«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2010-01-12 | #2, 2010-01-13 | #3, 2010-01-14


ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ «ՕՐԵՐՈՒՄ»

Համաեվրոպական «Օրեր» ամսագրի տարեվերջյան համարը, ինչպես խմբագրականում նշում է ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանը , նվիրված է մեր ճարտարապետներին, նկարիչներին ու լուսանկարիչներին, սակայն նրանց մասին նյութերը շոշափում են ոչ միայն անձնականն ու մասնագիտականը, այլեւ ազգային հասարակական-քաղաքականը: «Նրանց միջոցով ճանաչենք ինքներս մեզ ու մեր շրջապատը, լինենք ավելի հանդուրժող եւ բարի, այլապես մեր հայկական աշխարհը չենք կարող կառուցել ոչ մեզ համար, ոչ էլ մեր որդիների»: Շապիկին Արթուր Մեսչյանն է` մոգական երաժիշտն ու ճարտարապետը, որին էլ նվիրված են այս համարի նյութերի գերակշիռ մասը: «Նրա երգը ներաճել, միացել է սերունդների երթին»` Հրաչյա Թամրազյանի այս խոսքերով են սկսվում Մեսչյանի մասին պատմող հոդվածները եւ շարունակվում են նրա հետ Հակոբ Ասատրյանի «Ես փոխում եմ սլաքները, հեռանում եմ դեռ չեկած» եւ Աննա Կարապետյանի «Դժվար եմ... Ու հեշտ թվացող» հարցազրույցներով, հայ-թուրքական հարաբերությունների մասին «Շանթ» հեռուստաընկերությունում Մեսչյանի արտահայտած մտքերով` «Ինձ չի հուզում, սահմանը կբացվի, թե կփակվի: Ինձ հուզում է, թե մենք ինչ ազգային նյութ ենք լինելու, որը կարողանա դիմակայել եւ բաց սահմանին, եւ փակ: Ինձ դա է հուզում: Մենք այն Հայկի զավակները պետք է լինենք, եւ իսկապես դառնանք այն ազգը, որի մասին երազում եմ: Ես չեմ հասկանում` ուր ենք հասել մենք: Այս իրավիճակի մեջ բացել-փակելու խոսակցությունները գուցե կարեւոր են, բայց ինձ համար դա ինչ-որ չափով այնքան կարեւոր չէ, քանի որ մենք ներսում ավելի կարեւոր հարցեր ունենք լուծելու: Ներսում լուծենք մեր հարցերը, հետո ուզում եք բացեք, ուզում եք` փակեք»: «Ճարտարապետական կոթողներ» խորագրի ներքո տեղ է գտել տողերիս հեղինակի հարցազրույցը նրա հետ` որպես Մատենադարանի նոր մասնաշենքի գլխավոր ճարտարապետի:

«Հրատապ թեմա» բաժնում Հարութ Սասունյանի հետ Հակոբ Ասատրյանի հարցազրույցն է` «Մեր պահանջը ոչ թե ցեղասպանության ճանաչումն է, այլ ցեղասպանության հետեւանքների վերացումը» վերնագրով: Սասունյանը կարծիք է հայտնում ինչպես հայ-թուրքական վերջին զարգացումների, այնպես էլ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված խնդիրների, նորաստեղծ սփյուռքի նախարարության, Լինսի հիմնադրամի ծրագրերի եւ այլ հարցերի մասին:

«Օրերի» խմբագիրը զրուցել է նաեւ ավստրիահայ համայնքի դեսպան Ռազմիկ Հարությունյան-Թամրազյանի հետ, որի մասին իր «Խաչքար Հայաստան» գրքում արձակագիր Հրաչյա Մաթեւոսյանը գրել է. «Զարմանալի հայ է, ազնվական հայի կերպար է: Ինչ կա, ինչ տեսնում է ու չի տեսնում, իրենն է, դրանցով է լցվում, հարստանում: Նա չի ասում` կարոտել եմ, չի ասում` սիրում եմ: Ավելորդ բառ չի ասում: Զգում ես, որ տարիներ շարունակ մարդն ապրում է իր հայրենիքի, իր ժողովրդի ճակատագրով»:

Ամսագրում տեղ են գտել նաեւ ամերիկահայ ճարտարապետ Հովսեփ Սարաֆյանի մտքերը Հայաստանի նորակառույց շենքերի ճարտարապետության վերաբերյալ` «Վայրենի կապիտալիզմը մտել է հասարակություն եւ խաթարել է Երեւանը», ասում է նա: Հարցազրույցների շարքը շարունակվում է եւ «Լուսանկարչության նվիրյալները» ենթավերնագրի տակ կարդում ենք Հակոբ Ասատրյանը զրույցը Անդանիկ Քոչարի որդի Վահան Քոչարի հետ: Այս զրույցին հաջորդում է «Ժամանակակից արվեստի մոհիկանը. Հենրիկ Իգիթյան» հրապարակումը, բաղկացած մի քանի հարցազրույցներից` Հենրիկ Իգիթյանի (մահվանից առաջ), նրա եղբոր` Լեւոն Իգիթյանի եւ այրու` Արմենուհի Իգիթյանի հետ: Համարը հագեցած է նաեւ մշակութային իրադարձություններով` «Արեւիկ Պետրոսյան. «Իմ կյանքը, իմ սերը, իմ առաքելությունը», «Չեխ ապակեգործներ. Լիբենսկին եւ Բրիխտովան Հայաստանի համար»` Երեւանում բացված Գաֆեսճյան արվեստի կենտրոնի առիթով, հայ-չեխական պատմական առնչություններով եւ Չեխիայի կինո-դրախտիկով` Արծվի Բախչինյանի հեղինակմամբ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4