«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2010-01-14 | #4, 2010-01-15 | #5, 2010-01-16


«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՌԵՅՏԻՆԳԸ ԸՆԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ՄԵԿ»

Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ իր խմբակցության անունից հայտնեց, որ դրական են գնահատում ՀՀ Սահմանադրական դատարանի` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ որոշումը: Ըստ պատգամավորի, ՍԴ-ի իրավական գնահատականը սպասելի էր, քանի որ ամիսներ առաջ նմանօրինակ քաղաքական գնահատական տվել էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես համամիտ չեմ մեր ընդդիմախոսների հետ, ովքեր ասում են, թե Սահմանադրական դատարանը վերապահումներ դրեց կամ մտահոգություններ ներկայացրեց», հայտնեց Է. Շարմազանովն ու հիշեցրեց, որ առկա մտահոգությունների մասին առաջինը խոսել է ՀՀ նախագահը, համապատասխան բացատրություններ է տվել եւ հստակեցումներ է մտցրել:

ՀՀԿ մամուլի պատասխանատուի կարծիքովՙ հիմա իսկական պահն է, որ Թուրքիան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները եւ դրանով իսկ ցույց տա, որ հավատարիմ է իր որդեգրած «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությանը: Հանրապետականը համոզված է, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման արհեստական ձգձգումը կարող է Թուրքիայի համար լուրջ խնդիրներ հարուցել միջազգային ասպարեզում:

Անդրադառնալով Երեւանի թիվ 10 ընտրատարածքում անցկացված ընտրություններին, Շարմազանովն ընդգծեց, որ չնայած այդ ընտրություններում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Նիկոլ Փաշինյանին սատարում էր անձամբ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ընտրողների բավական ցածր մասնակցություն գրանցվեց:

«Թիվ 10 ընտրատարածքը, որը Երեւանի կենտրոնն է, ընտրություններում միշտ ունեցել է ժողովրդի շատ մեծ մասնակցություն, եւ այսօր մոտ 20 տոկոս մասնակցությունը ցույց է տալիս մեկ բան, որ Հայ ազգային կոնգրեսի ռեյտինգը ընկել է Հայաստանով մեկ, այդ թվում նաեւ Երեւանի կենտրոնում, որը ամենաքաղաքականացված մասն է», հայտարարեց Էդվարդ Շարմազանովը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4