«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2010-01-13 | #3, 2010-01-14 | #4, 2010-01-15


ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ ՏԽՈՒՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հայաստանի նկարիչների միությունը առանձին հասարակական կազմակերպություն է եւ ոչ մի կապ չունի պետական բյուջեի հետ:

«Տնտեսական ճգնաժամը միության համար նորություն չեղավ, քանի որ այն միշտ ապրում է ճգնաժամի մեջ: Պետությունը մեզ չի աջակցում` չնայած դրան մենք գոյատեւում ենք, ավելին` իրականացնում ենք ակտիվ ցուցահանդեսային գործունեություն:Միության շենքը մեր սեփականությունն է, եւ այստեղ մի քանի սենյակների վարձակալության գումարով կարողանում ենք աշխատել, բայց եթե վարձակալներից մեկը մեզնից հեռանա, մենք կարող ենք նաեւ փակվել: Այսօր անընդհատ պրովոկացիա է արվում` ու՞մ է պետք նկարիչների միությունը, իսկ ես Էլ կարող եմ ասել` ու՞մ են պետք սնկի պես աճող խաղատները», -ասում է Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Զարգացող ու զարգացած բոլոր երկրներն էլ ունեն նկարիչների միություններ: Գոյություն ունեն համաշխարհային, նաեւ եվրոպական նկարիչների միություններ: Կերպարվեստը մշակույթի կարեւոր հիմնասյունն է, եւ սրա զարգացումը խթանում են նաեւ ստեղծագործական կազմակերպությունները: Եթե նկարիչը չի ցուցադրվում, նա կորչում է, իսկ Հայաստանում միակ տեղը, ուր նկարիչը կարող է լիարժեք ցուցադրվել, դա նկարիչների միությունն է:

«Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ արվեստանոցի նկարիչից գույքահարկ են վերցնում ոչ թե բնակարանի նման, այլ ռեստորանի: Նկարիչներս տարիներ շարունակ ասում, աղմկում ենք այդ մասին, բայց մեզ բանի տեղ դնող չկա: Բոլոր երկրներում արվեստանոցները կամ անվճար են տրամադրում, կամ կես գինն են վերցնում: Մեր նկարիչները ցավալի վիճակում են հայտնվել: Ինչ վերաբերում է միության շենքին` մի քանի տարի առաջ մեր գույքահարկը միանգամից բարձրացավ 690 անգամ: Տարեկան տալիս ենք շուրջ 7- 8000 դոլար գույքահարկ, որը ծանր է մեր համար»,- ասում է Կարեն Աղամյանը:

Հայկական կերպարվեստը կտրված է համաշխարհային կերպարվեստից: Եթե հայ նկարիչն ուզենա ցուցադրվել, օրինակ, Մոսկվայի Կենտրոնական նկարչի տանը, նա մեկ գծամետրի համար պետք է վճարի 250-350 եվրո, ընդհանուր հաշվով` 4-5000 եվրո` 9 օրվա եւ ընդամենը 10 աշխատանքի համար: Հազարից մեկը հայ նկարիչներից կարող է այնտեղ ցուցադրվել, իսկ ասենք Նյու Յորքում, Քյոլնում ցուցադրվելը շատ ավելի թանկ արժե: Ըստ Կարեն Աղամյանի` որակային առումով մենք առայժմ կարող ենք խոսել, օրինակ, ֆրանսիական կերպարվեստի հետ, բայց արդյունաբերության հետ` ոչ: Հայկական կերպարվեստը աշխարհում հիշում են միայն այն դեմքերով, ովքեր դեռ Խորհրդային տարիներին են կարողացել դուրս գալ համաշխարհային մշակույթի ասպարեզ` Մարտիրոս Սարյան եւ Մինաս Ավետիսյան:

Քչերը գիտեն, որ նկարիչների միությունն իր տարածքների մոտ 70 տոկոսը կորցրել է, դրանք ապօրինի ձեւով վաճառել են նախորդ տարիների աշխատողները: Քանի դեռ չկա հսկողություն մշակույթի նախարարության կողմից, միության` Աբովյան 16 հասցեում գտվող շենքի հանդեպ էլ ոտնձգություններ անընդհատ լինելու են: Ինչեւէ այստեղ ցուցադրությունները չեն դադարում, ներքեւում առաջիկա ցուցադրությունների անոնսն է:

հունվարի 15-21ՙ Խաչիկ Աբրահամյան - գեղանկարչական աշխատանքներ

հունվար 15-25ՙ Արա Բաղդասարյան - գրաֆիկական աշխատանքներ

փետրվար 1-9-ինՙ հանրապետական երիտասարդական ցուցահանդես` նվիրված Սուրբ Սարգսի տոնին

փետրվար 15-25` Խաչանյան Յուրա - գրաֆիկական ու գեղանկարչական գործեր

փետրվար 15-25ՙ Մանկավարժական ինստիտուտի նկարիչ դասախոսների աշխատանքների ցուցադրություն

մարտի 2-11ՙ կանանց տոնին նվիրված - կին նկարիչների աշխատանքներ

մարտի 1-10ՙ Անուշ Եղիազարյան - դեկորատիվ արվեստի աշխատանքներ

մարտի 16-26ՙ Փարավոն Միրզոյան - գեղանկար

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4