«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2010-01-16 | #6, 2010-01-19 | #7, 2010-01-20


ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԸ 2009-ԻՆ ԱՃԵԼ ԵՆ 3,4 ՏՈԿՈՍՈՎ

Ըստ ազգային վիճակագրական ծառայության, 2009-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գներն աճել են 3,4 տոկոսով: Միաժամանակ, նշվում է, որ պարենային ապրանքների (ներառյալ ծխախոտն ու խմիչքը) գների ինդեքսը կազմել է 99,3 տոկոս: Այսինքն, արձանագրվել է 0,7 տոկոս գնանկում: Ոչ պարենային ապրանքների գների ինդեքսը կազմել է 104,7 տոկոս: Այսինքն, գներն աճել են 4,7 տոկոսով: Ծառայությունների սակագներն ունեցել են ամենամեծ աճըՙ 10,4 տոկոս:

Պարենային ապրանքներից ամենամեծ գնաճը 2009-ի դեկտեմբերինՙ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է ձկնամթերքի, բանջարեղենի եւ մրգերի ապրանքախմբում: Օրինակՙ գլուխ սոխի գինը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել է գրեթե կրկնակի, իսկ ձկմաթերքինըՙ 33,7 տոկոսով: Կենդանական եւ բուսական յուղերի ապրանքախմբում արձանագրվել է գնանկումՙ 2,5 տոկոսով: Փոքր գնանկում է արձանագրվել հացամթերքի ապրանքախմբումՙ 2,6 տոկոսով: Անցյալ տարվա դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել է նաեւ ձվի գինըՙ 12,1 տոկոսով, իսկ մսամթերքի գինը փոքր-ինչ աճել էՙ 3,3 տոկոսով:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած մեկ այլ տեղեկատվության համաձայն, 2009-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,5 տոկոս, ինչը 0,1 տոկոսով գերազանցել է 2008-ի նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը:

Ինչ վերաբերում է վերջին 4 տարվա ընթացքում արձանագրված գների ինդեքսի փոփոխություններին, ապա 2005-ի համեմատ սպառողական գների աճը կազմել է 25,8 տոկոս, այդ թվում պարենայինՙ ապրանքներինըՙ 22,7 տոկոս, ոչ պարենային ապրանքներինըՙ 20,6 տոկոս, իսկ ծառայություններինըՙ 34,2 տոկոս:

Ավելացնենք, որ գների ինդեքսը որոշվում է նկատի ունենալով շուրջ 500 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան: Հետեւաբար, վերոնշյալ տեղեկատվությանը ծանոթանալիս հարկ է նկատի ունենալ, որ խոսքը գների միջինացված ցուցանիշների մասին է:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4