«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների փաստաթղթի պրեամբուլան ընդհանուր ըմբռնում է գտնում կողմերի մեջ: Տարաձայնություններ պարունակող դրույթների առնչությամբ կողմերը կպատրաստեն իրենց գաղափարներն ու ձեւակերպումները` բանակցությունների հաջորդ հանդիպումներին ընդառաջ», ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի տեղեկացմամբՙ երեկ այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո:
«Քննարկվել են այն կոնկրետ առաջարկները, որոնք ներկայացրել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները», նշել է արտգործնախարարը: Լավրովի խոսքերով, կողմերը հաստատել են, որ հիմնարար սկզբունքները ներկայացնող փաստաթուղթն օգտակար է, քանի որ հնարավորություն է տալիս խոսակցությունը տանելու ոչ թե աբստրակտ, այլ կոնկրետ ձեւակերպումների միջոցով:
Լավրովի եզրակացմամբ, Սոչիում կայացած հանդիպման գլխավոր արդյունքը «պայմանավորվածությունն է, որ թեեւ կան դրույթներ, որ կողմերի անհամաձայնության առարկան են, սակայն կողմերը կպատրաստեն իրենց կոնկրետ գաղափարներն ու ձեւակերպումները, որոնք էլ կմտցվեն այդ տեքստի մեջ»:
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեւել է ավելի քան երկու ժամ: Հանդիպման վերջում նախագահներին են միացել բանակցությունների մասնակից երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը:
Լեռնադահուկային «Կրասնայա պոլյանա» համալիրում կայացած հանդիպումն ավարտելուց հետո Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները որոշել են սահել դահուկներով, իսկ Հայաստանի նախագահի այցը Սոչի հանդիպումից հետո ավարտվել է: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպել էր դեռեւս անցյալ շաբաթ Մոսկվայում:
Ինչեւէ, երեկ վերադարձից առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ուղեւորվել են Ադլերի օդանավակայան` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ բանակցությունների եւս մեկ փուլ անցկացնելու նպատակով:
Եռակողմ հանդիպում նախաձեռնողը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն է: Նախկինում ՌԴ նախագահի միջնորդությամբ նման ձեւաչափով կայացել է հինգ հանդիպում: Վերջինը կայացել էր անցած տարվա հոկտեմբերին Քիշնեւում: Իսկ 2008թ. նոյեմբերի 2-ին կայացած առաջին հանդիպման արդյունքներով ընդունվել է Մայնդորֆյան հռչակագիրը, որ կոչ էր անում կողմերին վերականգնել ժողովուրդների երկխոսությունը եւ հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական միջոցներով:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ