«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2010-01-15 | #5, 2010-01-16 | #6, 2010-01-19


ՄԻ ԱԶԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ` ՔԱՐԻ ՎՐԱ ՔԱՆԴԱԿԱԾ

Խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանը Մոսկվայում մասնակցել է «Խաղաղարար» համաշխարհային Ալյանս կազմակերպության կազմակերպած նկարիչների միջազգային ցուցահանդեսին եւ վերադարձել հաղթանակած: Խաչքարագործը պարգեւատրվել է «Տաղանդ եւ առաքելություն» շքանշանով, սակայն ոչ միայն ներկայացրած 3 ցուցանմուշների, այլեւ ընդհանուր ստեղծագործական աշխատանքի համար: Ցուցահանդեսը եղել է Նկարչի կենտրոնական տանը` 2009-ի դեկտեմբերի 29-ից մինչեւ 2010-ի հունվարի 12-ը:

«Մեծ պատասխանատվություն էր յուղանկարների ու քանդակների կողքին նոր խոսք ներկայացնելը` մեր 2000 տարվա խաչքարերը նորովի քանդակած: Խաչքարը մեր ազգի աղոթքն է, պատարագը քարի տեսքով: Կային նույնիսկ մասնակիցներ, ովքեր չգիտեին, որ հայերը քրիստոնյա են եւ ունեն խաչքարեր»,- երեկ` հունվարի 18-ին` «Հայացք» ակումբում, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարազդատ Համբարձումյանը :

8-9 ամիս առաջ Լենինգրադից մի ռուս լրագրող եկել էր Հայաստան ու վարպետի աշխատանքների մասին հոդված գրել` մի ռուսալեզու թերթի համար, որից հետո ռուսական «Կուլտուրա» հեռուստալիքն էլ իր հերթին ֆիլմ նկարեց նրա գործերի մասին: Այս ամենից հետո արդեն մեծ հետաքրքրություն առաջացավ Վարազդատ Համբարձումյանի հանդեպ, եւ արդեն հաջորդեց Մոսկվայի` օրերս կայացած ցուցահանդեսի հրավերը:

Հանդիսատեսները եղել են ինչպես Մոսկվայի քաղաքական, մշակութային ու սպորտի բնագավառների գործիչներ, այնպես էլ աշխարհի շուրջ 100 երկրներից եկած արվեստասերներ: Նաեւ մեծ էկրանով ցույց է տրվել յուրաքանչյուր մասնակցի մեկ ցուցանմուշը` 3 րոպեն մեկ, միայն հայկական խաչքարն է ցուցադրվել 2 առանձին օրինակներով: Խաչքարագործը հանդես է եկել 3 աշխատանքով, ինչպես նաեւ հանդիպել է Լեւոն Մանուկյանի հետ ու պայմանավորվել` Հայաստանում Բարեկամություն փողոցի վրա կանգնեցնել իր քանդակած` հայ- ռուս բարեկամությունը խորհրդանշող խաչքարը: Առաջիկայում Ֆրանսիա է ուղարկելու մի խաչքար, որը դրվելու է 38 անհիշատակ հայ հանգուցյալների գերեզմանոցում:

«Ցուցահանդեսից հետո ինձ Ավստրիայից զանգեց Հայր Վահանը եւ հրավիրեց Վիեննայում ամռանը մասնակցել նոր ցուցահանդեսի: Աշխարհին մենք պետք է խաչքարը ցույց տանք արդիական լեզվով, ինչպես դա արեցին, օրինակ, Ջիվան Գասպարյանը կամ Արա Գեւորգյանը երաժշտության ոլորտում: Ապրիլին էլ գնալու եմ Կանադա, ուր Սուրբ Հակոբ եկեղեցու բակում տեղադրվելու է մի խաչքար` նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին», ասում է Վարազդատ Համբարձումյանը:

Խաչքարագործը երազում է ունենալ խաչքարագործության մեծ դպրոց, որտեղ կպատրաստվեն բարձրորակ մասնագետներ, սակայն նա գտնում է, որ երեխաներին առաջին հերթին պետք է նկարել սովորեցնել, որովհետեւ եթե նկարել չիմացան, ընդամենը կդառնան քարի վրա փորագրողներ: Վարպետը 1990թ-ից աշխատում է Արամի փողոցի վրա գտվող մի համեստ արհեստանոցում, այնուամենայնիվ այդ պայմաններում էլ կարողանում է աշակերտներ կրթել, եւ այդ փոքր անկյունում արդեն պատրաստվել է շուրջ 450 խաչքար:

«Ցավոք, այսօր խաչքարերն ավելի շատ վերացվում են, քան ծնվում: 10 հազար խաչքար միայն Ջուղայում ոչնչացվեց, դրան գումարած` արժեքավոր շատ խաչքարեր հողմահարված են` կանգնած ոչնչացման եզրին: Ես Ջուղայի խաչքարերից 3 ընտիր էսքիզ ունեմ, որոնք մտադիր եմ աշխատանքի վերածել», ասում է Վ. Համբարձումյանը:

Վարպետի աշխատանքները տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում` Հունաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում` հայկական եկեղեցու պատի մեջ, ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, նաեւ ունի մի քանի խաչքարեր` նվիրված Արցախում նահատակվածների հիշատակին, իսկ Շուշի տանող ճանապարհին կանգնած է նրա` Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4