Երեկ մերձմոսկովյան Գորկի քաղաքում կայացավ Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպումը, որի ընթացքում նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորությունները տարբեր ոլորտներում, սկսած տնտեսականից, վերջացրած հումանիտարով: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի ունեցած ներդրումը տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին: «Մենք միշտ նշել ենք, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, կարծում եմՙ այստեղ մենք Ռուսաստանի հետ ոչ միայն ռազմավարական դաշնակիցներ ենք, այլեւ մտածում ենք միանման», Սերժ Սարգսյանի այս խոսքերին ի պատասխան Մեդվեդեւը նշել է. «Այո, իհարկե, մենք մտածում ենք միանման»:
Այնուհետեւ երկու նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացքը: Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ սա իր առաջին արտասահմանյան այցելությունն է այս տարի, եւ կարող է մեծ նշանակություն ունենալ 2010-ին հայ-ռուսական համագործակցության խորացման մեջ: Նախագահ Մեդվեդեւն էլ ընդգծել է, որ այս տարի կարելի է «շատ բան անել մեր ժողովրդների համար, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումներովՙ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ». «Վստահ եմ, որ առկա տնտեսական ճգնաժամը ի վերջո կավարտվի, եւ ռուս-հայկական տնտեսական, ռազմական եւ քաղաքական համատեղ նախագծերը շարունակական կլինեն», շեշտել է Մեդվեդեւը: Սերժ Սարգսյանն էլ, իր հերթին, ընդգծել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի տարեցտարի լուրջ առաջընթաց գրանցվի հայ-ռուսական ջերմ հարաբերություններում:
Հ. Ա.