Հայ-թուրքական հարաբերությունների եւ արձանագրությունների վավերացման մասին երեկ «Փաստարկ» ակումբում խոսեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը :
«Այն ամենը, ինչ որ քաղաքական ուժերը, այդ թվում նաեւ ՀԴԿ-ն, նախանշում էին փաստաթղթի թերությունների մասին, Սահմանադրական դատարանը շտկեց եւ սրբագրեց բոլոր այն սխալները, որոնք կատարել էր արտաքին գործերի նախարարությունը: Ի սկզբանե մենք ասում էինք, որ այդ փաստաթղթում ոչ թե ուղղակի սխալներ են, այլ անճշտություններ, ու այդ ձեւակերպումներն անգրագիտության ու կամքի բացակայության նշան են, այսինքն` պետության ներկայացուցիչները չկարողացան պաշտպանել պետության շահերը: ՍԴ-ն, ի թիվս մյուս բոլոր սխալների, նշում է, որ այդ 2 արձանագրությունները խոսում են սահմանի բացման պայմանավորվածության մասին, որտեղ հատուկ շեշտվում է, որ Հայաստանն այստեղ մեկ դերակատարում ունի, որն էՙ սահմանի անցակետերի աշխատանքն անխափան պահպանելն ու ապահովելը, այսինքն` սահմանը Թուրքիան է փակել, Թուրքիան էլ պետք է բացի: Այսպիսի նրբությունները պետք է հասկանային դիվանագետներն ու իրենք իրականացնեին», ասում է Արամ Սարգսյանը:
Արձանագրություններում մտցված է եղել երկկողմ պարտավորությունների գաղափարը, որի տակ Թուրքիան հասկանում էր Կարսի պայմանագիրը, իսկ ՍԴ-ն ստիպված եղավ դա սրբագրել` ասելով, որ երկկրղմ պարտավորություններ անկախ Հայաստանը Թուրքիայի հետ չի ունեցել եւ չունի:
Բանախոսը նշեց, որ մեր դիվանագիտական կորպուսը գտնվել է շատ ցածր մակարդակի վրա, եւ այդպիսի մարդկանց արտաքին քաղաքականություն վարել վստահելը վտանգավոր է պետության եւ ազգի շահերի համար:
«ՍԴ-ն բոլոր հարցերը չի լուծել, ՀԴԿ-ն Ազգային Ժողովի նախագահին վաղուց արդեն ուղարկել է իր դիմում-նամակը, որտեղ մենք առաջարկել ենք վերապահումներով ընդունել այս արձանագրությունները, հիմա, ճիշտ է, հարցն ընկնում է այլ հարթություն, բայց այստեղ կա մի կարեւոր հանգամանք` արդյոք ԱԺ-ն, հիմք ընդունելով ՍԴ-ի որոշումը, կկայացնի՞ իր սեփական որոշումը, թե՞ հետ կկանգնի, ու որոշումը հետ կվերադառնա ՍԴ` նորից ստուգվելու համար: Ինչ վերաբերում է հանրապետության նախագահին, ի տարբերություն նախորդ երկու նախագահներիՙ Սերժ Սարգսյանը կարողացավ արտահայտել մի շատ կարեւոր հատկություն` նա լսում է, հասկանում է եւ ընդունում է որոշում, այսինքն` քաղաքական ուժերի եւ հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներից նա քաղում է կարեւոր մտքեր ու առաջարկներ, հատկապես սփյուռքի հետ կապված այդ հանդիպումների ժամանակ», նկատում է Արամ Սարգսյանը:
Միջնորդները պետք է փորձեն գոնե բազային սկզբունքներում համաձայնության բերել կողմերին: ՀԴԿ-ն չի ընդունում «մադրիդյան սկզբունքներ» հասկացությունը եւ գտնում է, որ դա պետք էլ չէ քննարկել այնպես, ինչպես, օրինակ, արձանագրությունները:
«Բայց առաջին հերթին հայերս պետք է ազատենք մեզ այն բարդույթից, որ իբր թուրքերն ամենակարող են ու ամենախորամանկը: Թուրքիան իրականում մեզնից շատ ավելի է վախենում, մենք պետք է պաշտպանենք սեփական շահերը` չնայած ծանրագույն հանգամանքներին, բանակցությունների արվեստը հենց սեփական դիրքորոշումը պաշտպանելու մեջ է: Թուրքիան, հիմա պատճառաբանելով ե՛ւ Սահմանադրական դատարանի որոշումը, ե՛ւ ղարաբաղյան հիմնահարցի խնդիրները, ձգձգելու է, հնարավոր է` նույնիսկ չվավերացնի էլ փաստաթղթերը: Անկեղծ ասած, ես դրանից վատ չեմ զգա, քանի որ մենք պարտավոր ենք պաշտպանել ազգային շահերը», ասում է Արամ Սարգսյանը:
ՀԴԿ-ն, փաստորեն, դեմ չէ արձանագրությունների վավերացմանը, բայց դա չի նշանակում, թե ամեն ինչ գոհացնում է կուսակցությանը: Օրինակ, ԱԺ-ից պահանջելու է եւս մեկ հավաստում, որ արտաքին քաղաքական օրակարգից դուրս չգան, օրինակ, Հայ դատի գաղափարախոսության հետ կապված խնդիրները, եւ ԱԺ-ն պետք է վերահաստատի, որ Հայաստանի քաղաքականությունը շարունակելու է սատարել ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
Եվ վերջում բանախոսը կանխատեսեց` 2010 թիվը շատ ծանր տարի է լինելու բոլոր տեսանկյուններով էլ, որովհետեւ եթե անգամ արտաքին քաղաքականության հետ կապված որոշ դրական բաներ կարելի է նշել, ապա ներքին խնդիրները մնացել են նույն վիճակում, եթե ոչ` ավելի վատ:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ