«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2009-12-29 | #1, 2010-01-12 | #2, 2010-01-13


ԳՐԻՊՆ ՈՒ ՑՈՒՐՏԸ ՉԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ

Հունվարի 11-ից հանրակրթական միջնակարգ դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը: Դպրոցներում դասերն ընդհատվել էին դեկտեմբերի 8-ից` գրիպի A H1N1 վիրուսային վարակի պատճառով: Հիմա դպրոցներում աշակերտների հաճախումների քանակը, համենայն դեպս մայրաքաղաքի դպրոցների, նորմալ է:

Ստեփան Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցում` ամսի 12-ին, ընդհանուր 510 աշակերտից կար ընդամենը 44 բացակա` ամեն դասարանում 1-2 հոգի, ինչը նորմալ թիվ է:

«Մեր դպրոցում A H1N1 վիրուսային վարակի ոչ մի դեպք չի եղել, դպրոցի բուժքույրը ամեն օր ստուգում է աշակերտներին, մենք ունեցել ենք միայն թեթեւ գրիպի դեպքեր: Գրիպի համաճարակ միշտ էլ եղել է, որի մասին տեղեկացնելն անհրաժեշտ է, սակայն չմշակված ու չճշտված ինֆորմացիան ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ», ասում է դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանը : Դպրոցում ջերմաստիճանը նորմայի սահմաններում է, երեխաններն էլ դասերին նստում են առանց բժշկական դիմակների:

Ըստ տնօրենի` առաջին` ըստ էության կիսատ մնացած կիսամյակի գնահատականներն ամփոփվելու են հունվարի վերջին: Դպրոցներն աշխատելու են նաեւ շաբաթ օրերը` շարժուն դասացուցակով` 14 շաբաթ շարունակ, որպեսզի լրացնեն առաջին կիսամյակի բացթողումները: Գարնանային արձակուրդ, հավանաբար, կունենան միայն առաջին դասարանցիները:

Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 միջնակարգ դպրոցում հաճախելիությունը նույնպես նորմալ էր: Տնօրեն Լեւոն Հարությունյանն ասում է, որ դպրոցն ունի 458 աշակերտ, որոնցից ամսի 12-ին բացակայում էին 27-ը: Այստեղ էլ AH1N1 վարակի դեպք չի եղել: Բացականերն անպայման դասի են գալիս բժշկական փաստաթղթով: Որքան էլ տարօրինակ թվա, անգամ 11-րդ դասարանում բացակայում էին 3 հոգի, երբ բոլորիս հայտնի է, որ ավարտական դասարաններում աշակերտները դպրոց գնալու փոխարեն գնում են դասախոսների մոտ` դպրոցական նույն դասերը պարապելու, իսկ միգուցե այս ամենը ընդամենը բեմադրությո՞ւն է` առաջին մի քանի օրերի համար:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4