«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2010-01-14 | #4, 2010-01-15 | #5, 2010-01-16


ՍՏԱՄԲՈՒԼԱՀԱՅ ԴԵՐԱՍԱՆ «ՆՈՒԲԱՐ ԲԱԲԱՆ» ԵՐԲԵՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԻ

Թուրքական կինոյում որպես «Նուբար բաբա» (Նուբար հայրիկ) կամ «Տոնտոն ամկա» (համակրելի հորեղբայր) ճանաչված ծագումով հայ դերասան Նուբար Թերզյանի որդին` Պերճ Այլանաքզիան «Հուրիեթ» թերթի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուին պատմել է թուրքական Հոլիվուդի` Եշիլչամի մասին: «Եշիլչամը տուն էր, իսկ հանդիսատեսն այդ տան ընտանիքը», ասել է նա:

Թուրքական կինոյում նրան ճանաչում էին որպես «Նուբար բաբա» կամ «Տոնտոն ամկա»: Թեպետ ծագումով հայ եւ հույն դերասանների մեծ մասը պրոդյուսերների պահանջով փոխում էր իր անունը, սակայն Թերզյանը երբեք չընդունեց նրանց պահանջներն ու չկրեց թուրքական անուն: Նա հանդես եկավ ավելի քան 500 դերում` գրավելով թուրք հանդիսատեսին եւ արժանանալով նրա համակրանքին: Մահացավ 1994-ին` 85 տարեկան հասակում: Հանդիսատեսը նրան հրաժեշտ տվեց այնպես, ինչպես երբեւէ չէր տվել որեւէ թուրք արվեստագետի: Բոսֆորի ափին գտնվող նրա տան դիմաց տեղադրվեց հուշատախտակ:

Եշիլչամի հայտնի արտիստների պես նա ներխուժեց կինոսերի սիրտը: Նրան «բաբա» կոչեցին թուրքական կինոյի «տգեղ արքա» Յիլմազ Գյունեյն ու գրավիչ դերասան Այհան Ըշըքը, որոնց մահից հետո Թերզյանն ընկավ խոր կսկիծի մեջ, որովհետեւ նրանց սիրում էր ինչպես իր որդիներին: Դեպքերը, որ պատահեցին նրանց մահվան առիթով «Հուրիեթ» թերթում Թերզյանի գրած հիշատակի խոսքից հետո, էլ ավելի վշտաբեկ դարձրին Թերզյանին: Ըշըքի կինըՙ Գյուլշեն բացասաբար արձագանքեց Թերզյանի գրած «Քո հայր Նուբար» խոսքերին, ինչպես Ըշըքը սիրում էր նրան կոչել: Պատճառն այն էր, որ Ըշըքի իսկական ազգանունը Ըշիյան էր, որը գաղտնաբար էր պահվում, որովհետեւ հիշեցնում էր նրա հայկական ծագման մասին: Հենց այդ պատճառով էլ նա փոխել էր իր անունը:

«Հուրիեթին» տված հարցազրույցում Թերզյանի որդինՙ Պերճը Ըշըքի կնոջ բացասական արձագանքի վերաբերյալ ասել է. «Ամեն ոք կարծում էր, որ Այհան Ըշըքը հայ էր, որովհետեւ նրա իսկական ազգանունը Ըշիյան էր: Երբ հայրս ի հիշտակ նրա գրեց իր սրտի խոսքըՙ այն ավարտելով «քո հայր Նուբար» խոսքերով, մարդիկ սկսեցին մտածել, որ նրանք հարազատներ են եղել եւ Ըշըքը նույնպես հայ էր»: Այդ արձագանքից հետո Թերզյանը հարկադրված եղավ հերքում տալ:

Գյունեյը խփում էր նշանակետին

Ալյանաքզիան հիշեց, որ իր մանկությունն անցկացրել է Եշիլչամի նկարահանումների հրապարակում ու պատմեց իր ամենահետաքրքրական հիշողություններից մեկը: «Մի օր հայրս ինձ տարավ նկարահանման հրապարակ: Գյունեյն ասաց հորս. «Տոնտոն բաբա, օդ նետիր ձեռքիդ դրամը»: Նա հանեց իր ատրճանակը, նշան բռնեց օդ նետված դրամի վրա ու կրակեց»:

Ալյանաքզիան նաեւ բացատրեց, թե ինչո՞ւ չի կրում հայրական ազգանունը: «Թուրքական կինոյի մեծանուն ռեժիսորներից մեկի անունը Արշավիր Ալյանակյան էր: Հայրս վերցրել էր օսմանական թատրոնի դերասան Թերզյանի ազգանունը, որպեսզի մարդիկ չշփոթեին իրենց»:

Ալյանաքզիան ասաց, որ շատ դերասաններ, ովքեր փոխել են իրենց ազգանունը, ժամանակի ընթացքում հայտնի են դարձել իրենց իսկական ազգանվամբ: «Եշիլչամը տուն էր, իսկ հանդիսատեսն այդ տան ընտանիքը: Եթե նրանք սիրում են քեզ, ուրեմն քեզ պահում են իրենց սրտի խորքերումՙ հաշվի չառնելով ոչ քո կրոնը, ոչ էլ լեզուն»:

Թերզյանն իր «Էֆսունջու բաբա» ֆիլմով

Թերզյանի կինոկյանքը սկսվեց պատահականորեն: Նա աշխատում էր Ստամբուլումՙ իր հոր խանութում, երբ մի օր հանդիպեց բազում ֆիլմերի ռեժիսոր Մայք Ռաֆայելյանին: Նա Թերզյանին առաջարկեց խաղալ ֆիլմում եւ նրան ծանոթացրեց ռեժիսոր Այդին Արակոնի հետ: Վերջինս Թերզյանին առաջարկեց խաղալ իր «Էֆսունջու բաբա» ֆիլմում, եւ այդպես նա իր առաջին քայլերն արեց 1940-ականների թուրքական կինոյում: «Իմ մանկության տարիներին, հայրս ամեն երեկո պատրաստում էր իր հագուստներն ու ճամփա ընկնում վաղ առավոտյան», պատմում է Ալյանաքզիան: «Եսիլչամ նա գնում էր ոչ թե փողի համար, այլ սրտի կանչով: Հենց դա էր պատճառը, որ Եսիլչամի ֆիլմերն առ այսօր հաճույք են պատճառում մարդկանց»:

Հեղինակային իրավունքի խնդիրը

Թեպետ վերջին տարիներին թուրքական կինոն հայտնի է ոչ միայն Թուրքիայում, այլեւ միջազգային ասպարեզում, Ալյանաքզիան կարծում է, որ Եսիլչամը անփոխարինելի է: «Ուղղակի անհնար է, որ որեւէ մեկը կարողանա փոխարինել Եսիլչամի անմահ դերասաններին», ասաց նա: «Հաջողության հասնելու համար թուրքական կինոն պետք է վերագտնի Եսիլչամի հոգին: Հաջողության չեն հասնում էությունը կորցնելով եւ Արեւմուտքին նմանակելով»:

Խոսելով հեղինակային իրավունքի խնդիրների մասին, Ալյանաքզիան ասաց, որ թուրքական կինոյին նվիրված շատ դերասաններ իրենց կյանքի վերջին օրերն անցկացրել են թշվառության մեջ: «Հորս ֆիլմերն առ այսօր ցուցադրվում են հեռուստատեսությամբ, բայց որեւէ մեկը չի խոսում հեղիանակային իրավունքի մասին», ասաց նա:

Ըստ «Հուրիեթում» Վերջիհան Զիֆլիօղլուի հոդվածի պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4