«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2010-01-20 | #8, 2010-01-21 | #9, 2010-01-22


ՇՔԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Անկախ Հայաստանում 19-րդ տարին արդեն այդպես էլ չի ձեւավորվում միջպետական այցելությունների լուսաբանման կուլտուրա: Այդ է պատճառը, որ արտասահմանյան երկրների ներկայացուցիչների այցը մեր երկիր, կամ մեր ղեկավարների պաշտոնական ու նույնիսկ պետական այցերը տարբեր երկրներ հասարակության աչքին վեր են ածվում «ժամանեց-մեկնեց» կամ «մեկնեց-վերադարձավ» հանդիսավոր-հանդիսանքային մի սովորական արարողության: Անգամ մամլո ասուլիսները, որոնք երբեմն կազմակերպվում են Երեւան ժամանած օտարերկրյա պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մեծ մասամբ անցնում են խիստ արարողակարգային մթնոլորտում կամ պայմաններում, որտեղ, սովորաբար, սահմանափակ հարցեր տալու «արտոնությունից» օգտվում են միայն առանձնաշնորհյալ լրատվամիջոցներՙ սովորաբար նախապես մշակված հարցաշարով... Անշուշտ, նման պարագաներում մեր պաշտոնյաները միշտ նախընտրությունը տալիս են հեռուստատեսության 2-3 րոպեանոց լուսաբանմանը, քան թերթի, ասենք, 1 էջանոց հոդվածին, «մոռանալով» (իսկ ոմանքՙ տգիտությամբ), որ հեռուստատեսությունը լայն զանգվածների համար է, իսկ տպագիր մամուլըՙ լրջորեն հետաքրքրվողների:

Վերեւում շարադրվածի ամենաթարմ օրինակը ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցն էր Եգիպտոս: Մի երկիր, որը տարածաշրջանում քաղաքական ու միջպետական հսկա նշանակություն ունի որպես արաբական 22 պետությունների առաջնորդ, Աֆրիկայի գլխավոր պետություն (Կահիրեում է գտնվում Արաբական լիգայի եւ Աֆրիկյան երկրների միության կենտրոնավայրը) եւ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության ազդեցիկ անդամ: Այդ երկիրը մեզ համար ունի մեկ այլՙ ոչ պակաս կարեւորությունՙ այժմ նոսրացած, բայց լավագույնս կազմակերպված հնագույն մի գաղութՙ իր ազգային-եկեղեցական կառույցներով, առեւտրի եւ արդյունաբերության, արվեստների, լրագրության, կուսակցական եւ պետական գործիչների հաջորդական սերունդների թողած ժառանգությամբ հարուստ: Եվ մի դեսպանատուն (Ջանիկ Զաքըրի վիլլան), որն իր շքեղության հետ մեկտեղ լավագույնս է խորհրդանշում սփյուռքի նվիրվածությունը Հայկական պետությանը:

Անշուշտ, նկատի ունենալով վերոհիշյալ եւ այլ հանգամանքները, ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցը կարեւոր էր եւ, հուսով եմ, արդյունավետ: Բայց այցը լուսաբանող լրագրողների ռեպորտաժներից ի՞նչ տպավորություն ու տեղեկություններ ստացավ մեր հանրությունը-հայկական պատվիրակության անդամների եւ եգիպտացի ղեկավարների ժպտուն դեմքեր, գիշերային Նեղոս եւ եգիպտական շոգին հերոսաբար դիմացող մի աղջնակ, բուրգերի ֆոնին արտասանված բոլորին վաղուց ծանոթ պատմություններ, ուղտեր եւ խաբեբա ուղտապաններ, Նեֆերտիտի, մումիաներ եւ փարավոններ: Իսկ «Լրաբերի» եւ «Հորիզոնի» լրագրողները տգիտության իսկական դաս տվեցին մեր ժողովրդին, երբ զարմանալի ինքնավստահ հայտարարեցին, թե Եգիպտոսի առաջին վարչապետը... Պողոս Նուբար փաշան էր: Ոչ մի խոսքՙ ըստ էության, ըստ բանակցությունների բովանդակության եւ միջպետական հարաբերության հեռանկարների: Տուրիստական ուղեւորությունՙ շքահանդեսային կոլորիտով:

Եվ դա միայն լրագրողների մեղքը չէ:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4