Հրանտ Դինքի սպանությունից երեք տարի անց ոճրագործները դեռ պատժված չեն, իսկ դատավարությունն անվերջ ձգձգվում է: Եվ թեպետ մշտապես հունվարի 19-ին` Հրանտ Դինքի սպանության օրը, «Ակօսի» խմբագրատան առջեւ կազմակերպվում են բողոքի ցույցեր, իսկ հերթական դատական նիստն ուղեկցվում է երթերով, թուրքական «արդարադատությունը» չի շտապում որոշում կայացնել:
2007 թվականին օրը ցերեկով «Ակօսի» խմբագրատան առջեւ սպանվեց Հրանտ Դինքը: 32 ժամ անց ձերբակալվեց Օգյուն Սամաստը, որն ընդամենը 17 տարեկան էր: Վերջինս խսոտովանեց, որ Հրանտ Դինքի հոդվածներից վրդովված Տրապիզոնից Ստամբուլ էր եկել լրագրողին սպանելու հստակ մտադրությամբ: Սակայն առաջին իսկ դատավարության ընթացքում Օգյուն Սամաստը հրաժարվել էր պատասխանել հարցերին: Ձերբակալությունից անմիջապես հետո թուրքական եւ միջազգային մամուլում հայտնվեց մի լուսանկար, ուր ոստիկանության աշխատակիցները լուսանկարվել էին Օգյուն Սամաստի հետ` թուրքական դրոշի ֆոնին:
Սպանության գործով փաստաբան Ֆետիե Չենթինը հայտարարեց, որ սպանությունը կազմակերպված եւ հրահրված էր թուրքական կառավարության կողմից ազգայնական հողի վրա: Իր վերջին հոդվածում Հրանտ Դինքը գրում է. «Համակարգիչս լի է սպառնալիքներով եւ վիրավորանքներով: Ես չգիտեմ, թե որքանով իրական են այդ սպառնալիքները, սակայն անհնարին է ապրել` կրելով հոգեբանական այս տանջանքները»: Թուրքական կառավարությունը լրագրողի պաշտպանության համար որեւէ քայլ չձեռնարկեց:
Հրանտ Դինքի սպանության մասին խոսեց ողջ քաղաքակիրթ աշխարհը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստիպված էր մի քանի անգամ ասուլիս հրավիրել եւ սպանությունն անվանել ամոթալի: 2007-ին Եվրոմիության գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան նշեց, որ Հրանտ Դինքի սպանությունը դժվարացնում է Թուրքիայի անդամակցության հնարավորությունը Եվրոմիությանը:
Հրանտ Դինքի մահից հետո օրեր շարունակ Ստամբուլի փողոցներում տեղի էին ունենում բազմահազարանոց ցույցեր: «Ես Հրանտ Դինքն եմ», «Մենք հայ ենք» վանկարկում էին հազարավոր թուրքեր: Ստամբուլում հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը 15-օրյա սուգ հայտարարեց:
CNN Turk- ի խմբագիր Թահա Աքյոլը այդ օրերին ասաց. «Կրակոցը Թուրքիայի դեմ էր: Այժմ աշխարհում կարծիք է ձեւավորվել, թե թուրքահայերը երկրում անվտանգ չեն»:
Հրանտ Դինքը 1996 թվականի ապրիլի 5-ին սկսեց «Ակօսի» հրատարակությունը: «Ակօսը» հիմնականում թուրքերեն շաբաթաթերթ է Թուրքիայում, որը պատմում է թուրքահայ համայնքի եւ հայ թուրքական հարաբերությունների մասին: Հրանտ Դինքը խոսում էր Հայոց ցեղասպանության մասին, երկու ժողովուրդների հարաբերությունների մասին: Հրանտ Դինքին մեղադրում են թրքությունը վիրավորելու մեջ եւ մեղադրում տխրահռչակ 301 հոդվածով: Սակայն մեղադրանքներն ու հետապնդումներն անզոր էին դադարեցնելու Հրանտ Դինքի խոսքը: «Երկխոսությունը միակ ելքն է», հայ թուրքական հարաբերությունների մասին խոսելիս ասել էր Հրանտ Դինքը:
Հրանտ Դինքի մահվան երրորդ տարելիցի առիթով «Ակօսի» խմբագրատան առջեւ էին երեկ հավաքվել լրագրողի ընկերները, որոնք նախապես հանդես էին եկել հայտարարությամբ` պահանջելով արդար դատավարություն եւ մեկ անգամ եւս հաստատելով իրենց պատրաստակամությունը պայքարելու արդար վճռի համար:
«Ո՞վ է Հրանտի ոճրագործը», հարցնում են Հրանտի ընկերները եւ պատասխանում. «Հրանտը սպանվեց համատեղ գործող «պաշտոնական» կամքի միջոցով, ովքեր համարձակություն չունեն հրապարակավ ներկայանալու»:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ