Թումանյանի տարածաշրջանում «Լոռու մարզ» թերթի թղթակից Արմենուհի Սադաղյանը Ալավերդու քաղաքապետարանում աշխատել է ավելի քան մեկ տասնամյակ: Այդ ընթացքում փոխվել է երեք քաղաքապետ: Ա. Սադաղյանը մշտապես պարտաճանաչորեն կատարել է իր պարտականությունները քաղաքապետարանում, նաեւ ապահովել լրատվությունըՙ Թումանյանի տարածաշրջանի բոլոր համայնքներից: Նախորդ քաղաքապետները հարգալից են վերաբերվել թերթի թղթակցինՙ գիտակցելով լրատվության, լրագրողի մասնագիտական առանձնահատկությունները: Սակայն ներկայիս քաղաքապետ Արթուր Նալբանդյանն այդպես էլ չգիտակցեցՙ ինչպես պետք է վարվել լրագրողի հետ, ինչ պարտականություններ եւ իրավունքներ ունի լրագրողը, որոնք, անկախ պաշտոնից, ոչ ոք իրավունք չունի ոտնահարելու: Վերջին երկու տարում նա հետապնդում էր քաղաքապետարանի երկրորդ կարգի մասնագետ (լրատվության գծով) Ա. Սադաղյանինՙ արհեստական խոչընդոտներ ստեղծելով թերթի թղթակցի պարտականությունները կատարելիս, նույնիսկ կարգապահական տույժի ենթարկելով այն դեպքերում, երբ լրագրողը բացակայելու համար թույլտվություն էր վերցնում աշխատակազմի ղեկավար Անուշ Էվոյանից:
Ամենազավեշտականն այն է, որ Ա. Սադաղյանին մեղադրում էին անգամ թերթի խմբագրությունից հոնորար ստանալու համար, այն դեպքում, երբ նույն քաղաքապետարանի տարբեր աշխատակիցներ աշխատում են նաեւ երկրորդ տեղում (անունները պատշաճ չենք համարում նշել):
Անցած տարի նույնիսկ մի քանի անգամ Ա. Նալբանդյանը խիստ զայրացել է թերթի թղթակցի վրաՙ պահանջելով, որ նյութերը տպագրվելուց առաջ կարդան իր «վստահելի» ենթակաները: Հետաքրքրական է, որ այդ տարիներին Ա. Սադաղյանը «կասկածելի» նյութեր չի հեղինակել: Իսկ անցած տարեվերջին քաղաքապետը խիստ վրդովվել էր տպագրված մի նյութի առթիվ, որում Ալավերդու մանկական ստեղծագործական կենտրոնի տնօրենը խոսել էր սաների թվի նվազման մասին: Ամեն ինչ այնքան պարզ էր, որ նույնիսկ երկրորդ դասարանցին այդ նյութի մեջ «կասկածելի» ոչինչ չէր կարող գտնել: Քաղաքապետն ուղղակի 2009 թվականը շփոթել էր 1937 թվականի հետ, իսկ մեր բոլոր բացատրություններն ու հորդորները ոչ մի կերպ չէր ցանկանում հասկանալ: Աշխատակազմի ղեկավարի միջոցով նա պարբերաբար Ա. Սադաղյանին ստիպում էր ազատման դիմում գրելՙ այլապես սպառնալով նկատողություններ տալ (իհարկեՙ անհիմն պատճառներով):
Ի վերջո Ա. Նալբանդյանը հասավ իր նպատակինՙ բոլշեւիկյան հասարակարգի փորձված մեթոդներով: Ա. Սադաղյանին աշխատանքից ազատելուց հետո քաղաքապետն այժմ «հանգիստ խղճով» կարող է նրա տեղում եւս աշխատանքի ընդունել իր խնամի-ծանոթներից մեկին, ինչն ընդունված «կարգ» է քաղաքապետարանում: Ինքըՙ Արմենուհի Սադաղյանը, իր ազատությունն ավելի թանկ է գնահատում, քան քաղաքապետարանից ստացած չնչին աշխատավարձը: Քաղաքապետարանում արդեն անդորր է տիրում, սակայն այդ անդորրը հարաբերական է, քանզի «Լոռու մարզ» թերթի թղթակից, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, երկու գրքի հեղինակ Ա. Սադաղյանից ոչ ոք չի կարող խլել իր գրիչը:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանձոր