Ի՞նչ տեսք ունի Նիկոլ Փաշինյանի` 7 տարով դատապարտումը կողքից. անգամ եթե այդ դատավարությունը քաղաքական ենթատեքստ ունի, Հայաստանում ընդունված գործելակերպի սովորական դրսեւորում է` դատապարտվում են սլաքավարները, իսկ ղեկավարն ու կազմակերպիչը վայելում են ազատությունը: Եթե մի պահ հետ նայենքՙ 2008 թվականի մինչմարտիմեկյան եւ բուն մարտիմեկյան դեպքերին, ապա կարելի է հիշել մի բան, որ ընդդիմության գործողությունների պատասխանատուն նախ եւ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Նա էր տաքացնում զանգվածին, նա էր հրահանգում` «հաղթել ենք, մի քիչ էլ հանրահավաքով ճնշեք` սրանք հրաժարական են տալու ու գնան»: Ու թեեւ նրա քաղաքական փորձառությունը, ինչն իսկապես պակասում է «շեֆի» հրահանգները պարզապես կատարող Նիկոլին, թույլ էր տալիս հասկանալ, որ իր ընտրազանգվածին գրգռելն ու «հաթաթա» տալը ոչ մի տեղ չեն տանում, քանի որ ուզած իշխանություն (այդ թվում` իր իշխանությունը 1996 թվականին) բոլոր լծակներն ունի պաշտպանելու իր իշխանությունը եւ գրգռված հանրահավաքայիններին, թեկուզ ամենակոշտ միջոցներով, իրենց սահմանների մեջ պահելու, այնուամենայնիվ շարունակում էր մարդկանց մղել տարատեսակ գործողությունների, մանավանդ որ որպես նախկին նախագահ չէր կարող ժամ առ ժամ տեղեկացված չլինել: Հենց թեկուզ ուժային կառույցներում իր ժամանակներից մնացած իր հավատարիմներից կիմանար ողջ ժամանակացույցը: Ստացվում է, որ նա իր ընտրազանգվածին գիտակցաբար հրահրեց ոչ օրինական գործողությունների, այսպես ասենք, ու այդ բոլորից հետո նա ազատ շրջում է, նրա հանդեպ որեւէ դատական գործընթաց չկա, իսկ նրա սովորական սլաքավարներից (լավ, կիսակայարանի պետը) մեկն, ահա, միտինգ անելու եւ բարձրախոսով խոսելու համար դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Ես չեմ հավատում, որ Հայաստանում դատարանները կարող են ինքնագլուխ այսպիսի որոշում կայացնել` «իրավական հարթություն, անկախ դատարան» եւ նման բնորոշումները նրանց համար են, ովքեր հիմքից չգիտեն երկրի կարգն ու դրվածքը: Իսկ եթե սա քաղաքական որոշման արդյունք է, ապա սա ոտնիգլուխ սխալ որոշում է, որովհետեւ արդեն մարած ընդդիմադիրների համար պայքարի նոր «ճակատ» է բացում նախ, երկրորդ` խփելու է երկրի իմիջին, քանի որ կօգտագործվի միջազգային ատյաններում ընդդեմ Հայաստանի. ի վերջո դատապարտվածը լրագրող է եւ թերթի խմբագիր, սա երբեք էլ երկրորդական չէ, երրորդ, փաստորեն իր քաղաքական գործունեության պատճառով է դատվել, մանավանդ` չորրորդ, նրանից մարտի 1-ին նախորդող իրադարձություններում հարյուր անգամ ավելի շատ դերակատար եղած Տեր-Պետրոսյանն այսօր ազատ շրջում է. սա ի՞նչ կրկնակի, կասեինք` եռակի ստանդարտ է, եւ մարմնի ո՞ր մասով է որոշում կայացրել որոշում կայացնողը: Եթե դա նրա համար է, որ վախեցնեն շրջանակների մեջ չմտնող լրագրողներին, դա չի աշխատելու, համենայն դեպս` մեր լրագրողական շրջանակում, այստեղ վաղուց իրական լրագրությունը ոչ դեր, ոչ ազդեցություն ունի` մի շարք լրագրողներ հայհոյում, իրենց լրատվամիջոցներից ամեն տեսակ կոչեր են անում, զրպարտում եւ վիրավորում են, բայց ոչ մի պատիժ չեն կրում, քանի որ պատվիրատու ու տեր ունեն: Անգամ հատուկ պատվերով «քիլլերություն» անող լրագրողներ կան, եւ այդ մասին վկայում էր ինքը, Գալուստ Սահակյանը, որ հենց երեկ ասում էր, թե յուրաքանչյուր լրագրող, նայած ո՞ր գործչի հետ է փոխհարաբերությունները լավ, ըստ դրա էլ գրում է, ընդ որում` մեր կողմից ավելացնենք, որ պատվերով (անշահ կամ շահախնդիր) վարկաբեկում եւ «սիրտ տրաքելու» կամ «մահացության» են հասցնում «իր» գործչին «թշնամի» գործիչներին, իսկ Գալուստ Սահակյանի կողմից էլ նախ մեղադրենք հենց իշխանություններին եւ հասարակությանը` այսպիսի լրատվական մշակույթ ձեւավորելու համար: Իսկ պատվերով հայհոյող կամ զրպարտող լրագրողներն անպատիժ «վայելում» են ազատությունը, քանի դեռ ողջ իշխանության դեմ չեն խոսել, իսկ Նիկոլ Փաշինյանը, որի հայացքները բնավ չեմ կիսում, ոչ միայն գրել, այլեւ բարձրախոսով է նկարագրել իր զգացմունքները հանդեպ իշխանությունը, ստացվում է` դրա համար 7 տարի նստելու է: Այս է: Նմանությունն այն է, որ մյուս տեսակի լրագրողների ե՛ւ տերերին, ե՛ւ իրենց ոչինչ չի սպառնում, իսկ Փաշինյանի դեպքում տերը, հրահանգավորողն ու ամեն ինչի բուն ոգեշնչողն ազատ է, իսկ Փաշինյանըՙ նստած: Այդքանից հետո ո՞նց կարելի է մտածել, որ Հայաստանը ճնշումների չի ենթարկվի լրագրող դատելու համար, ես զարմանում եմ: Լավ էլ կենթարկվի, ճնշումների ենթարկելու համար, էն էլ այսքան մարտահրավեր ունենալու մաջալին, ճնշման ենթարկելու բոլոր միջոցներն էլ լավ են, մանավանդ որ երբ Գ. Սահակյանն ասում է «անարդարացի ոտնձգություններ լրագրողների դեմ», սա ենթադրում է, որ արդարացի ոտնձգություններ էլ կան, եւ Նիկոլին 7 տարի նստեցնելը դրանցից մեկն է:
Իսկ եթե այդ դատավճիռն ընդդիմադիրներին անպայման պատժելու, բայց գլխավոր պատասխանատուներին ձեռքը հասցնել չկարողանալու արդյունքում է, եւ Նիկոլին նստեցնելը հարմար է համարվել այն բանի համար, որ այդպիսով կարելի է չափի բերել ե՛ւ լրագրողներին, ե՛ւ նրա վերադաս դեռեւս թպրտացող ՀԱԿ-ականներին, ապա ասենք, որ այս որոշում կայացնողների խորհրդատուները չարաչար սխալվել են` թյուրիմացության մեջ գցելով նաեւ որոշում կայացնողին: Տեր ունեցող լրագրողներին բազմիցս փրկել եւ փրկելու են իրենց «պապաները», սա հանրահայտ է, իսկ ՀԱԿ-ականները նոր թեմա ստացան իրենց «մարգարիտները շաղ տալու» համար, Ն. Փաշինյանի էլ` բոլոր դատական ատյաններով բողոքարկելու խոստումը արմատական ընդդիմության մեռած մարմինը հոգեդարձ անելու լրացուցիչ խթան կդառնա: Մնում է, որ կոլոմբիեների զեկույցում հայտնվի նաեւ «քաղաքական ենթատեքստով դատապարտված լրագրող» ձեւակերպումը: Մինչդեռ ոչ ոք չէր խանգարում, եւ այժմ չի խանգարում իշխանություններին` ճիշտ քաղաքական որոշում կայացնել: Իսկ գուցե խանգարո՞ւմ է:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ