Հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում մեկնարկել է շախմատի ավանդական փառատոնը, որն ընդգրկում է 3 մրցաշար: Սովորաբար ուժեղագույնների մրցաշարին մասնակցում էր Լեւոն Արոնյանը, որը մի քանի անգամ դարձել է մրցանակակիր: Սակայն այս տարի հայ շախմատիստը չի մասնակցում մրցաշարին, քանի որ օրեր առաջ նա Հայաստանի հավաքականի կազմում հանդես էր գալիս շախմատի աշխարհի թիմային առաջնությունում:
Հայ մարզասերների ուշադրությունը կբեւեռվի «B» խմբի մրցաշարին, որին մասնակցում է ԱՄՆ-ում բնակվող Վարուժան Հակոբյանը: Վերջինս ԱՄՆ-ի հավաքականի կազմում Բուրսայում դարձել էր աշխարհի փոխչեմպիոն: Չնայած հոգնածությանը, Վարուժանը որոշել է հանդես գալ Վեյք Ան Զեեում: Առայժմ Հակոբյանն անհաջող է մեկնարկել: Առաջին տուրում նա սեւերով արդեն 20-րդ քայլին հաշտություն կնքեց Աննա Մուզիչուկի հետ, իսկ հաջորդ մրցախաղում սպիտակներով 37-րդ քայլին ընդունեց իր պարտությունն Արկադի Նայդիչի հետ մրցավեճում:
2 տուրից հետո Վարուժան Հակոբյանը կես միավորով Պենտալա Հարիկրիշնայի հետ բաժանում է 12-13-րդ տեղերը: Առաջատարը հոլանդացի Անիշ Գիրին է, որը հաղթելով Պենտալա Հարիկրիշնային եւ Դիտեր Նիսիպիանուին, վաստակել է 2 միավոր:
Ուժեղագույնների մրցաշարում միանձնյա առաջատարը Ալեքսեյ Շիրովն է, որը պարտության է մատնել Պետեր Լեկոյին եւ Ֆաբիանո Կարուանային: 1,5-ական միավոր են վաստակել Մագնուս Կառլսենն ու Հիկարու Նակամուրան: Կառլսենը ոչ-ոքի է խաղացել Սերգեյ Տիվյակովի հետ եւ հաղթել է Յան Սմիթսին: Նակամուրան էլ հաշտություն է կնքել Յան Սմիթսի հետ եւ հաղթել է Լյուկ վան Վելիին: Վերջինս Վասիլի Իվանչուկի, Սերգեյ Տիվյակովի, Սերգեյ Կարյակինի, Լենիեր Դոմինգեսի, Վլադիմիր Կրամնիկի եւ Վիշվանաթան Անանդի հետ վաստակել է 1 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ