Երեկ Հայաստանի հասարակական կազմակերպությունները Հայաստանի կառավարությունից եւ Ազգային ժողովից պահանջում էին հետ կանչել «ՀԿ-ների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը` կազմակերպելով այդ օրինագծի լայն քննարկումը: Այս օրինագծի դեմ ավելի քան 100 ՀԿ է բողոքում` սա միայն Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի (CDPF) ցուցակից, ովքեր բացասական կարծիք են հայտնել օրինագծի վերաբերյալ: Ե՛վ տվյալ հիմնադրամը, ե՛ւ այլ ՀԿ-ներ ստորագրահավաք են սկսել` նրանք այդ օրինագծում վտանգ են տեսնում Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման եւ զարգացման համար, քանի որ չինովնիկական վերահսկողությունը բերելու է ժողովրդավարական գործընթացների քանդման (մեր բառը չէ, այլ այս հայտարարությունը տարածողների), որը կփոխարինվի կեղծ ժողովրդավարական գործընթացներով` հանգեցնելով նեոբոլշեւիզմի վերադարձին:
Այս առիթն օգտագործենք եւ անդրադառնանք այն օրինագծին, որը կառավարություննՙ ի դեմս արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, ներկայացրել է Ազգային ժողով, սակայն այդ հարցի ընդգրկումն ԱԺ օրակարգում անցած նոյեմբերին հետաձգվեց 90 օրով, հենց նկատի առնելով երեւի բարձրացող բողոքի ալիքը եւ համաձայնության եզրեր գտնելու նկատառումով:
Ի՞նչ է առաջարկվում փոխել այս նախագծով: Նախագծի հիմնավորման մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը բացատրվում է այն դժվարություններով, որ գործող օրենքը շատ ՀԿ-ների առաջ ստեղծում էր, վերջիններս բողոքել էին պետական մարմիններին` նաեւ փոփոխությունների առաջարկներ ներկայացնելով, այդպիսով ՀԿ-ների աշխատանքն առաջարկելով ավելի արդյունավետ դարձնել: Նախ ասենք, որ միություն բառն է հանվում օրենքի նախագծից, բայց սա անմեղ փոփոխություն է: ՀԿ-ների ղեկավարներից շատերին մտահոգում է, որ կազմակերպության բարձրագույն մարմնի հրավիրման պարբերականությունը եւս փոխելու առաջարկին գումարում են մի շարք խստացումներ. ըստ հիմնավորման հազարից ավելի անդամներ եւ մարզերում մասնաճյուղեր ունեցող կազմակերպությունները պատճառաբանում են, որ երկու տարին մեկ անգամից ոչ պակաս բարձրագույն մարմնի նիստ հրավիրելը կապված է դժվարությունների եւ ֆինանսական ծախսերի հետ, քանի որ նախքան բարձրագույն մարմնի նիստ հրավիրելը պետք է մասնաճյուղերում կազմակերպել համաժողովներ` պատվիրակներ ընտրելու եւ օրակարգ քննարկելու համար, այդ պատճառով երկու տարվա փոխարեն 4 տարին մեկ է առաջարկվում նիստ հրավիրել: Բայց այս դեպքում էլ թափանցիկություն ապահովելու համար առաջարկվում է, որ ՀԿ-ի բարձրագույն մարմնի կողմից ձեւավորված գործադիր մարմինը մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը ոչ պակաս, քան հազար տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակի կազմակերպության գործունեության եւ գույքի օգտագործման (ներառյալ ֆինանսական) վերաբերյալ տեղեկատվություն եւ դրա մեկ օրինակը ներկայացնի լիազոր մարմնին: Ահա հենց այս կետն է զայրացնում ՀԿ-ներից շատերին, որոնց ղեկավարները համարում են, թե այսպիսով կառավարությունն ուզում է վերահսկել իրենց եւ անցկացնել իր թրի տակով` սահմանափակելով իրենց ազատությունը: Տեղեկատվության մեջ պետք է նշվեն կազմակերպության բոլոր եկամուտները, դրանց ստացման աղբյուրները, կատարած ծախսերն` ըստ ուղղությունների, մեկ մլն դրամից ավելի արժողությամբ կատարած գործարքները, անդամների թիվն` ըստ ամիսների, ղեկավար մարմիններում պաշտոններ զբաղեցրած մարդկանց տվյալները: Այս տեղեկատվությանը պետք է կցվեն հարկային եւ այլ մարմիններին տրված հաշվետվությունների պատճենները, իսկ եթե կազմակերպությունն ըստ սահմանված ժամկետի դա չի անում, կամ հրապարակած տեղեկատվությոան մեջ կեղծ տվյալներ են հայտնաբերվում` կարելի կլինի արտահերթ ժողովով սխալն ուղղել, արտահերթ ժողովի պահանջ կարող է ներկայացնել տվյալ ՀԿ-ի ամեն անդամ կամ լիազորված մարմինը: Այդ եւս եթե չի արվում սահմանված ժամկետում, պահանջող կողմը կարող է դիմել դատարան: Ժամկետների մեջ տեղեկատվություն կամ հաշվետվությունների պատճեն չտրամադրելու դեպքում շահագրգիռ կողմը կարող է դիմել դատարան կամ կամ լիազոր մարմնին:
Պարզ է, որ այս կարգի փոփոխություններն իսկապես վերահսկելի են դարձնում մեր ՀԿ-ներին, որոնցից շատերն արտասահմանյան կազմակերպություններից ստանում են հսկայական դրամական միջոցներ, իսկ դրանց ծախսի մասին իրական պատկերացում նրանց կայքերում տեղադրված մեկը մեկին բռնող տեղեկատվությունից հնարավոր չէ կազմել. պարզ է, որ այդպիսի միջոցներ իրացնող ՀԿ-ները կարող են ունենալ շատ լավ վարձատրվող հաշվապահներ եւ իրավաբաններ, որոնք ֆինանսական ողջ ընթացակարգը կձեւակերպեն օրենքի սահմաններում: Սակայն ՀԿ-ների հետ աշխատած եւ ընդհանրապես նրանց աշխատանքի բնույթն ուսումնասիրած ամեն ոք գիտե, որ թղթերը մի բան են ասում, իրականությունը բոլորովին այլ է: Այլապես մի քանի հազար ՀԿ ունեցող Հայաստանում նույն երկու-երեք տասնյակ ՀԿ-ները տարեցտարի, մեծ գրանտից էլ ավելի մեծ գրանտ` չէին մսխի արտերկրի դոնորների փողերը` ժողովրդավարության պատրանք ստեղծելով, անգամ այդ պատրանքը չստեղծելով, այլ միայն խոսելով, մարդկանց բուն օգնություն ցույց տալու փոխարեն` թանկարժեք սեմինարներ, «լանչեր» ու «դինըրներ» անցկացնելով, ձեռի հետ բարձրից նայելով հասարակությանը, ում անունից խոսում են: Միայն այդ ՀԿ-ներից շատերի ղեկավարների ծախս, հագուկապ, կեցությունը դիտարկելով կարելի է տեսնել, որ նրանք ոչ թե «ժողովրդավարությունն են կայացնում, այլ իրենց բարեկեցության խնդիրն են լուծում` վատ ապրող ժողովրդի ֆոնին: Կառավարությունն էլ ուզում է իմանալ` այդ անվերահսկելի գումարներն ո՞ւր եւ ո՞ւմ գրպանն են գնում, եւ շատ «իրավապաշտպաններ» արդյո՞ք իրավապաշտպանությամբ կզբաղվեն առանց կլորիկ գումարների:
Մի կողմից` դա էլ ելք չէ, հասարակական սեկտորը չի կարելի պահել կառավարական ճնշակի տակ, առանց հասարակական ուժեղ սեկտորի պետությունը պետություն չէ, բայց մյուս կողմից էլ` ինչպես ողջ երկրում, ՀԿ սեկտորում էլ իսկական կլանային պատկեր է. կա էլիտա, որ գրպանում է ողջ դոնորական «սնունդը» եւ ոչ առանց պետության «վերեւների» հովանավորության, փշրանքներ նետելով խեղճուկրակ ՀԿ-ներին, բացի այդ` որոշ հոռացած ՀԿ-ներ, անվերջանալի սնունդը ստանալով` մշտապես գործում են ինչպես երկրում 5-րդ շարասյուն, հաճախ երկրի շահերն անտեսելով: Մի խոսքովՙ այս նախագիծը երկու երես ունի` ոլորտում հատկապես ֆինանսական հոսքերն իսկապես անվերահսկելի են, սակայն մյուս կողմից էլ, գաղափար որպես, ՀԿ սեկտորը չի կարող կառավարելի լինել պետության կողմից: Լուծումը գտնել դժվար կլինի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ. Մոռացանք մի խոսուն օրինակ բերել: Անցած տարեվերջի նախատոնական օրերին, երբ մարդիկ զբաղված էին ամանորյա խնդիրներով, բավական ՀԿ-ներ մեծ արագությամբ մի շարք սեմինարներ, կլոր սեղաններ եւ այլ միջոցառումներ կազմակերպեցին... հավանաբար չէին հասցրել ծախսել այդ տարվա գումարները: