Վերջին ժամանակներում միջազգային, հատկապես ռուսական տարբեր փորձագետներ (նույնիսկ որոշ պաշտոնյաներ), ինչպես նաեւ լրատցվամիջոցներ բավական արտահայտիչ հայտարարություններով են հանդես գալիս Ղարաբաղի մասին: Այսպեսՙ օրեր առաջ ՌԴ արտաքին գործերի նախարարն ընդունեց, որ Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, եւ այդ իրավունքը Ռուսաստանը երբեք չի կարող երկրորդական համարել: Իսկ հունվարի 18-ինՙ Երեւան-Մոսկվա տեսաասուլիսի ժամանակ Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովը կարծիք հայտնեց, որ շատ հնարավոր է Ղարաբաղի անկախության ճանաչումը: Եթե այս ամենին գումարենք այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը առիթը բաց չի թողնում Թուրքիային հիշեցնելու, որ Հայաստանի հետ նորմալացող հարաբերություններն առանց նախապայմանների են եւ չեն կարող կապվել Ղարաբաղի` անչափ բարդ խնդրի լուծման հետ, ապա գոնե թվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն ամենեւին էլ անհնարին չէ: Չէ՞ որ եթե հայ-թուրքական սահմանը բացվում է առանց Ղարաբաղի հարցի լուծման, ապա Ադրբեջանը կորցնում Երեւանին ճնշելու իր բոլոր հնարավորությունները:
Շարունակելով այս տրամաբանությունը` ռուսական «Ռոսբալթ» գործակալությունը գրում է. «Եթե Իլհամ Ալիեւը տեղի չտա Ադրբեջանի ընդդիմությանը, ապա Ղարաբաղի անկախությունը կարող է ճանաչվել հենց այս հունվարին»: Համաձայնեք, թեկուզ ռուսական աղբյուրները նախկինում չէին համարձակվի նման անկեղծության: «Ռուսբալթ»-ի հոդվածագիրը նշում է, որ հունվարին նախատեսվող Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը կարող է բեկումնային լինել ղարաբաղյան հակամարտության լուծման գործում: «Համենայն դեպս այս մասին վկայում են վերջերս ընթացող իրադարձությունները. Էրդողանի այցը Մոսկվա, Լավրովինը` Երեւան, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը Մոսկվա», գրում է «Ռոսբալթ»-ը:
Իսկ այն, որ թուրքական քաղաքական վերնախավը ամեն կերպ փորձում է Հայաստանի հետ սահմանների բացումը կապել Ղարաբաղի հետ, պարզվում է ոչ միայն մեզ` հայերիս է ձեւական թվում: Ռուսական լրատվական գորածակալությունը նշում է, որ Թուրքիան ի վերջո հասկացել է, որ այս պնդումներն ապագա չունեն (մանավանդ Էրդողանի Վաշինգտոն եւ Մոսկվա այցերից հետո-Հ.Ա.). «Այնպես որ Ադրբեջանը հայտնվել է «հպարտ մենության» մեջ, եւ որպեսզի չկորցնի ամեն ինչ, պետք է լուրջ զիջումներ անի Հայաստանին», նկատում է ռուսական լրատվամիջողը` եւս մեկ անգամ ընդգծելով, որ Անկարա-Երեւան առանց նախապայմանների գործընթացների ակտիվացման պարագայում Ալիեւի դիրքերը զգալիորեն կթուլանան: «Այնպես որ Ալիեւին ոչինչ չի մնում, քան ընդունել հայկական կողմի ամենակարեւոր պայմանները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչում եւ առնվազն երկու հարակից շրջաններից հրաժարում: Փոխարենը Բաքուն կարող է ստանալ մյուս հարակից շրջանները», ենթադրում է «Ռոսբալթ»-ը: Ըստ գործակալության, Ալիեւը ստիպված կգնա այս քայլերին, եթե մոտ ապագայում Թուրքիայից համապատասխան ազդանշաններ ստանա. «Սակայն ընդհանուր առմամբ, Բաքվին, հաշվի առնելով տարածաշրաջանային վերջին զարգացումները, ոչինչ չի մնում անել, քան վերոհիշյալ քայլերը, քանի որ եթե անցնի մի քանի տարի եւս, ապա Ադրբեջանը Հայաստանից էլ ոչինչ չի ստանա», գրում է ռուսական լրատվամիջոցը:
Այս ամենն է, որ, ըստ «Ռոսբալթ»-ի, ռուսական եւ նաեւ թուրքական ոչ պաշտոնական լրատվամիջոցները փորձում են «հասկացնել» Բաքվին. «Եվ եթե Ադրբեջանը «բարի կամք» դրսեւորի, ապա ղարաբաղյան հակամարտությունը կավարտվի արդեն այս հունվարին», եզրափակում է ռուսական գործակալությունը:
Այնպես որ, Ադրբեջանը պատերազմը վերսկսելու կամ բանակի անվերապահ հզորության մասին խոսելու փոխարեն, լավ կլինի լուրջ գնահատականներ տա տարածաշրջանային նոր գործընթացներին ու համարժեք քայլեր ձեռնարկի, թե չէ կհայտնվի իրոք «հպարտ մենության մեջ»:
Հ. Ա.