Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային գրաֆիկում առաջիկա օրերի առնչությամբ որեւէ նշում չկա նախագահի պաշտոնական կայքէջում, սակայն կարելի էր որեւէ այցելության մասին տեղեկություն ակնկալել, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով արված հայտարարության համաձայն, հավանական է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն այս շաբաթ: Թեեւ այս շաբաթ կայանալիք հանդիպման հավանականության մասին նշել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, կհանդիպեն հունվարի 25-ին Սոչիում:
Այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ զարգացումների ֆոնին հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքն ու ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված գործողությունները թերեւս առավել կարեւորված են ու կարող են անակնկալ զարգացումներ ունենալ, հատկապես որ հայաստանյան իրականության համար հանկարծակի ի հայտ եկած նորությունները կարող են վերաբերել լուրջ թեմաների, բայց չանցնել նախնական քննարկումների որեւէ փուլ:
Հունվարի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, որոնց որեւէ մանրամասնում ԱԳՆ հաղորդագրությունը չի պարունակում:
Այնուամենայնիվ, դեռեւս մի քանի օր առաջ տարածաշրջանում գտնվող ու Երեւան եւ Ստեփանակերտ այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն Լեռնային Ղարաբաղում նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը նշել էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ այս շաբաթ: «Ես տարածաշրջան եմ եկել, որպեսզի նախապատրաստեմ նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը, որը տեղի կունենա այս շաբաթ», Ստեփանակերտում հայտարարել էր ամերիկացի համանախագահը, որի խոսքերը, սակայն, որեւէ այլ հավաստում դեռ չեն ստացել:
«Ինչ վերաբերում է հանդիպմանը իմ պատրաստվելուն, ես շատ կարեւոր համարեցի գալ Ղարաբաղ նրա ղեկավարության եւ ժողովրդի կարծիքը լսելու նպատակով, եւ շատ ուրախ եմ որ այստեղ եմ», հայտարարել էր Ռոբերտ Բրադկեն ԼՂՀ-ում:
«Միացյալ Նահանգները հաստատակամորեն տրամադրված է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ առաջընթացի հասնել: Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այս տարի ԱՄՆ-ը ողջ ուժերը կներդնի, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդը ապագայում ապրի խաղաղ պայմաններում, զարգանա ու լավ կյանք ունենա», ասել էր Բրադկեն:
Ամերիկացի համանախագահը չէր մոռացել, սովորույթի համաձայն, շեշտել, թե հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է: Նշենք, որ թեեւ համանախագահը, ինչպես նաեւ Մինսկի խմբի մյուս համանախագահները բազմիցս նշել են այդ մասին, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներով հագեցած հայտարարություններ անել:
Նախորդ տարի զարկ տված ինտենսիվ հանդիպումները կարծես թե հավակնում են նույն շարունակությունն ունենալու, ամեն դեպքում, առերեւույթ տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների հաճախակիությունը պահպանելու ցանկություն ու մտադրություն կա: Սակայն հուսանք, որ հայ-թուրքական հարաբերությունների «կոծկած» բանակցությունների արդյունքի նման ղարաբաղյան հարցում էլ մի օր չեն հայտարարի, թե ինչ-որ բան են պայմանավորվել:
Ա. Հ.
Նկար 1. Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Կասպրչիկին: