Խոսեցին բնապահպանության եւ սփյուռքի նախարարները
Երեկ կառավարությունում սկսվեցին նախարարների հաշվետվությունները, որից հետո նրանք հանդես եկան մամուլի ասուլիսներով:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը , ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաեւ Սեւանա լճի հիմնախնդիրներին: Նա մասնավորապես նշեց, որ 2009-ին Սեւանի մակարդակը բարձրացել է 38 սմ, մաքրվել է 600 հա ափամերձ տարածք, շուրջ 300 հազար մանրաձուկ է լցվել լիճ: Իսկ նախարարության բացթողումների մասին խոսելով, նախարարը նշեց Սեւանա լճի կենսառեսուրսների պահպանության հարցը: Ըստ բնապահպանության նախարարի, նախարարության 2010-ի կարեւոր ծրագրերն են 14 համայնքների զարգացման ծրագիրը, որը ֆինանսավորվելու է գերմանական կառավարության կողմից, Սեւանա լճի մակարդակի բարձրացումը, Արարատյան դաշտի խորքային հորերի եւ ընդհանրապես ջրային տնտեսության զարգացման հարցը եւ մաքուր մեխանիզմներից Նուբարաշենի եւ Լուսակերտի աղբավայրերի մշակումը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անցյալ տարվա ամենակարեւոր իրադարձություններն իր ղեկավարած նախարարության կայացումը եւ մյուս նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքներ իրականացնելը համարեց: Ըստ սփյուռքի նախարարի, նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է 5 ուղղություններովՙ իրավական, գաղափարական, կազմակերպչական, իրավական եւ տեղեկատվական: Հրանուշ Հակոբյանը կարեւոր համարեց նաեւ հայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացման հայեցակարգը: Նրա տեղեկացմամբ, նախարարությունը, սփյուռքի հետ աշխատելիս առանձնահատուկ նշանակություն է տալիս հայապահպանման, հայրենադարձության խթանման, սփյուռքի ներուժի օգտագործման աշխատանքներին:
Հայապահպանության աշխատանքների մասին խոսելովՙ Հրանուշ Հակոբյանն առանձնացրեց ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Նա մասնավորապես հայտնեց, որ եթե մինչ նախարարության ստեղծումը սփյուռքից Հայաստան վերապատրաստման էին գալիս տարեկան 20-25 ուսուցիչներ, ապա անցյալ տարիՙ 84 ուսուցիչ: Նախարարը ներկայացրեց սփյուռքի հետ աշխատանքի բանաձեւերըՙ 1-ինըՙ ճանաչել, վստահել, գործակցել, 2-րդըՙ չմիջամտել, օժանդակել, երկխոսել, 3-րդըՙ համահայկական խնդրիներում միաբանվել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ