«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2010-01-19 | #7, 2010-01-20 | #8, 2010-01-21


ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերըՙ ի դեմս «Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցությունների, ընդունել են հայտարարություն Բաքվի հայերի 1990 թվականի հունվարյան ջարդերի կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Քսան տարի առաջ պաշտոնապես դեռեւս խորհրդային կոչվող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետականորեն կազմակերպվեց եւ սառնասրտորեն ի կատար ածվեց հայ բնակչության զանգվածային սպանդը: Առանձնակի դաժանությամբ սպանվեցին հազարավոր անմեղ մարդիկՙ կանայք, երեխաներ ու ծերունիներ, իսկ տասնյակ հազարավորները, մարմնական ծանր վնասվածքներ ու հոգեկան ցնցումներ կրելով, հայրենազրկվեցին եւ բռնատեղահանվեցին:

Բաքվի հունվարյան ջարդերը, փաստորեն, Արեւելյան Անդրկովկասի բնիկ եւ իրավամբ պետականակիր հայ ժողովրդի նկատմամբ 1905-1906, 1918-1920 եւ 1988-1990 թթ. իրագործված բռնությունների ու տեղահանությունների վերջին ակորդը հանդիսացան: Դա Ադրբեջանի իշխանությունների յուրօրինակ պատասխանն էր հայրենի բնօրրանում արժանապատիվ ապրելու` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ, արդարացի եւ օրինական իրավունքի, որն իրականացվեց ԽՍՀՄ իշխանությունների հանցավոր թողտվությամբ»:

Խորհրդարանի քաղաքական ուժերը վերստին դատապարտելով անցյալ դարի ողջ ընթացքում Ադրբեջանում կազմակերպված հակահայ բռնությունները, դրանք գնահատում են որպես մարդու իրավունքների եւ ազատությունների զանգվածային խախտման փաստ, այլատյացության եւ ազգային անհանդուրժողականության, էթնիկ զտումների` Ադրբեջանի պետական քաղաքականության ակնհայտ դրսեւորում, ինչպես նաեւ մարդկության դեմ պետականորեն կատարված ծանրագույն հանցագործությունՙ Ցեղասպանություն, որի համար պատասխանատվությունը, միջազգային իրավունքի համաձայն, վաղեմության ժամկետ չունի:

Շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետամուտ է լինելու Ադրբեջանում իրագործված հակահայ բոլոր բռնություններին իրավական գնահատական տալուն ու դրանց կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, խորհրդարանականները դիմում են ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին, նրա Մինսկի խմբի անդամ երկրների խորհրդարաններին`անցկացնել 1990թ. հունվարի 13-ից մինչեւ 20-ը Բաքվի հայ բնակչության դեմ իրագործված բռնությունների անաչառ հետաքննություն եւ իրավական գնահատական տալ ոճրագործության կազմակերպիչների ու իրականացնողների գործողություններին:

«Հետագա անցանկալի զարգացումներից խուսափելու համար պահանջում ենք դատապարտել եւ պատժամիջոցներ կիրառել հանցավոր պետության նկատմամբ: Դա ոչ միայն տուժողի իրավունքն է, այլեւ միջազգային ատյանների պարտավորությունը, քանի որ ցեղասպանությունը ոճիր է համայն մարդկության դեմ», ասվում է հայտարարության մեջ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4