Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների սահմանադրականության վավերացմանը, ինչպես նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մոսկվա եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցելություններին:
«Այս այցելությունները ոչ մի այլ հարցի հետ կապ չունեն, բացառությամբ Ղարաբաղի հարցի: Թուրքիայի վարչապետը Մոսկվայում խոսել է միայն Ղարաբաղի հարցի մասին, եւ Սերգեյ Լավրովն էլ Հայաստանում կխոսի միայն այդ մասին: Թուրքիան ունի շատ լուրջ պետական ինստիտուտներ եւ քաղաքական պատմական հիշողություն, Թուրքիան միշտ ճգնաժամերի ժամանակ լուծում էր հարցերը Հարավային Կովկասում Ռուսաստանի միջոցով, եւ միշտ պարտվում էր հայերին ռազմական դաշտում, բայց հետո դիվանագիտական դաշտում լուծում էր իր հարցերը Ռուսաստանի միջոցով, ու հիմա փորձ է արվում նույն մեխանիզմը կիրառել», ասաց քաղաքագետը:
Այս անգամ պատերազմում պարտվածն Ադրբեջանն է, եւ նրանք ուզում են` հօգուտ պարտված կողմի լուծել հարցերը Ռուսաստանի միջոցով, քանի որ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում: Օրինակ` Ադրբեջանը պատրաստ է իր նավթն ու գազն անցկացնել Եվրոպա Ռուսաստանի տարածքով: Ըստ քաղաքագետի` Թուրքիայի մշակած սխեման շատ պարզունակ է` ճնշել Հայաստանին, որպեսզի Ղարաբաղի հարցում գնա լուրջ զիջումների:
Ստեփան Գրիգորյանը հավելեց, որ Ռուսաստանը չի կարող լուծել իր` էներգետիկ դաշտում կենսական նշանակության հարցերը հայ ժողովրդի տարածքների հաշվին, եւ եթե ուզում է Թուրքիային լավություն անել, թող անի իր տարածքներով: Այնպես որ ոչ ոք չի կարող Ղարաբաղի հարցը բերել հայ-թուրքական բանակցային գործընթացի մեջ:
«Այստեղ մենք ունենք երկու լուրջ հակառակորդ, առաջինը Թուրքիան է, ինչը շատ նորմալ է, այո, Թուրքիան պայքարում է, որ կարողանա կորզել ավելին, իսկ երկրորդ հակառակորդը Հայաստանի Ազգային ժողովն է: Այն, որ ԱԺ-ն արագ չի վավերացնում արձանագրությունները եւ դուրս չի բերում Հայաստանն այդ գործընթացից, արդեն բերում է նրան, որ այն ուժերը, որոնք դեմ են, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն, ու այն ուժերը, որոնք ուզում են կապել Ղարաբաղի հարցը հայ-թուրքականի հետ, մեր ԱԺ-ի կողմից հնարավորություն ու ժամանակ են ստանում», ասաց քաղաքագետը:
Նրա կարծիքով`շատ տրամաբանական է, որ սահմանը բացվի, եւ շատ լավ է, որ Սանմանադրական դատարանը վավերացրեց արձանագրությունների սահմանադրականությունը, Թուրքիան էլ ի վերջո վավերացնելու է, բայց ուզում է մեծ օգուտով դուրս գալ, սակայն մեր քաղաքականությունը շատ կոշտ պետք է լինի: Մենք իրավունք չունենք թույլ տալու Ղարաբաղը կապել հայ- թուրքական հարաբերությունների հետ: Գլխավոր մարտահրավերներն ու սպառնալիքներն ուղղված հայ ժողովրդին կլինեն մինչեւ ապրիլի 24-ը: Քաղաքագետն Էրդողանի եւ Լավրովի այցելությունները որակեց որպես լուրջ մարտահրավերներ եւ կանխատեսեց, որ շատ կարճ ժամանակահատվածում դեռ սպասվում են բուռն զարգացումներ, ինչը շատ բնական է:
«Սա նշանակում է, որ մենք դառնում ենք պետություն, որի հետ ինչ-որ չափով հաշվի են նստում, եւ լավ կլինի, որ մեր բոլոր քաղաքական ուժերն ու փորձագետներն ասեն իրենց կարծիքը, որ մենք իմանանք` ով ինչ դիրքորոշում ունի, ավելի ճիշտ` ով ով է այս երկրում», նշեց Ստեփան Գրիգորյանը:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ