Նախորդ օրը ուշ գիշերին հրապարակվեց Թուրքիայի արտգործնախարարության մամլո հաղորդագրությունը ՀՀ Սահմանադրական դատարանի Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների սահմանադրականության մասին հունվարի 12-ի որոշման վերաբերյալ (տեսՙ այս էջում): Ավելի ճիշտՙ ոչ թե բուն որոշման, այլ 8 էջանոց փաստաթղթի առաջին 7 էջի վերաբերյալ, որոնցում մեր Սահմանադրական դատարանը, իր սովորության համաձայնՙ երկարապատում շարադրել էր Արձանագրությունների իր ուսումնասիրության արդյունքներըՙ մեկնաբանություններով, միջազգային իրավունքին ու հայկական օրենքներին հղումներով հագեցած: Մասնավորապես նկատի ունեմ այդ 7 էջերում ՀՀ սահմանադրության նախաբանի դրույթներն ու Հռչակագրի 11-դ կետի հիշեցումը, ինչպես նաեւ սահմանակետերի բնականոն գործունեությանն առնչվող հատվածները:
Կարելի է ենթադրել, որ հենց այդ հոդվածներն են, որ առիթ են տվել Թուրքիայի արտգործնախարարությանը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը որակելու իբրեւ «նախապայմաններ եւ սահմանափակող կետեր պարունակող» եւ ընդգծելու, որ «այս մոտեցումը չի կարող ընդունվել» իրենց կողմից, քանի որ դրանք «չեն համապատասխանում Արձանագրությունների ոգուն եւ տառին»:
Ի՞նչ է հետապնդում Անկարան այս հայտարարությամբ: Առաջին տպավորությամբ իսկՙ գործընթացի ձգձգման եւ իր նախապայմանների պարտադրման առիթ տալ ինքն իրեն: Նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշումից 6 օր հետո միայն արձագանքելն ապացուցում է դա: Նախապայմաններ տեսնելով այնտեղ, որտեղ ընդամենը նախահիշեցումներ կան, այն էլ միայն սեփական օրենքների եւ միջազգային իրավունքի նորմերի վկայակոչումով, Թուրքիայի արտգործնախարարությունը, փաստորեն, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմամբ շահագրգիռ երրորդ կողմերին հայտ է ներկայացնում «խրամատային» դիվանագիտական պայքարի անցնելու իր մտադրության մասին, այդ պայքարում փորձելով հասնել իր ձգձգման քաղաքականության արդարացմանըՙ սպասելով բեկումնային շահարկումներ այլ ոլորտներում:
Այնինչ, մամլո հաղորդագրության ավարտին միջազգային հանձնառություններին իր կառչածությունը վկայակոչելու եւ «Հայաստանի կառավարությունից միեւնույն հավատարմությունը ակնկալելու» փոխարեն, Անկարան պետք է ընդուներ, որ ՀՀ Սահմանադրական դատարանի հունվարի 12-ի որոշումը դուռը լայն բացում է ՀՀ Ազգային ժողովում Արձանագրությունների վերջնական վավերացման համար: Մնացյալը ժամավաճառություն էՙ հօգուտ սեփական շահագրգռությունների:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ