«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2010-01-20 | #8, 2010-01-21 | #9, 2010-01-22


ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Ֆինանսների փոխնախարար, գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի երեկ կառավարության նիստում ներկայացրած «ՀՀ պետական եւ այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման եւ վերահսկողության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխությունները նպատակ ունեն ապահովել բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների տնօրինման գործընթացի միասնականությունը եւ բարձրացնել դրանց կառավարման ու վերահսկողության արդյունավետությունը: Այդ փոփոխություններին անդրադարձավ եւ հավելյալ մեկնաբանություններ տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը :

Նշելով, որ վերջին օրերին բուռն քննարկման առարկա են դարձել արտաբյուջետային ֆոնդից պետական եկամուտների կոմիտեի տարեվերջին կատարած ծախսերը, վարչապետը հայտնեց, որ բոլոր գերատեսչությունները մինչեւ օրս իրավասություն ունեին ինքնուրույն որոշել, թե ինչ ծախսեր են իրականացնում այդ ֆոնդերից, եւ 15 տոկոսի չափով վերաբաշխում կարող էին անել: Կառավարությունն, ըստ էության, չէր կարողանում վերահսկել, թե այդ միջոցների հաշվին ի՞նչ ծախսեր են ծրագրում իրականացնել գերատեսչությունները: «Առաջին քայլը, որ մենք իրականացրինք, եւ որն իր դրական արդյունքն արդեն իսկ տալիս է, այն է, որ հրապարակային ենք դարձրել արտաբյուջետային բոլոր ծախսերը: Նույնիսկ այն ծախսերը, որոնք վրիպում են ֆինանսների նախարարության ուշադրությունից, դառնում են հանրության քննարկման առարկա: Եվ ՊԵԿ-ի այս դեպքը դրա վառ ապացույցն է», փաստեց Տիգրան Սարգսյանը: Երկրորդ հանգամանքն, ըստ նրա, այն է, որ լիազորությունների հետ պետք է բարձրացվի ֆինանսների նախարարության պատասխանատվությունը: Այսինքն, վերջինս պարտավոր է մանրակրկիտ ուսումնասիրել ծախսերի վերաբերյալ արտաբյուջետային հայտերըՙ «որքանով են դրանք բխում այս կամ այն գերատեսչության ծրագրերից եւ մեր պետության շահերից»:

Վարչապետը նաեւ նշեց, որ արտաբյուջետային ֆոնդերի ծավալները բավականին մեծ են, եւ այդ միջոցների հաշվին միլիոնավոր, միլիարդավոր դրամների ծախսեր են իրականացվում, որոնք մինչեւ օրս չեն գտնվել կառավարության պատշաճ վերահսկողության տակ: Այդ առումով նա տեղին համարեց քաղաքացիների, ինչպես նաեւ պատգամավորների մտահոգություններն ու քննադատությունը կառավարության հասցեին: «Այսուհետեւ մենք խստագույնս պետք է հետեւենք, թե ինչպես են այդ ծախսերն իրականացվում, ինչ նպատակների համար», ասաց Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ այսուհետեւ բոլոր արտաբյուջետային ֆոնդերի համար միասնական ստանդարտներ կլինեն:

Շարունակելով այս թեման, վարչապետը տեղեկացրեց, որ «շատ հաճախ արտաբյուջետային ֆոնդերից գնումներ կատարելու համար մրցույթներ են հայտարարվում, որի մասին մենք իմանում ենք մամուլից, միլիոնավոր դոլարի տենդերներ, որոնց մենք տեղյակ չենք: Հարց է ծագում` ինչպե՞ս են այդ պարտավորությունները կատարվելու, ինչպե՞ս ենք դրա տակից դուրս գալու, որովհետեւ չնայած դրանք արտաբյուջետային ֆոնդերի հաշվին են, բայց ի վերջո պետական պարտավորություններ են: Այսօրվա մեր որոշումով մենք, ըստ էության, խնդիրն ամբողջությամբ լուծում ենք»:

Ավելացնենք, որ արտաբյուջետային ֆոնդերից կատարվող ծախսերի անարդյունավետության եւ անվերահսկելիության մասին նույն ֆինանսների փոխնախարար, գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը մոտ մեկ տարի առաջ մեր տված հարցին պատասխանել է, որ այդ միջոցները նույնպես վերահսկվում են այնպես, ինչպես բյուջետային միջոցները: Այն ժամանակ նա չգիտե՞ր արտաբյուջետային ֆոնդերից կատարվող ծախսերի անվերահսկելի լինելու մասին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4