքվի»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4