«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2010-01-12 | #2, 2010-01-13 | #3, 2010-01-14


ԱՐԴԱՐԱՑՎԱ՞Ծ ԷՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԱՏԹԱՐԱՑՈՒՄ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ԳԻՆԸ

Հայաստանի տնտեսական անկումն անցյալ տարվա կեսին հասավ իր հատակին: Անկումն իսկապես խորն էր եւ կարող էր բերել լուրջ սոցիալական դժգոհությունների: Միջազգային տնտեսական ճգնաժամով պայմանավորված տնտեսական մեծ անկում արձանագրած բազմաթիվ այլ երկրներում, որոնցից շատերն իրենց կենսամակարդակով ավելի բարձր են Հայաստանից, այս առումով տեղի ունեցան անցանկալի իրադարձություններ: Սնանկացան բանկեր, կրճատվեցին պետական բյուջեների ծախսերըՙ այդ թվում նաեւ թոշակների եւ աշխատավարձերի մասով, թողնելով ծանր սոցիալական հետեւանքներ: Մենք կարծես թե կարողացանք խուսափել նման հետեւանքներից:

Անշուշտ, ճգնաժամն ու տնտեսական անկումը չէին կարող չազդել բնակչության սոցիալական իրավիճակի վրա, մասնավորապես, երբ խոսքը ճգնաժամից առավել շատ տուժած ոլորտների (շինարարություն եւ հանքարդյունաբերություն) ընդգրկված աշխատուժին է վերաբերում: Անցյալ տարի աղքատության ցուցանիշը Հայաստանում որոշ չափով վատացավ: Համաձայն Համաշխարհային բանկի ուսումնասիրության, 2008-ի երկրորդ եռամսյակին արձանագրված 25,6 տոկոս ընդհանուր աղքատության ցուցանիշը 2009-ի երկրորդ եռամսյակին կազմեց 28,4 տոկոս: Այսինքն, աղքատությունն ավելացավ գրեթե 3 տոկոսով: Սա այն բացասական հետեւանքն էր, որից խուսափել հնարավոր չեղավ:

Մյուս կողմից, հարկ է նկատել, որ 2009-ի կեսին տնտեսական անկումը հասավ 18,5 տոկոսի, բայց սոցիալական վիճակը դրան համարժեք չփոխվեց: Ավելին, անցյալ տարվա ընթացքում արձանագրվեց մեկ այլ երեւույթՙ 35 տոկոսով ավելացան բնակչության կողմից բանկերում ներդրված ավանդները, նկատելիորեն ավելացան կատարած ծախսերը, ինչն արտացոլվեց մանրածախ ապրանքաշրջանառության ծավալների ցուցանիշներում: Բնական է, որ հարց է առաջանում, թե ինչպե՞ս մեզ հաջողվեց խուսափել ավելի վատթար սոցիալական հետեւանքներից:

Հիմնական պատճառն այն էր, որ կառավարությունը չգնաց սոցիալական ծախսերի կրճատմանը եւ հայտարարեց, որ դրանք կկատարվեն ամբողջ ծավալով: Այսինքնՙ կտրվեն պետական բյուջեով նախատեսված բոլոր աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները: Ինչն, ըստ էության տեղի ունեցավ: Սակայն հասկանալի է նաեւ, որ առանց միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ Ռուսաստանի Դաշնությունից ներգրավված մեծածավալ վարկային միջոցների, սոցիալական ծախսերն ամբողջությամբ կատարելը խիստ դժվար եւ անգամ անկարելի կլիներ: Միայն Ռուսաստանից ստացված վարկը 185 մլրդ դրամ էր: Համաշխարհային բանկից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից ավելի քան 1,5 մլրդ դոլարի վարկային պայմանագրեր կնքվեցին եւ անցյալ տարի ստացվեցին այդ գումարների զգալի մասը: Վարկային այդ միջոցների շնորհիվ կառավարությունը սկսեց իրագործել իր հակաճգնաժամային միջոցառումները, միաժամանակ կարողանալով ապահովել բյուջեով նախատեսված ծախսերի իրականացումը: Այսինքն, խոշոր վարկերի ներգրավելու հետեւանքով Հայաստանի արտաքին պարտքի ավելացումն այն գինն էր, որը հարկադրված էր վճարել մեր երկիրը սոցիալական իրավիճակի վատթարացումը թույլ չտալու համար: Որքանո՞վ էր դա արդարացված: Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի կառավարությունը հաճախ էր քննադատվում ու հիմա էլ քննադատվում է: Մասնավորապես, շեշտվում է երկրի արտաքին պարտքի զգալիորեն ավելանալու հանգամանքը:

Պաշտպանվելով վերոնշյալ քննադատություններից, կառավարության ներկայացուցիչները նշում են, որ երկրի արտաքին պարտքը մտահոգիչ է դառնում այն ժամանակ, երբ գերազանցում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 50 տոկոսը, որ դեռ հեռու ենք այդ ցուցանիշից եւ մտահոգվելու առիթ չունենք: Նշվում է նաեւ, որ արտաքին պարտքի բարձրակետին Հայաստանը կհասնի 2013-2014 թվականներին:

Արտաքին պարտքի ավելացումը չի կարող չմտահոգել, բայց այն դեպքում, երբ տեսանելի չեն դրա մարման հեռանակարները: Անկախության տարիներից հետո վերցված վարկերն ու դրանց տոկոսադրույքները մեր երկիրը պարտաճաչանորեն մարում էր: Հատկապես 2000-ից սկսված բարձր տնտեսական աճի տարիները նման հնարավորություն տալիս էին: 2009-ին ճգնաժամով պայմանավորված տնտեսական անկումը խախտեց այդ գործընթացը եւ նոր պարտքեր վերցնելու պատճառ դարձավ: Սակայն, եթե այս եւ հաջորդ տարիներին հաջողվի վերականգնել տնտեսական կայուն, հետագայում բարձր աճը, ապա արտաքին պարտքի մարումը առաջիկա տարիներին դժվար չի լինի: Մինչդեռ, եթե կառավարությունը չգնար խոշորածավալ վարկային միջոցներ վերցնելուն եւ չպահպաներ բյուջեով նախատեսված ծախսերը, ապա դա ավելի վատթար սոցիալ-տնտեսական հետեւանքներ կարող էր առաջացնել: Այսինքն, երկընտրանքըՙ մեծ պարտքե՞ր վերցնել, թե՞ «ձգել գոտիները», կառավարությունը լուծեց հօգուտ առաջինի: Դա, թերեւս, արդարացված մոտեցում է, քանի դեռ ճգնաժամն ու անկումը չեն սկսել արագ տեմպով կրճատվել եւ քանի դեռ սոցիալական վիճակի վատթարացման վտանգը գոյություն ունի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4