«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2010-01-19 | #7, 2010-01-20 | #8, 2010-01-21


ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ԽՈՒՍԱՓԻ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀՀ Սահմանադրական դատարանի Հայաստան-Թուրքիա արձանագրությունների սահմանադրականության մասին որոշմանն ու դրան հետեւած արձագանքներին երեկ անդրադարձավ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն անընդունելի է համարում Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումն արձանագրությունների մասին` այնտեղ տեսնելով վերապահումներ ու սահմանափակումներ, թեեւ որոշման մեջ իրավական հասկացողությամբ վերապահում չկա, բայց որ կարող է սահմանափակում լինել, դա այդքան էլ սխալ չէ: Այս իմաստով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ՍԴ-ի որոշումն ավելի լավ է հասկացել, քան մեր արտգործնախարարը, սակայն Թուրքիայի հայտարարությունն իրենց պարտավորություններից խուսափելու մի փորձ է: Թուրքիան մեղադրում է Հայաստանին, բայց իրականում ինքն ընդհանրապես գործընթացը չի սկսել` հակառակ իրենց օրենսդրության, ըստ որի` Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է իր տեսակետն արտահայտեր առնվազն մինչեւ դեկտեմբերի 7-ը, բայց դա չի կատարվել: Այդքան մեկնաբանությունից կամ սահմանափակումից հետո լավ կլիներ, որ ՍԴ-ն ասերՙ փաստաթուղթն ընդհանրապես չի համապատասխանում սահմանադրությանը, բայց դե արդեն նրա հաստատումները բավական հիմք են, որպեսզի կամ ԱԺ-ն չվավերացնի, կամ եթե վավերացնելու էՙ անպայման այդ բացատրությունները մաս կազմեն վավերացման գործընթացի», «Դուպլեքս» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կիրո Մանոյանը:

Թուրքիան մինչեւ ապրիլ արձանագրությունները վավերացնելու մտադրություն չունի, եւ հիմա էլ առիթ դարձնելով ՍԴ-ի որոշումը` հնարավորություն է ստեղծում իր համար, որպեսզի խուսափի այդ պարտավորությունից:

Ըստ բանախոսի` մեր իշխանությունները պետք է չշեղվեն ՍԴ-ի ճշտած ուղղուց եւ հանկարծ չփորձեն ՍԴ-ի որոշումը նսեմացնել, իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ասում, որ կարող է Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս լինել, ապա Հայաստանի գոնե ներկայիս նախագահը որեւէ պայմանագիր, սկզբունքների համաձայնություն չի ստորագրի: Թուրքիայի ԱԳՆ-ն այս անգամ հետեւեց Հայաստանի ԱԳՆ-ի դանդաղկոտությանը, որովհետեւ ՍԴ-ի որոշումը հրապարակվեց հունվարի 12-ին, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունը` ամսի 18-ին: 6 օրը բավական շատ է, Թուրքիայի ԱԳՆ-ն այնքան ծույլ գտնվեց, որ սպասեց, մինչեւ մեր ՍԴ-ն որոշումն անգլերենի թարգմանի, եւ նոր այդ թարգմանությունից մի բան եզրակացնի: Թուրքիան իր ներկայացրած նախապայմանները փորձում է բարդել Հայաստանի վրա` ասելով,որ արձանագրությունները չեն քննարկի այնքան ժամանակ, մինչեւ Ղարաբաղի հարցում առաջընթաց չլինի:

«Այն, ինչ Թուրքիայի ԱԳՆ-ն օրերս հայտարարեց, դա մենք պետք է հայտարարած լինեինք հոկտեմբերի 11-ին, երբ իրենք հայտարարեցին, որ հարաբերությունները չեն հաստատվի, մինչեւ Ղարաբաղի հարցը չկարգավորվի, մենք այդ ժամանակ պետք է ասեինք, որ Թուրքիան արդեն խախտել է ամեն ինչ, իսկ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կեցվածքները բխում են իրենց շահերից, որի համար պետք չէ նրանց մեղադրել, բայց մենք առաջին հերթին պետք է իմանանք` որոնք են մեր շահերը եւ դրանք էլ պաշտպանենք, - նշում է Կիրո Մանոյանը,- շուտով սկսելու ենք, e mail-ային արշավ` ուղղված ԱԺ պատգամավորներին, փոխանցելու համար այն ակնկալությունը, որ այս արձանագրությունները չվավերացվեն»:

Չի բացառվում, որ այս բոլոր իրադարձություններին հաջորդի Թուրքիայի մշակած մի հնարքՙ մարտի վերջին կամ ապրիլի սկիզբին, օրինակ, իրենց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հանկարծ սկսի հարցը քննարկել` ցույց տալու համար, թե իբր գործընթացը սկսել է, բայց այդ հնարքներով պետք չէ խաբվել: Թուրքիայի համար հիմա առաջնային խնդիր չէ արձանագրությունները վավերացնելը, Թուրքիան ուզում է, արձանագրություններն օգտագործելով, Հայաստանի վրա ճնշում գործադրել, եթե նույնիսկ այսօրվա վիճակով վավերացնեն արձանագրությունները, ապա Ղարաբաղի հարցում իրենց ճնշման հնարավորությունն ինչ-որ տեղ կնվազի:

Կիրո Մանոյանն անդրադարձավ նաեւ սփյուռքում ՍԴ- ի որոշմանը հետեւած արձագանքներին.

«Սփյուռքում եւս հասկանում են` եթե պետք է արձանագրությունների մաս կազմեն ՍԴ-ի տեսակետները, ապա անհրաժեշտ է, որ դա անի ԱԺ-ն»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4