«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2009-12-29 | #1, 2010-01-12 | #2, 2010-01-13


ՍՓՅՈՒՌՔՆ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԻՆ ԽՈՐԱՊԵՍ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՁԳՏՈՒՄՈՎ

Սփյուռքի նախարարության ստեղծումից մեկ տարի անցՙ Երեւանի պետական համալսարանում այս ուսումնական տարեսկզբին բացվեց սփյուռքագիտության ամբիոնը, որի ղեկավարն է բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆ. Յուրի Ավետիսյանը: Նորաստեղծ ամբիոնը գործում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, դեռեւս ձեւավորման ընթացքի մեջ է եւ բազում ծրագրեր ունի իրականացնելու:


- Պրն Ավետիսյան, սփյուռքագիտության ամբիոն բացելու ցանկություն վաղուց է եղել պետհամալսարանում, սակայն դա հաջողվեց միայն սփյուռքի նախարարության ստեղծումից հետո: Փաստորեն, ամբիոնի բացումը տեղի ունեցավ հենց նախարարության նախաձեռնությա՞մբ:

- Այո, սփյուռքի նախարարության ստեղծումից հետո անմիջապես միտք հղացավ համալսարանում բացելու սփյուռքագիտության ամբիոն: Մեզ համար վաղուց պարզ էր, որ որոշակի կենտրոններ են պետք սփյուռքագիտությամբ զբաղվելու եւ հայկական սփյուռքը հարկ եղած չափով ուսումնասիրելու համար: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կամքով ստեղծվեց այդ ամբիոնը, որի հիմնական գործունեությունը ուսումնամանկավարժական է, սակայն ուղղվածություններից մեկը գիտական ուսումնասիրություններ կատարելն է: Դրա համար անհրաժեշտ է պատրաստել մասնագետներ, որոնք լրջորեն կզբաղվեն սփյուռքի հիմնախնդիրների ուսումնասիրությամբ` սփյուռքի հայ համայնքների պատմությամբ, մշակույթով, կրթական օջախներով, եկեղեցու պատմությամբ, եկեղեցու եւ հայ համայնքների հարաբերություններով եւ այլ հարցերով:

- Ի՞նչ հետաքրքրություն առաջացրեց սփյուռքագիտության ամբիոնը ուսանողների շրջանում, ովքե՞ր դարձան ձեր առաջին դիմորդները:

- Ամբիոնին կից ստեղծված մագիստրատուրայում այժմ սովորում է 11 ուսանող` հիմնականում հումանիտար կրթության տարբեր ֆակուլտետներից: Նրանց մեջ կան բանասերներ, արեւելագետներ, ռոմանա - գերմանական լեզուների մասնագետներ, բացառությամբ մեկի, որը կենսաֆիզիկոս է: Ուրախալի է, որ նրանք բավականին լավ են տիրապետում օտար լեզուների, ոմանք գիտեն ոչ միայն անգլերեն, այլեւ իսպաներեն, պորտուգալերեն, թուրքերեն: Օտար լեզուների իմացությունը հաշվի ենք առել հետագայում նրանց գիտական աշխատանքի ուղղորդելու նպատակով: Մագիստրատուրան գործում է մանրակրկիտ մշակված եւ սփյուռքի նախարարության հետ համաձայնեցված ծրագրով:

Հարցն այն է, որ սփյուռքագիտությունը որոշակի չափով առանձնանում է բանասիրությունից, սակայն ընդգրկված է բանասիրության ֆակուլտետում: Կարծում եմ, սփյուռքագիտության մագիստրատուրայի շրջանավարտը պետք է ստանա սփյուռքագետի մասնագիտություն, այլ ոչ` մասնագիտացում բանասիրական ֆակուլտետում: Կամենում ենք մասնագիտացումը փոխարինել մասնագիտության, որի համար որոշակի աշխատանք է պահանջվում: Նպատակ ունենք հետագայում բացելու սփյուռքագիտության բաժին, որպեսզի ուսանողը նախ սովորի բակալավրատում, հետո նոր միայն մագիստրատուրայում: Իհարկե, միանգամից մագիստրատուրայում սովորելու փորձը կա մեզանում, բայց համալիր կրթություն ապահովելու համար պետք է ունենալ նաեւ բակալավրատ:

- Սփյուռքագետի համար օտար լեզուների իմացությունից պակաս կարեւոր չէ արեւմտահայերենի իմացությունը: Ի՞նչ մակարդակի վրա է դրված արեւմտահայերենի ուսուցումը:

- Անշուշտ, արեւմտահայերենի ուսուցմանը մեծ տեղ է հատկացված` 2 տարվա համար 3-4 դասընթաց: Դասավանդելու ենք դասական ուղղագրությունից մինչեւ գրաբարի եւ միջին հայերենի, արեւմտահայերենի եւ արեւելահայերենի առնչություններ: Ունենք փորձառու դասախոսներ, որոնք կարող են պահանջվող մակարդակով արեւմտահայերեն սովորեցնել: Հատուկ ուշադրություն ենք հատկացրել նաեւ արեւմտահայ եւ սփյուռքահայ գրականության ուսուցմանը:

- Սփյուռքագիտությունը որպես գիտություն մեզանում, կարելի է ասել, գոյություն չի ունեցել, անշուշտ, գրվել են մի շարք աշխատություններ, սակայն որպես գիտության առանձին ճյուղ չի ուսումնասիրվել: Ի՞նչ դժվարություններ ունեք այս առումով:

- Իրոք, սփյուռքագիտությունը որպես գիտություն նոր-նոր է ձեւավորվում մեզանում, սակայն մեր վաստակաշատ պատմաբաններից մի քանիսը զբաղվել են հայ գաղթօջախների պատմությամբ, այսօր էլ ունենք սփյուռքի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ: Սփյուռքագիտության հիմունքներ առարկան դասավանդում է պատմական գիտությունների դոկտոր Էդվարդ Մելքոնյանը, որը երկար տարիներ զբաղվել է սփյուռքի հիմնախնդիրներով: Հայկական սփյուռքը, ի տարբերություն մյուսների, ունի իր յուրահատկությունները` պահանջատիրություն, ազգային ինքնություն, լեզվի պահպանություն, որոնք ուսումնասիրելու համար մեծ աշխատանք է պետք կատարել: Երբեմն մեզ թվում է, թե լավ ենք ճանաչում սփյուռքը, սփյուռքահային, բայց վերջին իրադարձությունները` կապված հայ-թուրքական արձանագրությունների հետ, ցույց տվեցին, որ սփյուռքյան իրականությունն ուսումնասիրելու առումով լուրջ անելիքներ ունենք: Հայկական սփյուռքը բազմաշերտ ու բազմատարր է, ունենք ավանդական սփյուռք, որի կողքին վերջին 1-2 տասնամյակում արտագաղթի հետեւանքով ձեւավորվել է նոր սփյուռք` միանգամայն տարբեր հոգեբանությամբ, մտածելակերպով, լեզվով: Ավանդական եւ նոր սփյուռքի փոխհարաբերությունների հարցերը եւս չափազանց կարեւոր են մեզ համար:

- Իսկ ի՞նչ կապեր ունեք սփյուռքահայ գիտնականների հետ, նախատեսո՞ւմ եք նրանց հրավիրել դասախոսությունների:

- Ամբիոնը բացելու համար շահագրգիռ ուժեր կային նաեւ սփյուռքում, հետեւաբար ակնկալում ենք նրանց աջակցությունըՙ ստեղծելու փոխադարձ կապեր, այցելություններ: Որոշակի քայլեր արդեն արվել են, եւ կարծում եմ, որ հեռանկարում կունենանք մասնագետներ նաեւ սփյուռքից; Սփյուռքի նախարարության հետ կոնկրետ պայմանավորվածություն կա հանդիպումներ կազմակերպելու Հայաստան ժամանող սփյուռքագետների հետ, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան ճանաչելու նրանց եւ նոր գիտելիքներ ձեռք բերելու: Նպատակ ունենք նրանց հրավիրելու այստեղ գոնե մեկ կիսամյակ դասավանդելու, եթե, իհարկե, մեր միջոցները թույլ տան: Ցանկանում ենք ստեղծել էլեկտրոնային գրադարան, ֆիլմադարան, որպեսզի մեր ուսանողներն ավելի մոտիկից ճանաչեն սփյուռքյան իրականությունը: Գրականության անհրաժեշտությունը մեծ է, սակայն սփյուռքի տարբեր համայնքներում հրատարակվող գրքերը մեզ չեն հասնում, որովհետեւ համալսարանը դրանք չի ստանում: Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է իմանան, որ այս ամբիոնն իրենց գիտական կենտրոնն է եւ զարգացման համար կարիք ունի իրենց աջակցության:

- Դուք միանգամայն տեղին նշեցիք, որ լավ չենք ճանաչում սփյուռքը, սփյուռքահային: Ճանաչողության համար կարեւոր դեր ունեն հոգեբանությունը, մշակույթը: Ի՞նչ եք նախատեսում այդ առումով:

- Հաջորդ տարվանից, այսինքնՙ երկրորդ կիսամյակից, ուսումնական ծրագրում ընդգրկված է «Արդի էթնոհոգեբանության խնդիրները եւ հայ սփյուռքը» առարկան, որը կդասավանդի մեր պարսկահայ ասիստենտը: Նրա դասախոսության մեջ մեծ տեղ է հատկացված ազգային ինքնությունը պահպանելու հոգեբանական խնդիրներին: Կարծում եմ, դա հետաքրքրական կլինի նաեւ սփյուռքահայերին: Մենք պատրաստ ենք մեր դասընթացները զետեղել նաեւ ինտերնետում ու կազմակերպել հեռակա ուսուցում, որը թույլ կտա ունենալ նաեւ սփյուռքահայ ուսանողներ: Դա նրանց համար առիթ կստեղծի նաեւ տարին մեկ-երկու անգամ հայրենիք այցելելու: Ինչ վերաբերում է սփյուռքի մշակույթին, պիտի ասեմ, որ, իրոք, քիչ է ուսումնասիրված: Իհարկե, կան գրքեր, բայց դրանք չեն ընդգրկում արդի շրջանը: Օրինակ, եգիպտահայ գաղթօջախի պատմությունը գրված է, բայց արդի շրջանի մասին մեր գիտելիքները սակավ են: Այդպես նաեւ մյուս համայնքներում: Հեռանկարում շատ հարցեր կան, հույս ունենք, որ հետզհետե ամեն ինչ կկարգավորվի:

Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4