«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2010-01-19 | #7, 2010-01-20 | #8, 2010-01-21


ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԲՀԿ-ԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐ ՉՈՒՆԻ

Օրերս փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը չբացառեց, որ կարող է հետեւել վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակին եւ դառնալ ՀՀԿ-ի անդամ: ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը փոխվարչապետի հանրապետական դառնալու հավակնությունները չմեկնաբանեց, միայն ասաց, որ դա յուրաքանչյուրի անձնական որոշման հարցն է: Հիշեցմանը, թե Գեւորգյանը արմատներով ավելի մոտ էր գտնվում ԲՀԿ-ին եւ սերտ առնչություններ է ունեցել ԲՀԿ-ի հետ, Գալստյանն ասաց. «Ես այդ արմատները չեմ տեսնում: Մամուլում արծարծվեց տեսակետ, թե Արմեն Գեւորգյանը ժամանակին ԲՀԿ-ի համամասնական ընտրացուցակում է եղել. այդպիսի բան չկա: Նա վերջին 10 տարիներին Հայաստանի պետական կառավարման համակարգում առանցքային դերակատարում է ունեցել եւ ինքն է որոշում, թե որ կուսակցությունն է իր գաղափարախոսությանն ավելի մոտ»:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններինՙ Գալստյանն ասաց, որ ՍԴ-ն իրավական գնահատական եւ մեկնաբանություն տվեց քաղաքական ուժերի մտահոգություններին: Մի շարք մտահոգություններ փարատվել են, որովհետեւ իրավականորեն երկու երկրների միջեւ հարաբերություններում գլխավորը սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն են: «Թուրքիայի փորձերըՙ հայ-թուրքականը կապել Ղարաբաղի խնդրի հետՙ կձախողվեն: Հայաստանը կարող է կարծրացնել իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, ինչն այժմ նկատվում է: Ոչ մի երրորդ ուժ չի կարող Հայաստանին ստիպել զիջումների գնալ իր համար կենսական հարցերում, իսկ Ղարաբաղի հարցը կենսական հարթության վրա է»: Խոսնակը նշեց, որ եթե Թուրքիան ձախողի գործընթացը, միջազգային լուրջ իրավական խնդիրների առաջ կկանգնի: Մինչդեռ Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների թե՛ դրական, թե՛ բացասական ելքի դեպքում շահած է դուրս գալու: «Բացասականի դեպքում ստանալու ենք հսկայական քարոզչական պաշար` Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումը միջազգային ասպարեզում ներկայացնելու համար, իսկ դրականը առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումն են»:

ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գալու մտադրություններ չունի: Դուրս գալու պատճառ կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունների կապումը Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: «Եթե դա այդպես լինի, եւ ՀՀԿ-ն այդ գիծը որդեգրի ու փաստաթուղթը ԱԺ մտցնի վավերացման համար, ապա ԲՀԿ-ն դուրս կգա»:

Գալստյանը հավաստիացրեց, որ Ծառուկյան-Հայրապետյան «պատերազմն» ավարտվել է: ԲՀԿ-ի առաջնորդին բավարարել են Ռուբեն Հայրապետյանի հրապարակային ներողությունն ու հայտարարությունը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4