«Ազգ» -ը անդրադարձել է Նախիջեւանի Բենանյար գյուղում տեղի ունեցող վայրագություններին, որտեղ իրավիճակը մնում է խիստ լարված, հայտարարված է արտակարգ դրություն: Ոստիկանությունը շարունակում է ահաբեկել ազգաբնակչությանը, իսկ գյուղում հայտնված անհայտ «լրագրողները», լարվածությունը ցրելու համար, հարեւան գյուղերից մարդիկ են բերել ու «ուրախ» հարցազրույցներ վերցրել նրանցից: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը: Գործակալությունը տեղեկացնում է նաեւ, որ ամերիկացի ու նորվեգացի դիվանագետների Նախիջեւան կատարելիք այցի նախօրեին Բենանյար է ժամանել ինքնավար հանրապետության ներքին գործերի նախարար Ահմեդ Ահմեդովը, եւ սպառնացել տեղացիներին, որ օտարազգիների մոտ «ավելորդ չխոսեն»: Իսկ գյուղին մոտ կանգնած ոստիկանական «բանակները» արգելում են լրագրողների մուտքը գյուղ:
Օտարազգի դիվանագետները, սակայն, նույնպես չեն կարողացել մտնել Բենանյար: «Ազադլիգ»-ի տեղեկացմամբ, անհայտ անձինք նրանցից պահանջել են անհապաղ լքել գյուղը: Այս տեղեկությունը հաստատել է նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը: Դեսպանատան ներկայացուցիչ Թերի Դեւիդսոնը հայտարարել է, որ դիվանագետները այժմ պատրաստում են հատուկ հայտարարություն: Իսկ Բաքվում Նախիջեւանի ներկայացուցիչ Հասան Հաջիեւի խոսքերով, Դեւիդսոնի ասածները «դատարկ խոսակցություններ» են. «Ինչ որ մեկը փորձում է տպավորություն ստեղծել, թե Նախիջեւանում ինչ-որ բան է կատարվում, այնինչ Նախիջեւանը աշխարհի ամենաժողովրդավար պետությունն է», ասել է Հաջիեւը: Անկեղծ ասած մարդու ծիծաղ է գալիս պարոն Հաջիեւի արտաբերած զավեշտից: Ադրբեջանը, իր մասը կազմող Նախիջեւանով, եւս մեկ անգամ նաեւ միջազգային հանրությանը ցույց է տալիս իր իրական դեմքը: Բաքուն կամաց-կամաց նմանվում է այն մարդուն, որի կարծիքով բոլորը մեղավոր են բացի իրենից, մինչդեռ նման մարդիկ են հենց լինում ամենամեղավորը:
Հ. ԱՖՅԱՆ