«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2010-01-14 | #4, 2010-01-15 | #5, 2010-01-16


«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԵՐՈՒՆԴԸ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ ԱՐՄԵՆԱԿԱՆՆԵՐԻՑ ՍՈՎՈՐԵԼՈՒ»

Այս տարի լրանում է Արմենական կուսակցության հիմնադրման 125-տարին:Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը եւ ՌԱԿ Համաշխարհային խորհուրդը Հայաստանում ու սփյուռքում 2010 հայտարարում են Արմենական տարի:

1885-ին Վանում Մկրտիչ Ավետիսյան-Թերլեմեզյանը Վանի Կենտրոնական վարժարանի համախոհ շրջանավարտների հետ հիմնեց Արմենական կուսակցությունը, որի ծրագիրը ենթադրում էր հասնել հայրենիքի ազատությանը` անաղմուկ, առանց ավելորդ ցուցամոլության պատրաստվելով, այսինքն` կրթալուսավորչական, զինավարժական, քարոզչական աշխատանքների միջոցով: Նրանք լավ գիտակցում էին, որ թշնամին թուրքն էր, որը հաղթելու դեպքում ոչնչացնում էր:

Արմենական տարվա եւ ներկայիս ներքաղաքական իրավիճակի մասին երեկ, հունվարի 15-ին «Ուրբաթ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին Արմենական-ՌԱԿ փոխատենապետ Արմեն Մանվելյանն ու վարչության անդամ, պատմաբան Սուրեն Սարգսյանը :

«Արմենական կուսակցության ծրագիրը եղել է բավականին իրատեսական, եւ հետագայում մեր բոլոր քաղաքական ուժերը, հատկապես ավանդական կուսակցությունները, այս կամ այն չափով որդեգրել են Արմենականության սկզբունքները, նրա ծրագրում պարունակվող թեզերն ու դրույթները: Հետագայում նաեւ արմենականների մի զգալի մասն անդամագրվեցին այլ քաղաքական ուժերում, որովհետեւ 1896-ին կուսակցության հիմնական կորիզը զոհվեց Վանի հերոսական ինքնապաշտպանության ժամանակ», ասաց Սուրեն Սարգսյանը:

Արմենական կուսակցությունն ազգային ինքնապաշտական կռիվներում ակտիվ մասնակցություն է ունեցել: Պատմաբանը ցավով նշեց, որ մինչեւ այսօր Հայաստանում լավ չգիտեն այս կուսակցության ու նրա պատմության մասին: Մեր ժողովուրդն իսկապես իր տուրքն ունի տալու այս կուսակցության նվիրյաների հիշատակին: Օրինակ` լավ կլինի, որ արմենականների հիշատակը հավերժացնելու համար փողոց, հրապարակ, կրթական օջախ եւ այլ հաստատություններ կոչվեն նրանց նշանավոր գործիչների անուններով: Արմենական-ՌԱԿ-ը կոչ է անում կրթության եւ գիտության, մշակույթի, սփյուռքի նախարարություններին, Երեւանի քաղաքապետարանին, բոլոր գիտական ու ուսումնական հաստատություններին, ԶԼՄ-ներին եւ այլ շահագրգիռ կազմակերպություններինՙ սատարել, որպեսզի արմենական նվիրյալների հիշատակը մեծարվի:

Ապա Սուրեն Սարգսյանն անդրադարձավ մերօրյա քաղաքական անցուդարձին. «Ժամանակն է սթափվելու, մինչեւ ե՞րբ կարող ենք այսպիսի թշնամանքի քառակուսու մեջ կաղապարվել: Հարկավոր է մի օր նույնիսկ ամենադաժան թշնամու հետ նստել ու խոսել, հակառակ դեպքում մենք ոչնչի հասնել չենք կարող: Հայ-թուրքական գործընթացները պատահականորեն չեն սկսվում, դրանք պատմականորեն հասունացել են, բայց հարկավոր է լինել շատ զգոն եւ չմոռանալ` ովքեր են մեր վաղեմի թշնամիները: Սկսած մեր կենցաղայինից` վերջացրած քաղաքական համակարգով մենք վերանայման լուրջ խնդիրներ ունենք, որում մեզ կրկին համոզեց օրերս 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած ընտրական գործընթացը: Ինչո՞ւ են ժողովուրդն ու իշխանություններն իրարից հեռացված: Այս խնդիրները մեզ համար լուրջ մտորման առիթ են»:

Արմենականները` որպես քաղաքական ուժ, եղել են ամենաիրատեսը, եւ ժամանակակից սերունդը նրանցից սովորելու շատ բան ունի, եւ դրա անհրաժեշտությունը հիմա խիստ զգացվում է:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին` պետք չէ այն կապել հայ-թուրքական հարբերությունների հետ: Ասում ենՙ արձանագրությունների տողատակերում ինչ-որ թաքնված բան կա, բայց որպես պատմաբան ինչքան էլ կարդում եմ դրանք, ես տողատակերում բան չեմ տեսնում», հավելեց Սուրեն Սարգսյանը:

Արմենական-ՌԱԿ-ի սկզբունքային մոտեցումն այն է, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է սկսեն բանակցային գործընթաց: Արձանագրություններն ինչպիսի խմբագրության էլ որ ենթարկվեն, չեն կարող բավարարել Հայաստանին ու հայ ժողովրդին, քանի որ մենք ունենք ցեղասպանության հարց, բայց միաժամանակ ասել` եկեք չգնանք բանակցությունների, ապա սա կարող է միայն բացասական կերպով անդրադառնալ եւ Հայաստանը տանել ինքնամեկուսացման:

«Մեր կուսակցության մուտքը քաղաքական դաշտ պայմանավորված է հենց առաջին հերթին ներքաղաքական զարգացումներով: Այսօրվա քաղաքական դաշտ կոչվածն իր ձեւով ու հիմնական 5-6 կուսակցություններով, որոնք ամենաազդեցիկն են, ստեղծել է մի ստատուս քվո, որը եւ բնակչության մեծամասնությանը չի բավարարում: Հայաստանում ստեղծվել է լուռ մեծամասնություն, որը դժգոհ է թե՛ երկրում այսօրվա տիրող իրավիճակից, թե՛ ընդդիմությունից: Հարկավոր է նոր քաղաքական ուժ, որն իր մտածելակերպով ու աշխատաոճով էականորեն տարբերվի թե՛ ընդդիմությունից, թե՛ իշխանական ուժերից: Պետության գոյության 19 տարին բավարար է, որ նստենք ու գանք ընդհանուր հայտարարի` ինչի ենք մենք հանգել, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանության խնդրում, ժողովրդավարության, ազատական տնտեսական համակարգի ստեղծման հարցերում, սակայն հաջորդական 3 իշխանություններից ոչ մեկի օրոք էլ այդ խնդիրները, ցավոք, բավարար լուծումներ չեն ստացել:

Իսկ մտավորականների այն խավը, ովքեր դժգոհ են այս իրավիճակից, տարբեր ակումբներում հավաքվելու եւ դժգոհելու փոխարեն, կարող են միավորվել մեր շուրջը եւ մեզ հետ երկրում համակարգային փոփոխությունների սկիզբ դնել», ասաց Արմեն Մանվելյանը:

Արմենական կուսակցությունն ազատ մտածող մարդկանց միություն, ազգային, ազատական գաղափարախոսության կուսակցություն է, եւ իր ներքին համակարգում բացարձակ ժողովրդավար է, որը Հայաստանի քաղաքական դաշտում քիչ հանդիպող երեւույթ է:

«Այս պահին դեռ ոչ մեկի հետ չենք համագործակցում, բայց դրան մենք դեմ չենք: Եթե լինեն ուժեր, որոնք լինեն այն արժեհամակարգի մեջ, որին մենք ենք դավանում, կհամագործակցենք: Պետությունը պետք է հիմնվի մի քանի բազային հիմքերի վրա, որոնք են մարդու իրավունքների պաշտպանությունը, իսկական ազատական շուկայական հարաբերությունը, խոսքի ազատությունը, սակայն մեզ մոտ այդ մշակույթը չի զարգանում: Իսկ եթե ասենք` Հայաստանն այսօր պատրաստ չէ հայ-թուրքական հարաբերությունների, ապա դա սխալ սկզբունք է, իսկ ե՞րբ պատրաստ կլինի, 100 տարի հետո՞: Թուրքիայի հետ պետք է սկսել բանակցությունները: Մեր դիրքորոշումը կապված չէ այսօրվա իշխանության հետ, քանի որ սա մեզ համար առաջին հերթին սկզբունքային դիրքորոշում է», նշեց Արմեն Մանվելյանը:

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԻՆԳԱ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4