Նախագահ Սարգսյանը, նշելով անցած նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների դասերը, ՀՀԿ համագումարում ասել էր, թե ընտրական համակարգերի, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մամուլի, հավաքների ազատության, մյուս ազատությունների ոչ լիարժեք կայացվածությունն է, որ հնարավորություն է տալիս գլուխ բարձրացնելու չարությանն ու անհանդուրժողականությանը, հանգեցնում հասարակական-քաղաքական ճգնաժամերի, որից դիմակայելու համար պետական, քաղաքական, տնտեսական, հասարակական ինստիտուտների հետագա զարգացմանն ու կայացմանն ուղղված արդյունավետ ջանքեր պետք է գործադրվեն: Մեկուկես ամիս հետո նորից հայացք ձգելով նախագահի ասածին` համոզվում ես, որ ոչ ոք առանձնապես դեռ չի ձգտում այդ մարտահրավերի առաջը լրջորեն առնել: Ահավասիկ` թիվ 10 ընտրատարածքի ընտրությունները, որտեղ արտացոլվեց մեր հասարակությունում ոսկրացած մտայնությունների ողջ համապատկերը: Հիմա կարող էինք, չէ՞, օրինակելի ընտրություններ ապահովել, մանավանդ որ առանձնապես ընտրողների ակտիվություն չկար, կարող էին, չէ՞, մի նորմալ թեկնածու ունենալ կոալիցիան կամ մերձկոալիցիոն շրջանակները, որը ե՛ւ անուն ունենար, ե՛ւ արժանիք... Բայց չէ, մերոնք անպայման սիրում են համը դուրս բերել, կաստետ ու բիլակ դեմ տալ:
Կարող էին, չէ՞, մեր ծեծուջարդ կազմակերպողները գոնե այս ընտրատարածքում իրենց կապը քաշել- չերեւալ, մանավանդ որ գիտեին, թե միջազգայիններից տղա կանչելու ավանդույթն այստեղ առավել նկատելի է գործելու: Հիմա ես, որպես ՀՀ քաղաքացի, ինձ վիրավորված եմ զգում, որ ԱՄՆ դեսպանատան խոսնակն է խոսում Հայոց խորհրդարանի պատգամավոր ընտրելու գործընթացի բազմաթիվ խախտումներից, ու քիչ է, որ խոսում է, դեռ Հայաստանի իշխանություններին կոչ է անում հետաքննել բոլոր խախտումները, բռնությունների մասին վկայությունները եւ գործեր հարուցել բռնություն իրականացնողների հանդեպ, եւ դեռ մի բան էլ հորդորում է` դիտարկել վերահաշվարկ իրականացվող տեղամասերում արդյունքները չեղյալ հայտարարելու հարցը: Լավ, Հայաստանն ինքնուրույն չի կարող ընտրակեղծիք ու խախտում հայտնաբերել, որ ով ասես նրան խորհուրդ է տալիս: Հայաստանն անկախ պետություն է, չի՞ կարող ինքնուրույն թացը չորից զատել, կամ մի ընտրատարածքում էլ նորմալ ընտրություն չի՞ կարող անցկացնել, որ դա հորդորում են մեր ամերիկացի բարեկամները: Բա որ մենք էլ վերցնենք ու նրանց խորհուրդ տանք, թե ոնց կոնգրեսական ընտրեն: Բայց դե մենք սովոր ենք «զագրանիչնի» զանազան քեռիների խորհուրդները լսել, այս մեկին էլ կդիմանանք: Անցանք առաջ:
Երթուղային տաքսու վարորդը, որը հազիվ փախցրեց մեքենան անսպասելի դեմը կտրած ջիպից, բացատրում-արդարանում էր. «Հիմա ամեն ինչ կապել են փողին` փող կա, ինչ վատ բան ուզում ես արա, փողը կտաս-տակից դուրս կգաս, բոլոր դեպքերում մեղավորը մենք կլինենք: Այնպես որ` որիշները խախտում են-չեն խախտում, մեզ հետ կապ չունի, մենք աշխատում ենք հեռու մնալ այդ թանկարժեք մեքենատերերից, ու երթուղի դուրս գալիս ոչ միայն պիտի կարգը պահելով մտահոգվենք, այլեւ աշխատենք կարգ խախտող փողատերերի հետ չառնչվել, լեզու չթրջել»: Որ մտածում ես` սարսափելի բան էր ասում այդ վարորդը. այսինքն` Երեւանի փողոցներում ոչ ոք վստահ չէ իր կյանքի համար, քանի որ անպատժելիների համար «խախտում» բառը, որը պատասխանատվության ենթարկում է ենթադրում, ոչինչ չի նշանակում, եւ ինչպես տվյալ վարորդն էր շատ սուղ մտապահում արել դպրոցական դասագրքերից` «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»: Տեսա՞ք ընտրախախտումից մինչեւ փողոցային երթեւեկության խախտում կապը
Կամ ասենք` ի՞նչն է խանգարում, որ գոնե լրագրողական շրջանակում բանիմաց մարդկանց ներդնեն հասարակական շփման համար. հասկացանք` գիտելիքը, որպես այդպիսին, մեր ժամանակներում պահանջարկված չէ, այլ` փողը, կապերը, «պապան»: Բայց տեղ-տեղ գիտելիքը, կամ լավ, եթե գիտելիք չկա, գոնե իրազեկված լինելը, հեր օրհնած, դեռ պետք է: Օրինակ` հենց երեկ «Արցախ» ակումբում կարելի էր ողջ լրագրողական կորպուսի անունից գետինը մտնել վարողի մի շարք մտքերից: Ահավասիկ. «Հարգելի լրագրողներ, այսօր մեր հյուրն է Հայ հեղափոխական դաշնակցության ազգային խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը»: Եվ սա դեռ ոչինչ, հապա հարցը. «Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ կանի Դաշնակցությունը, եթե Սահմանադրական դատարանը ստորագրի արձանագրությունները»: Հբը: «Փող կա, խելք պետք չէ». կարծես մերոնք այս հումորի փոխաբերությունը չեն ընկալում, ուղիղ իմաստով են հասկանում եւ գործողության մեջ դնում:
Ահա այսպես ամեն օր աջուձախից մեզ ճնշում է տեղեկությունների հոսքը` մեր կյանքի բազմաթիվ անկատարությունների մասին, որոնց հեղինակը ե՛ւ հայ մարդն է, ե՛ւ համակարգային շիլաշփոթը, ե՛ւ դեպի լավը չփոխվելու մեր հաստատակամությունը, ե՛ւ բազմաթիվ այլ գործոններ, որոնք փոխելու համար միայն բանավոր արտաբերվող խոսքը քիչ է, շատ քիչ, շատուշատ քիչ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ