«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2010-01-13 | #3, 2010-01-14 | #4, 2010-01-15


ՂԱՐԱԲԱՂԸ ԵԶԱԿԻ ՏԱՐԱԾՔ Է, ՈՐՏԵՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍԻՐՈՒՄ Է ԻՐ ԶԻՆՎՈՐԻՆ

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում 2009 թվականը հաջողակ է համարել պաշտպանության բանակի համար: Մասնավորապես, նրա խոսքով, հակառակորդին չի հաջողվել շփման գոտում դիրքային առաջխաղացում ունենալ, այն դեպքում, երբ ԼՂՀ պաշտպանության բանակը մի շարք հատվածներում դիրքային բարելավումներ է իրականացրել:

Անցյալ տարի բանակում անցկացված զորավարժություններն աննախադեպ են եղել թե՛ ծավալների եւ թե՛ մարտական պատրաստվածության բարձր մակարդակի առումով: Իսկ հանկարծակի անցկացված տեսչական ստուգումները տարբեր զորամասերում` գերազանցել են բոլոր սպասելիքները:

Բանակում կորուստների ու վիրավորների թիվը նկատելիորեն նվազել է, տեղեկացրեց նախարարը: Նույնը կարելի է ասել նաեւ հանցագործությունների մասին:

Աղդամի շրջանում նոր պաշտպանական կառույցներ ստեղծելու կապակցությամբ Մովսես Հակոբյանը նշեց, որ դա իրականացվում է պլանային խնդիրների շրջանակում եւ ոչ մի կապ չունի շրջանառվող մեկնաբանությունների հետ: Նման ինժեներական նորակառույցներ նախատեսվում են նաեւ մյուս շրջաններում, որի նպատակը բացառապես պաշտպանունակության ամրապնդումն է: Պատասխանելով նույն համատեքստում լրագրողների տված հարցերին, մասնավորապես մադրիդյան սկզբունքների եւ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության առնչությամբ, նա ասաց, որ Ջեբրայիլի շրջանում, օրինակ, 1000 տեղանոց զինվորական ճաշարան է կառուցվել, եւ բթամտություն կլինի խոսել ինչ-որ տարածքների հանձնման մասին: Բանակցային գործընթացը եւ պաշտպանական միջոցառումները տարբեր բաներ են, նկատեց նախարարը, փոխանակ ամեն օր քաղաքականությունից խոսելու` պետք է պարզապես աշխատել, հաջողությունների գրավականն ամենօրյա տքնաջան աշխատանքն է: Իսկ պատերազմը հայտարարություններով չեն սկսում, թեպետ իր համար որպես ՊԲ հրամանատարի` առաջնային գծում միշտ էլ պատերազմ է, քանզի 16 տարի շարունակ այդտեղ մարտական հերթապահություն է իրականացվում, որն ուղեկցվում է հաճախակի փոխհրաձգություններով:

Լրագրողները փորձեցին իմանալ առաջնային գծից դիպուկահարներին հեռացնելու` Անջեյ Կասպրշիկի առաջարկության ձախողման պատճառը: Պատճառը Ադրբեջանն է, նշեց նախարարը, հակառակորդ կողմը չի ուզում մեզ հետ ուղղակի պայմանավորվել, եւ քանի դեռ չկա նման պայմանագիր` հնարավոր չի լինի դիպուկահարներին հեռացնել առաջնագծից:

Բանակ-հասարակություն կապի ամրության վերաբերյալ Մովսես Հակոբյանն ասաց հետեւյալը. Ղարաբաղը եզակի տարածք է, որտեղ ժողովուրդն իսկապես վստահում ու սիրում է իր զինվորին, չէ՞ որ երկրի անվտանգության միակ երաշխավորը պաշտպանության բանակն է: ԼՂՀ զինված ուժերի անպարտելիությունը հենց դրա մեջ է:

Նախարարը հերքեց այն լուրերը, թե ԼՂՀ ՊՆ որոշ կառույցներ, ինչպես Հայաստանի պաշտպանության նախարարությունում է, կդառնան քաղաքացիական: Ղարաբաղը գտնվում է պատերազմական վիճակում, եւ մեր պարագայում դա սխալ կլիներ, համոզմունք հայտնեց նա: Մովսես Հակոբյանը կողմնակից չէ ռազմական բնույթի գործընթացներում կանանց ներգրավելուն: Հայրենիքի պաշտպանությունը տղամարդու մասնագիտություն է, իսկ բանակում, անշուշտ, կանանց համար էլ տեղ կա, ինչպես, ասենք, բուժծառայությունները:

Քանի՞ գեներալ ունի այսօր ԼՂՀ պաշտպանության բանակը. նաեւ այսպիսի հարց հնչեցրին լրագրողները: Ունենք գործող 6 գեներալ եւ երեք հոգի էլ` պահեստազորում, պատասխանեց Մովսես Հակոբյանը: Ինչ մնում է սպաներին, ապա նախարարի խոսքով` բանակը համալրված է մանագետ կադրերով, որոնք պատվով են կատարում իրենց պարտքը հայրենիքի առաջ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4