«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2010-01-14 | #4, 2010-01-15 | #5, 2010-01-16


4 ՄԼՆ ԴՈԼԱՐ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ»ՙ ԵՎՐՈԲԱՆԿԻՑ

Հայկական «Արարատբանկը» եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ստորագրեցին համաֆինանսավորման պայմանագիր, որի շրջանակներում 4 մլն դոլար վարկային միջոցներ կտրամադրվեն «Արարատբանկին» 7 տարի մարման ժամկետով: Պայմանագիրը ստորագրեցին «Արարատբանկի» վարչության նախագահ եւ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Այդ գումարը «Արարատբանկին» հնարավորություն կնձեռի վարկավորումն իրականացնելու հայաստանյան բիզնեսի բոլոր բնագավառներում:

Ինչպես նշեց Աշոտ Օսիպյանը , վարկի նվազագույն չափը կկազմի 400 հազար դոլար եւ կտրամադրվի 11-14 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Բանկի ղեկավարը ընդգծեց, որ բանկն ունենալով խոշոր բիզնեսը ներկայացնող հաճախորդներ, երբեմն դժվարանում էր ֆինանսավորել նրանց: Այս պայմանագրով նախատեսված գումարով կլուծվի այդ ֆինանսավորման հարցը: «Արարատբանկի» վարչության նախագահը տեղեկացրեց, որ այս գումարից վարկեր կտրամադրվեն հիմնականում սննդի եւ թեթեւ արդյունաբերության, էներգետիկայի եւ շինարարության ոլորտների ընկերություններին: Նա նաեւ ավելացրեց, որ սա խոշոր բիզնեսի ֆինանսավորման առաջին փուլն է, որի հաջող իրականացման դեպքում ծրագիրը կշարունակվի եւ կընդլայնվի:

Վալերիու Ռազլոգը հայտնեց, որ այս վարկի տրամադրումը ոչ միայն հնարավորություն կտա «Արարատբանկին» լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու, այլեւ տեխնիկական աջակցություն ստանալու:

Մամուլի ասուլիսի ժամանակ նշվեց նաեւ, որ այս պայմանագրի ստորագրումը պայմանավորված է ինչպես ՎԶԵԲ-ի կողմից «Արարատբանկի» մենեջմենթին տրված գնահատականով, վերջին երեք տարիներին ձեռք բերած ֆինանսական ցուցանիշներով, բիզնես միջավայրի կողմից բանկի նկատմամբ տածած վստահությամբ, այնպես էլ ՎԶԵԲ-ի եւ «Արարատբանկի» միջեւ ձեւավորված սերտ համագործակցությամբ: Դեռեւս 2008-ի հունվարին Եվրոբանկն «Արարատբանկին» տրամադրեց 5 մլն դոլարՙ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման նպատակով: Իսկ 2008-ի հոկտեմբերին «Արարատբանկը» եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ստորագրեցին պայմանագիր, համաձայն որի ՎԶԵԲ-ը 25 տոկոս մասնակցություն ունեցավ հայկական բանկի կապիտալում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4