«Լավ կլինի` մեր մամուլը պարբերաբար, գոնե ամիսը մեկ անգամ, անդրադառնա Թուրքիայի տարբեր տարածքներում քանդվող եկեղեցիների խնդրին», երեկ «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ նշեց թուրքագետ-պատմաբան Րաի Քորթոշյանը :
Հիմա կարծես թե Թուրքիայում եկեղեցիների նորոգման հարցում ինչ-որ շարժ նկատվում է:
«Անիում, օրինակ, վերականգնում էին Տիգրան Հոնենցի եկեղեցին, բայց վրաց ճարտարապետների հետ համագործակցելով եւ ըստ ամենայնի` վերականգնում էին որպես վրացական հուշարձան: Հայտնի է, որ Տիգրան Հոնենցի եկեղեցին հիմնադրված է 1215 թվականին, պատկանել է հայ քաղկեդոնական համայնքին, քանի որ հայ քաղկեդոնականները կրոնական նույնություն ունեին վրացիների հետ, դրա համար վրացիները ոչ միայն Տիգրան Հոնենցի, այլեւ Հայաստանի հյուսիսային շրջաններում գտնվող մի շարք հուշարձանների հանդեպ հավակնություններ ունեն հենց այդ պատճառով, ենթադրում եմ` եկեղեցու շինարարությունը դեռ չեն ավարտել», ասուլիսի ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ-ի նախագահ Սամվել Կարապետյանը :
Վրաստանը պետական մակարդակով հայ մշակույթի հետքը ջնջում է իր երկրի տարածքից, եւ սա արդեն տասնամյակներ շարունակ, սրա ցավալի օրինակն է Թբիլիսիի կենտրոնում գտնվող Սուրբ Նշան եկեղեցու հրդեհը: Եկեղեցին հրդեհում են գիշերը ժամը 3-ին, իսկ հաջորդ օրը վրաց մամուլը նյութ է հրատարակում` իբր հարբած մի ռուս սիգարետի մնացորդը եկեղեցու ներսն է գցել գիշերվա 3-ին: Այսօր Սուրբ Նշանը դեռ կանգուն է , բայց վերածվել է հասարակական զուգարանի, որքան էլ տարօրինակ է 100 հազար հայ համայնքի աչքի առջեւ: Հավլաբարի Կարմիր Ավետարան եկեղեցու կործանումից հետո էլ վրաց մամուլը գրում է` իբր եկեղեցին քանդվեց մեկ օր առաջ տեղի ունեցած 4 բալանոց երկրաշարժի հետեւանքով: Ի՞նչ է, երկրաշարժից անցել է մեկ օր, ու եկեղեցին նո՞ր է քանդվել, այսինքնՙ Վրաստանը ե՛ւ ոչնչացնում է, ե՛ւ հեգնում մեզ:
«Եթե հանցագործ կողմը պատասխանատվության չի ենթարկվում, օրինակ, վերցնենք Ջուղայի գերեզմանատան նախադեպը, սա արդեն մեր պասիվության հետեւանքն է. մեր արտաքին գործերի նախարարության կողմից մենք ոչ մի հետեւողականություն չտեսանք: Մենք դեռեւս չունենք հայրենաճանաչ հասարակություն, իսկ եթե մի բան չենք ճանաչում, բնականաբար դրա պահպանողը դժվար թե լինենք», նշեց Սամվել Կարապետյանը:
Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող հուշարձանների հանդեպ, որոնք մեր հարեւան 4 երկրների տարածքում կան, պետական մակարդակով վերաբերմունք չի ցուցաբերվել` նույնիսկ հաշվառման ու վավերագրման առումով:
«Վերջապես, այս տարվանից մեր կազմակերպությունն ունի հնարավորություն արդեն պետական աջակցությամբ ծրագրել շատ ավելի ծավալուն աշխատանքներ: Մեր կազմակերպությունը 40 տարվա գործունեություն ունի, եւ առաջին անգամ է, որ պետական աջակցությամբ պետք է ուսումնասիրենք պատմական Հայաստանի տարածքի հուշարձանները: Մշակույթի նախարարության միջոցով անցյալ տարի պետբյուջեով հաստատվեց մի գումար` 60 միլիոն դրամ` մեկ տարվա կտրվածքով, որով կարող ենք թե՛ գիտարշավներ կազմակերպել, թե՛ աշխատություններ հրատարակել, իսկ անցյալ տարվա վերջին կրթության ու գիտության նախարարության հովանավորությամբ մենք հրատարակեցինք «Պատմական Հայաստանի գավառները» պաստառները` նվիրված յուրաքանչյուր գավառին, որոնք կունենան բոլոր դպրոցները: Հայրենաճանաչությունը պետք է սկսվի դպրոցից», ասաց Սամվել Կարապետյանը:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ