«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2010-01-15 | #5, 2010-01-16 | #6, 2010-01-19


ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒԺԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կիրակի օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ժամանել է Ստեփանակերտ: Դեսպանին եւ նրան ուղեկցող անձանց նույն օրն ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը :

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը վերահաստատել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, ըստ որի հակամարտությունը չի կարող կարգավորվել Ադրբեջան-Արցախ անմիջական երկխոսության բացակայության պայմաններում: Այդ կապակցությամբ ԼՂՀ նախագահը նշել է, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ոչ կառուցողական եւ ռազմատենչ մոտեցումներից: Նա միաժամանակ շեշտել է, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունը սակարկության առարկա չեն, եւ այդ փաստի անտեսման որեւէ փորձ անհնարին է դարձնում հակամարտության համապարփակ կարգավորումը:

Ամերիկացի համանախագահն իր հերթին ընդգծել է հակամարտության կարգավորման ուժային տարբերակի անընդունելի լինելը:

Նույն աղբյուրի համաձայն, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Երկուստեք նշվել է, որ հայ-թուրքական եւ ադրբեջանա-ղարաբաղյան փոխհարաբերություններն առանձին ու իրար հետ չկապակցված գործընթացներ են:

Ռոբերտ Բրադկեն հանդիպել է նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումից առաջ ինքն անհրաժեշտ է համարել ժամանել Ստեփանակերտ` տեղում լսելու Ղարաբաղի ղեկավարության ու բնակիչների կարծիքը, նա վստահեցրել է, որ ԱՄՆ-նՙ իբրեւ Մինսկի խմբում համանախագահող երկիր, բոլոր ջանքերը ներդնում է ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար:

Լրագրողները ամերիկացի համանախագահին հիշեցրել են ԼՂՀ վարչապետի այն հայտարարությունը, թե Ղարաբաղը պաշտոնապես չի ստացել մադրիդյան սկզբունքների մասին փաստաթուղթը, հատկապես որ այդ շրջանակներում է փորձ արվում գտնելու հակամարտության լուծումը: Բրադկեն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատելով ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հետ` պաշտոնական Ստեփանակերտին պարբերաբար տեղեկատվություն է տալիս արդյունքների մասին:

Այն հարցին, թե Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու դեպքում, Բաքվի հաճախակի սպառնալիքների ֆոնին, ի՞նչ միջոցներ կձեռնարկեն միջնորդ երկրները, Ռոբերտ Բրադկեն կրկնել է ԼՂՀ նախագահի մոտ իր արտահայտած տեսակետը` ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4